HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Պապյանի սպանության գործով ցուցմունքներ տվեցին վկաները

Անահիտ Բաղդասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում ապրիլի 2-ից շարունակվում է Գրիգոր Պապյանի սպանության գործով Հակոբ Թոսունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Որպես ամբաստանյալներ նիստին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ովքեր մեղադրվում էին Գրիգոր Պապյանի սպանության գործով ապացույցներ կեղծելու մեջ: 

Դատական նիստին ներկա չէին Հ. Թոսունյանի պաշտպաններ Ռ. Ղազարյանն ու Վ. Մանուկյանը, սակայն ամբաստանյալը դատավոր Դավիթ Գրիգորյանին ասաց, որ դա «չի խանգարում» դատական նիստը սկսելուն: Ապրիլի 2-ին և 3-ին դատարանը լսեց վկաներ Գարիկ Կոստանյանին, Միհրան Խոսրովյանին, Արթուր Հարությունյանին և հանգուցյալ Գրիգոր Պապյանի կնոջը՝ Քրիստինե Մինասյանին:

Տուժողի իրավահաջորդ Ք. Մինասյանը պատմեց,  որ դատավարության ընթացքում «գործը ճիշտ ուղղությամբ չէր գնում» և դատական նիստերին միայն Սահակ Սահակյանի անունն էր շոշափվում՝ չնայած այլ կասկածյալներ էլ կային: Այս մասին վկան նաև նամակ էր գրել ՀՀ նախագահին: Ամբաստանյալ Արման Ենգոյանը հարցադրումների միջոցով փորձում էր ապացուցել, որ ինքը որևէ մեկին պաշտպանելու շահագրգռվածություն չուներ «Ես որպես գործող քննիչ գործը քննել եմ օբյեկտիվ, բազմակողմանի, բայց վկան կանգնում ասում ա, որ ես գործը այլ ուղղությամբ եմ տարել»:

Ամբաստանյալ Հակոբ Թոսունյանի այն հարցին, թե ինչ կարծիք ունի վկա Նոնա Հարությունյանի մասին, Ք. Մինասյանը պատասխանեց, որ Հարությունյանին լուրջ մարդ չի համարում. «Ինձ մոտ նենց տպավորություն ա, որ ով ինչ ասի, Նոնան կանի»: Նա նաև ավելացրեց, որ չի հավատում Նոնայի՝ դեպքի վայրում գտնվելուն, քանի որ քննչական փորձարարության ընթացքում վերջինս տրվող հարցերին «կցկտուր, խառնաշփոթ պատասխաններ էր տալիս», իսկ դատախազ Էդիկ Հովսեփյանը Նոնայի հետևից գնում էր և «անընդհատ սպասում, որ երևի Նոնան մի տեղ չշեղվի, ինչ-որ մի բան սխալ չասի»: Քրիստինեին նաև հարցրել էր իր ամուսնու հագուստի գույները, վերջինս չէր իմացել, իսկ իր ամուսնու ընկերները հաստատել են, որ դեպքի վայրում կին չէր եղել:

Ամբաստանյալ Էդիկ Հովսեփյանի այն հարցին, թե վկան արդեն համոզվել է, որ նա շահագրգռված չէր որևէ մեկին, հատկապես` Թոսունյաններին պաշտպանելու հարցում, Ք. Մինասյանը պատասխանեց, որ դատաքննության ավարտից հետո նա կհայտնի իր կարծիքը: «Ես էլ ուրիշ ինչ հարց տամ, եթե տասը մարդ ա նստած... երբ Թոսունյանների ամողջ ընտանիքն ա նստել, իսկ ինքը մինչև հիմա գտնում է, որ ես շահագրգռված եմ եղել»,- վրդովված շարունակեց Է. Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Գրիգոր Պապյանը սպանվել է 2010թ. օգոստոսի 28-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանի դիմաց առաջացած վիճաբանության ժամանակ:

Ապրիլի 4-ին դատարանը պետք է լսեր  Գ. Պապյանի սպանության գործով կարևոր վկա Նոնա Հարությունյանին, սակայն վերջինս  դիմում է ներկայացրել դատարան, թե առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ:  Հիշեցնենք, որ Ն. Հարությունյանը  կեղծ ցուցմունք էր  տվել այն մասին, թե վիճաբանության ժամանակ եղել է դեպքի վայրում և տեսել, թե ինչպես է Սահակ Սահակյանը հարվածել Գրիգոր Պապյանի գլխին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 6-ին


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter