
Լոռու մարզի պտղատու այգիների 60-70 տոկոսը տուժել է ցրտահարությունից
Մեծ Այրում գյուղի բնակիչ Ժորա Շիրվանյանը վաղ առավոտյան իր տնամերձ այգում տնտղում էր պտղառու ծառերը: «Դեղձի և ծիրանի այգի ունեմ, ցուրտը ամբողջությամբ տարավ, ծիրանի ծառերս` ծաղկած, շուտահաս դեղձիները բողբոջած էին: Ծիրան 100 տոկոս չենք ունենա: Մնացածը կամ կլինի, կամ չի լինի: Աստված գիտի»,-ասաց նա:
Մեծ Այրումում ծաղկած ծիրանի, շլորի և հոնի ծառերի ծաղիկները երեկ արդեն սևացել էին: «Քեզ ոնց բացատրեմ, մենք գյուղացի մարդիկ ենք, մեր հույսը այգու վրա է դրված, որ պետք է Աստված մի բան տա, մենք էլ դրանով ապրենք: Դե էդ էլ չկա, էլ ինչ ասեմ»,- ասաց Ժորան:
Բորիկ Բուդաղյան էլ հայտնեց, որ իր այգու 165 ծառերից 9-ը ծիրանենի է, 40-ը` շուտահաս դեղձի: Բոլորը ցրտահարվել են: Տան բակի ծիրանենին էլ է ցրտահարվել. «Տարեկան կես տոննա ծիրան էր տալիս»,- ասաց Բորիկ Բուդաղյանը:
Ալլա Մեհրաբյանն ասում է, որ ցրտահարությունից վնասվել են գյուղի բոլոր ծաղկած ծառերը: Այս տարի այրումցիները ցրտահարության պատճառով չեն ունենա ծիրան, շլոր և շուտահաս դեղձ:
«Փաստը մնում է փաստ, որ գյուղի այգիներում ցրտահարություն է կատարվել, քանի որ այդ երկու օրերին Մեծ Այրումում գրանցվել է 0-ից ցածր 5 աստիճան ջերմաստիճան:Մեր գյուղի պատմության մեջ այդպիսի ջերմաստիճան և ցրտահարություն երբեւէ չի գրանցվել»,-ասաց Սահակ Նազարյանը: Վերջինս հայտնեց, որ մեծ Այրումն ունի 40 հա ֆիզիկական անձանց պատկանող այգիներ, դրանք նույնպես ցրտահարությունից վնասներ են կրել:
Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը տեղեկացրեց, որ Մեծ Այրումի 450 հա վարելահողերից 200 հա-ի վրա կատարվել են աշնանացան`ցանվել է ցորեն և գարի: «Էս ձյունը ցորենին օգուտ էր»,- ասաց գյուղապետը: Գյուղում մոտ 80-100 հա-ի վրա կատարվել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքներ: Գարնանացան արևածաղիկ և եգիպտացորեն պետք է ցանվի, որի ցանքսը սկսելը դեռ շուտ է: Գյուղացիները տնամերձերում իրենց կարտոֆիլը ցանել են: «Եթե ծլարձակումը կատարված լինի, հաստատ ցուրտը կտաներ: Բայց ցրտահարված կարտոֆիլի ծիլերը վերականգնվում են»,-վստահեցրեց գյուղապետը:
Ճոճկանում առաջին հանդիպած գյուղացին` Ռուբիկ Վարդումյանն էր: Նրա հետ զրուցեցինք ցրտահարությունից: «Միրգ ա, ծիրան ա, դեղձ ցրտահարել ա: Հենա, ծիրանին նայի, ցուրտը նաղդ տարել ա: Վազը տարել ա: Ասում են նաև բաղերում շուտահաս դեղձն է ցուրտը տարել: Իմ այգուց մի 10 դեղձի ծառ է ցուրտը տարել: Դաշտում բաց, դուզ տեղ ա, ոնց կլինի, որ ցուրտը վնաս տված չլինի: Չէ, ցուրտը մեր գեղացոնց լավ խփել ա»,- ասաց Ռուբիկ Վարդումյանը: «Իմ այգուց ցրտահարվել է ասնավնոյ հոնն ու ծիրանը»,- ասաց Հրանտ Մարտիրոսյանը:
«Մենք կոնկրետ որևէ բան չենք կարող ասել, մինչև արևները չսկսվեն, բույսերի վեգետացիան չսկսվի, նոր տեսնենք ինչ է կատարվել»,-ասաց Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը` ավելացնելով, որ նախնական տվյալներով Ճոճկանում ծիրանիները վնասվել են 100 տոկոսով, շլորը եւ հոնը` մինչև 70 տոկոս:
«Հոնը մինչև մի 5 հա-ի սահմանում է վնասվել, մենք ծաղիկը տեսնելով ենք եզրակացնում: Դեղձից մի սորտ է որոշակի վնասվել` շուտահասը: Մի 5 հա-ի սահմաններում էլ դեղձն է վնասվել: Վնասվել են խաղողի վազերի ծայրամասերը:Խաղողի շիվերի մի 30 տոկոսն է վնասված»,- հայտնեց Արկադի Թամազյանը: Ճոճկանում գյուղացիները 500 հա վրա կատարել են աշնանացան:
«Գյուղում նկատվում է ցանքաշրջանառության աճ: Նախորդ տարվա համեմատ ցանքաշրջանառությունը ավելացել է 50 հա-ով»,- հայտնեց գյուղապետը: Ճոճկանում գարնանացանը նոր է սկսվելու` ցանվելու են հիմնականում արևածաղիկ և կարտոֆիլ: Եղանակների կտրուկ փոփոխության պատճառով գարնանացանը դադարեցված է:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը հեռախոսով հայտնեց, որ գյուղում ցրտահարությունից վնասվել են ծաղկած ծառերի շուրջ 70 տոկոսը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր «Հետքին» տեղեկացրեց, որ նախնական տվյալներով ցրտահարությունից տուժել են մարզի պտղատու այգիների ծառերի 60-70 տոկոսը: «Մասնագետների կարծիքով վնասի չափը ավելի ստույգ կարող ենք իմանալ մի քանի օր արևային եղանակներ լինելուց հետո»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Մեկնաբանել