HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուսան` ռոքնռոլի աշխարհից

Նաիրա Հայրապետյան

Անգլիացի մոդել և լուսանկարիչ  Փեթի Բոյդը (Pattie Boyd) իր  ինքնակենսագրական գրքում իրեն մուսա է անվանում և դա փաստելու համար հիշատակում է մի քանի սիրերգ-բալլադներ, որոնք լիովին հիմնավորում են նրա կարծիքը: Երաժշտասերները հենց այս կնոջն են պարտական Ջորջ Հարիսոնի «Something», Էրիկ Քլեփթոնի «Layla», «Bell Bottom Blues» և «Wonderful Tonight» երգերի  համար:  Նա է ոգեշնչել այս լեգենդար անուններին ստեղծել երգեր, որոնք կարծես յուրահատուկ ստորագրություն-կնիքներ են նրանց կենսագրության էջերում:

1960-ականներին Էրիկ Քլեփթոնը խելահեղորեն սիրահարված էր Փեթի Բոյդին՝ իր ամենամոտ ընկերներից մեկի՝ Ջորջ Հարիսոնի կնոջը: Նրա զգացմունքները թեև սկզբում հնարավորինս  ամոթխած ու թաքնված, բայց միաժամանակ անհնազանդ էին, որովհետև դրանք դուրս էին սպրդում  կիթառի լարերի արանքից, դառնում ռոմանտիկ խոստումներով, ապա՝ տառապանքներով ու աղաչանքներով լեցուն նամակներ: 

Եվ ահա 1970թ.  ծնվեց «Layla»-ն (երգի անունը Քլեփթոնը վերցրել էր պարսիկ բանաստեղծ Նիզամիի «Լեյլի և Մեջնուն» պոեմից, որի դժբախտ սիրո պատմությունից խորապես տպավորվել էր):  Երգը բացահայտ սիրո խոստովանությունն էր, բայց Փեթիի հանդեպ բուռն զգացմունքները անպատասխան էին, նա նաև բոլորովին չէր անդրադառնում թախանձագին նամակներին:  Ի վերջո, երգի պրեմիերային Քլեփթոնը Հարիսոնին խոստովանեց, որ սիրում է նրա կնոջը: Երկու ընկերների հարաբերությունները կարծես թե չտուժեցին այդ խոստովանությունից, բայց այն վստահաբար իր ներդրումն ունեցավ այս պատմության հետագա ընթացքի վրա:

Փ. Բոյդը իր  «Wonderful Today: George Harrison, Eric Clapton and Me» գրքում առանձնապես շատ բան չի նշում իր բիթլյան տարիներից, որպես յուրահատուկ պատմություն, որը շրջանցած կլինեին կենսագիրները: Նա նշում է, որ Ջորջի տրամադրության վրա խորապես ազդում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում «Բիթլզի ներսում», «իսկ երբ վերադարձավ Հնդկաստանից, նա բոլորովին այլ մարդ էր՝ շատ մտախոհ, լուռ, տեղ-տեղ քմահաճ, մռայլ: Հետո Ջորջը սկսեց շատ խմել, թմրադեղեր ընդունել և ավելի հաճախ քնել իր ընկերների կանանց հետ՝ մասնավորապես Ռինգո Սթարի»,- հիշում է տիկին Բոյդը: Կնոջ քայլերը դեպի Է. Քլեփթոնի խոստացած անսահման սիրո ու ջերմության աշխարհը ինչ-որ առումով փախուստի էին նման՝ դավաճանություններով լի նախկին կյանքի խնդիրներից, մռայլ հիշողություններից: 1973թ. նա հեռացավ Հարիսոնից և տեղափոխվեց  Քլեփթոնի մոտ. նրանք ամուսնացան 1979թ, սակայն համատեղ ապրեցին 8 տարի (մինչև 1984թ.): Եվ մի երեկո ծնվեց հաջորդ հրաշալի երգը:

«Այդ երեկո մենք պետք է միասին հյուր գնայինք, և ես չէի կողմնորոշվում ինչ հագնել,- հիշում է Փեթին,- Էրիկը մի քանի ժամ առաջ արդեն պատրաստ էր, բայց համբերատար սպասում էր ինձ և ընթացքում չարաճճի աղմկում կիթառի հնչյուններով: Երբ ես վերջապես հագա զգեստը, հարցրեցի՝ «Տեսքս լա՞վ է». որպես պատասխան՝ նա սկսեց նվագել այն, ինչ հորինել էր այդ ընթացքում.

It’s late in the evening; she’s wondering what clothes to wear.

She puts on her makeup and brushes her long blonde hair

And then she asks me, “Do I look all right?”

And I say, “Yes, you look wonderful tonight”․ 

«Wonderful Tonight »–ը ամենասուր հիշողությունն է մեր հարաբերությունների լուսավոր օրերից, իսկ երբ այդ ամենը չքացավ, ինձ համար այլևս տառապանք էր այն լսելը»,- գրում է Փեթի Բոյդն իր հուշերում: Քլեփթոնի՝ տարիներ շարունակ խոստացած ու երգած մեծագույն սիրով ու ջերմությամբ պարուրված կյանքը շատ շուտով սկսեց բուրել ալկոհոլի չարաշահված հոտով, կոկաինով ու անառողջ մթնոլորտով, որի մասնակիցը դարձավ նաև, անշուշտ, հուսահատված Փեթին: Ու չնայած Քլեփթոնը շարունակում էր սիրել ու կատարումներ ձոնել նրան,  այդ անկայուն ու քայքայիչ կենսակերպը ստիպեց կնոջը սթափվել, դուրս գալ այդ մթնոլորտից, իսկ 1984թ, արդեն Քլեփթոնի հետ կառուցած կյանքից:

1991թ. կայացած համերգային մի մեծ շրջագայության մասնակիցների կազմում էին Ջ. Հաիսոնը և Է. Քլեփթոնը ևս, նրանք հանդես եկան միասին՝ կատարելով նաև «Wonderful Tonight», «Layla», ապա` «Something»  երգերը. դրանք, ինչպես նախկինում, նվիրված էին մի կնոջ՝ Փեթի Բոյդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter