
«Օրանժի» սարքած շիլափլավը
«Հետքին» է դիմել «Օրանժ» գրքի մրցանակ 2013-ի պատմվածքի ժանրում ֆեյսբուքյան ամենաշատ ձայները հավաքած Աննիկ Խաչատրյանը՝ նշելով, որ մրցույթը, թերևս, արդար է եղել մինչև եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ պատմվածքի ժանրում եզրափակիչ փուլում հայտնվել էր երեք ստեղծագործություն՝ Աննիկ Խաչատրյանի «Վերադարձը», ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը և Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը»:
«Երբ մարտի 28-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հաղթող պատմվածքի կարճ բնութագիրն էին ներկայացնում, ես վստահ էի, որ իմ պատմվածքն է: Բայց հնչեց Կռոյանի ազգանունը: Ես, ճիշտն ասած, զարմացա: Հասկանում էի, որ ինչ-որ բան այն չէ: Ես դեռ չգիտեի, որ Մհերի պատմվածքը եզրափակչում չեն քննարկել: Անմիջապես հեռացա: Իսկ երբ նույն օրը երեկոյան՝ 20:00-ին, լսեցի «Հ2»-ի լրատվականը, որի տեսագրությունը ուղարկում եմ ձեզ, որտեղ հայտարարվեց հաղթողների անունները, ուր ասվում էր, որ պատմվածքի ժանրում գլխավոր մրցանակի է արժանացել Աննիկ Խաչատրյանը, այսինքն` ես, համոզվեցի, որ անարդար խաղ է խաղացվել: Լսեցի և տեսագրեցի նաև ժամը 23:00-ի լրատվականը: Չէ՞ որ «Հ2»-ին «Օրանժն» էր տրամադրել մրցանակաբաշխության արդյունքները: Իսկական Սոդոմ-Գոմոր ստացվեց... Ամո՛թ «Օրանժին» իր սարքած շիլափլավի, իր կազմակերպած անարդար մրցույթի համար»,- գրել է Աննիկ Խաչատրյանը:
«Հետքը» զրուցեց տիկին Խաչատրյանի հետ, ով ասաց. «Եթե ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հաղթեր, այսպես չէի բորբոքվի, որովհետև նա հրաշալի պատմվածք է գրել»:
Աննիկ Խաչատրյանը մարտի 29-ին «Օրանժի» գրասենյակից պահանջել է մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի հեռախոսահամարը՝ պարզելու եղելությունը: Իրեն տրամադրել են հետևյալ հեռախոսահամարները` 095987747 և 055000555-1-3-2: Նելլի անունով աշխատակիցը տիկին Խաչատրյանին ասել է, որ իրենց մոտ որպես հաղթող գրանցված է իր անունը, որ գիրքը տպելուց հետո լրացուցիչ կտեղեկացնեն: Սակայն ապրիլի 2-ին «Օրանժի» պաշտոնական կայքում որպես հաղթող տեղադրված էր Կռոյանի ազգանունը:
«Հետքը» ևս փորձեց տեղեկատվություն ստանալ «Օրանժից», սակայն Սաթի ներկայացած աշխատակցուհին նախ խնդրի մասին զեկուցեց համապատասխան բաժին, ապա ասաց, որ մեզ հետ կկապվեն: Սակայն մինչ այս պահը որևէ պարզաբանում չենք ստացել:
Աննիկ Խաչատրյանը կարծում է, որ «Օրանժը» պատմվածքի ժանրում մրցանակաբաշխության ժամանակ թույլ տվեց 3 կոպիտ սխալ. չքննարկեց Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը, «Հ2»-ի մարտի 28-ի լրատվականում հաղթող ճանաչեց Աննիկ Խաչատրյանին «Վերադարձ» պատմվածքով, իր պաշտոնական կայքում որպես հաղթող տեղադրեց Նարինե Կռոյանի անունը:
Հիշեցնենք, որ «Օրանժի» գրքի մրցույթը ամենամյա է: Այս տարի ներկայացվել է 327 մասնակցության հայտ, որոնցից 121-ը՝ պատմվածքի, 152-ը՝ պոեզիայի, 27-ը՝ վեպ/վիպակի և 27-ը՝ հեքիաթի ժանրում:
Լուսանկարում` «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը եւ մրցույթի մոդերատոր Մկրտիչ Մաթևոսյանը
Մեկնաբանել