
Եգիպտոսում ռուսական մշակույթ քարոզողը՝ ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Եգիպտոսում ռուսական գիտությունը, կրթությունն ու լեզուն քարոզող Անդրանիկ Արզումանյանն արդեն երկու օր է՝ ղեկավարում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Նա եղել է եգիպտական Ալեքսանդրիայում Ռուսաստանի փոխհյուպատոս, միաժամանակ՝ Գիտության և կրթության ռուսական կենտրոնի ղեկավար: Արզումանյանը ՌԴ և ՀՀ քաղաքացիություն ունի:
Ռուսական տեղական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում (2011 թ. մայիսի 16) նա նշել է, որ այդ կենտրոնն իր համար, կարծես, հարազատ տուն լինի: «2005 թ.-ից ղեկավարում եմ այս կենտրոնը, մինչ այդ ես այստեղ աշխատում էի ուրիշ պոստերում, և ընդհանրապես, կարելի է ասել, որ այս կենտրոնի հետ է կապված իմ կյանքի կեսը»,- ասել է Ա. Արզումանյանը: Հարցազրույցում նա նաև նշել է, որ կենտրոնի նպատակն է զբաղվել ռուսական գիտության, կրթության քարոզչությամբ, ռուսերենի ուսուցմամբ: Բացի դրանից՝ Եգիպտոսում գործող ռուսական տան կայքն է գործում, որտեղ առաջարկում են գրանցվել, մասնակցել քննարկումներին: Իսկ այդ կայքն առաջարկում է բիզնեսի, սպորտի, առողջապահության, նույնիսկ կանանց ուղղված խորհուրդներ և տեղեկատվություն:
Օպերայի և բալետի թատրոնի ներկայիս տնօրենը 2009-ի հունվարից մինչ Հայաստան գալը եղել է «Россотрудничество» ֆեդերալ գործակալության ներկայացուցչի տեղակալը Ալեքսանդրիայում: Նրա հայրը 1985 թ. ՀԿԿ Կենտկոմի գաղափարական հարցերով քարտուղարն էր:
Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված Արզումանյանին տնօրենի պաշտոնում նշանակելը:
«Օրենքով սահմանված կարգով տնօրենների ընտրության և նշանակման համար մրցույթ է տեղի ունենում: Դա երկփուլանի մրցույթ է՝ գրավոր քննություն, այնուհետ բանավոր քննություն: Այնուհետ մրցույթում անցած թեկնածությունները ներկայացնում են նախարարին, և նախարարն իր հրամանով մեկն ու մեկին ընտրում և նշանակում է տնօրեն»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Հարցին, թե արդյոք մտավախություն չի առաջացնում այն հանգամանքը, որ Անդրանիկ Արզումանյանը Եգիպտոսում իրականացնում էր ռուսական կրթության, գիտության, լեզվի քարոզչության աշխատանքներ, իսկ այժմ ղեկավարում է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ միայն գիտության, կրթության, առաջինը՝ հենց մշակույթի քարոզով: Այո, ռուսական մշակույթի»: «Այսինքն՝ ընդունելի՞ է ազգային թատրոն ղեկավարելու համար»,- հետաքրքրվեցինք մենք: «Համենայն դեպս, ոչ մի բանի չի հակասում: Թատրոնի տնօրեն լինելը մենեջմենթի գործառույթներ է պահանջում, տնտեսագիտական, մենեջմենթի գիտելիքներ, իսկ ստեղծագործական, գեղարվեստական խնդիրները միշտ ցանկացած թատրոնում դրված են լինում այլ պատասխանատուների վրա, մասնավորապես՝ գեղարվեստական խորհուրդների, դիրիժորների, բալետ-մայստերների վրա: Այո՛, տնօրենը մեծ դերակատարություն է ունենում խաղացանկը որոշելիս, բայց դրա համար էլ ստեղծված են այն մասնագիտական կառույցները, որոնք իրենց խորհուրդներով, խաղացանկային մոտեցումներով ձևավորում են հենց այդ քաղաքականությունը՝ օպերայի ազգային ուղղվածության կամ մշակութային քաղաքականությունը»,- ասաց նա:
Մենք փորձեցինք խոսել նաև Անդրանիկ Արզումանյանի հետ, սակայն թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցն ասաց, որ նա շատ զբաղված է, ապա խոստացավ առաջիկայում կազմակերպել լրագրողների հետ հանդիպում:
Նշենք նաև, որ մրցույթի մասնակիցներից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Գագիկ Մանասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ Անդրանիկ Արզումանյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի և ԱՊՀ միջպետական մշակույթի հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Սմբատյանի (ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան) թեկնածուն է եղել, և ինքը մրցույթից 15 օր առաջ գիտեր, թե ով է նշանակվելու տնօրենի պաշտոնում:
Լուսանկարը՝ «Россотрудничество»-ի
Մեկնաբանել