HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ծուղակ ԲՀԿ-ի համա՞ր, թե՞ նախագահը գնում է զիջումների

Սերժ Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի միանձնյա որոշելու, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Դրա համար նա քաղաքական այլ ուժերի հետ կոնսուլտացիաների կարիք, իրականում, չունի: Սահամանդրական այդ նորմը հայաստանյան կառավարման և քաղաքական մշակույթի պարագայում բացարձակապես ձևական բնույթ է կրում: Այն կունենար գործնական նշանակություն, եթե նախագահը խորհրդարանում բացարձակ մեծամասնության աջակցությունը չվայելեր: Եվ չնայած դրան` նա հետաձգում է վարչապետի նշանակման հարցը մինչև սահմանադրությամբ նախատեված ժամկետի վերջին պահը` քաղաքական ուժերի հետ լրացուցիչ կոնսուլտացիաներ անցկացնելու պատճառաբանությամբ:

Այստեղ կա երկու հնարավոր տարբերակ: Առաջին` քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաները և հատկապես նրանց աջակցությամբ վարչապետի նշանակման հարցի լուծումը բխում են օբյեկտիվ անհրաժեշտությունից, և նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ բացարձակապես ձևի ետևից չի ընկնում: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը խախտվել է, նախագահը համարում է, որ իրականում չունի քաղաքական մեծամասնության աջակցությունը խորհրդարանում կամ այն իրեն չի օգնում այլևս լուծելու առանցքային քաղաքական խնդիրները: Այդպիսով նախագահը անուղղակիորեն հաստատում է, որ այս պահին խորհրդարանը լեգիտիմ չէ և չի արտացոլում հանրային վստահության իրական քվեն: Բայց այս դեպքում նա պարտավոր էր ոչ թե Կառավարության հրաժարականն ընդունել և նոր վարչապետ նշանակել, այլ ցրել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ: Սա է պահանջում դասական ժողովրդավարության և քաղաքական առողջ պրակտիկայի տրամաբանությունը: Թեև իրականում խորհրդարանը, իր քաղաքական մեծամասնությամբ հանդերձ, իսկապես լեգիտիմ չէ, սակայն ո́չ իշխանությունը և ո́չ էլ անձամբ Սերժ Սարգսյանը դա երբեք չեն խոստովանի: 

Մնում է երկրորդ տարբերակը: Այսինքն` այս կոնսուլտացիաները բխում են քաղաքական հաշվարկներից և ունեն բոլորովին այլ, տակտիկական նշանակություն: Նախագահը քաղաքական դաշտը տանում է իշխանությունն իր կողմից աստիճանաբար հանձնելու օրակարգի հարթություն և առաջարկում վարչապետի և նոր կաբինետի նշանակման հարցին մոտենալ հենց այդ տեսանկյունից:

Պատահական չէ, որ ի սկզբանե իշխանությունը վարչապետի կարգավիճակում առաջարկեց հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Իր բոլոր որակներով հանդերձ` Հովիկ Աբրահամյանը գործող Կառավարության հրաժարականը պահանջող ուժերի հետ փոխզիջումային ամենահարմար թեկնածուն էր` հաշվի առնելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած անձնական հարաբերությունների առանձնահատկությունը և նրա հետ ՀՅԴ-ի` գործադիրում աշխատանքի փորձ ունենալու հանգամանքը:

Ինքնին փոխզիջումների գնալու պատրաստակամությունը ցույց է տալիս, որ որքան էլ Սերժ Սարգսյանը ամուր և անխորտակելի է համարում իր իշխանության հիմքերը, դրանում այնքան էլ վստահ չէ և բարձր է գնահատում խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ սոցիալական պայթյունի, դրանով պայմանավորված քաղաքական ապակայունացման և արդյունքում իշխանության համար անկանխատեսելի զարգացումների հնարավորությունը: Այս ուժերին նա անուղղակի առաջարկում է պորտֆելներ ստանալ նոր Կառավարությունում, այլընտրանք կամ ընդդիմադիր լինելուց վերածվել իշխանական ուժերի և պատասխանատվություն ստանձնել նախորդ Կառավարության ձախողման հետևանքների վերացման համար: Դրանով նա միանգամից երկու հարց կլուծի: Նախ` կստեղծի այսպես կոչված ազգային համաձայնության կառավարության իմիտացիա` ցույց տալով, թե նոր Կառավարությունն առաջնորդվելու է հասարակական շահերից բխող պահանջմունքներով, այլ ոչ թե կոնյունկտուրայի շահերով: Երկրորդ` բլոկադայի կենթարկի ԲՀԿ-ին` ցույց տալով, որ այս ամբողջ ընթացքում ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ վերջինիս նախաձեռնություններն ուղղված էին զուտ պաշտոնակռվին և իշխանական կերակրատաշտից օգտվելուն: Հեղինակազրկելով ԲՀԿ-ին և գուցե նաև ՀՅԴ-ին` իշխանությունը չեզոքացնում է սոցիալական բունտի քաղաքական հիմքերը և հասնում առհասարակ ընդդիմության նկատմամբ հանրության հերթական հիասթափությանը: Իսկ դա իշխանությանը սպառնացող վտանգի չեզոքացման անհրաժեշտ պայմաններից է:

Սակայն ԲՀԿ-ն խառնեց Սերժ Սարգսյանի պլանները, որովհետև կայացրեց ոչ ստանդարտ և նախագահի համար անսպասելի որոշում, այն է` առայժմ իշխանության հետ չքննարկել նոր կոալիցիա կազմելու և գործադիրում նոր պորտֆելներ վերցնելու հարցը: Ավելին` մինչ ՀՀԿ-ի գործադիր մարմնում վերջնականապես կորոշվեր վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը, Գագիկ Ծառուկյանը հասավ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղ հանդիպմանը` հստակ ցուցադրելով ավելի արմատական դիրքեր գրավելու իր հակվածությունը: Այս հարցում Գագիկ Ծառուկյանը տակտիկական փոքրիկ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Վերջինս փորձելով էլ ավելի համոզիչ դարձնել զիջումների գնալու իր հակվածությունը, ապրիլի 10-ի առաջին կեսին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքների շուրջ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում այլևս երբևէ առաջադրվել նախագահի պաշտոնում, և նույնիսկ եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջնականապես կանգ առնի կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու տարբերակի վրա, ապա ինքը չի հավակնելու նաև գերլիազորություններով օժտվող վարչապետի պաշտոնին: Այսպիսով նախագահը փորձեց համոզել, որ իշխանությունը պահելու մտադրություն չունի, հետևաբար ներկայումս տեղի ունեցող զարգացումները հարկ է ընկալել իր հեռանալու համատեքստում: Պարզ է, որ նման հայտարարությունը չափազանց ուղղակի և լուրջ է` մտածելու համար, որ նա պարզապես ստում է` ընդդիմությանը ծուղակը գցելու համար: Մյուս կողմից, սակայն, որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ սրա տակ տեսնի նախագահի կողմից ինքնակամ հեռանալու կապիտուլյացիոն քայլ: Ըստ էության, խոսքը վերաբերում է իշխանության ժառանգորդի հարցի լուծմանը, և Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին հրավիրում է մասնակցելու այդ սահուն գործընթացին` իշխանության նկատմամբ հավակնությունից հրաժարվելը մատուցելով որպես քաղաքական դաշտին և ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ուղղված սկզբունքային զիջում:  

Սակայն փաստը, որ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը կազմակերպեց նախագահի այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո, թույլ է տալիս ենթադրել, որ  դրա տակ ԲՀԿ-ն ավելի շատ  իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի դիրքերի թուլության, իշխանության խուճապայնության, քան հանդուրժողականության նշաններ է տեսնում և փորձում է հնարավորինս մեծ դիվիդենդներ ձեռք բերել. այսինքն` կամ նախագահին ստիպել իշխանության ավելի մեծ մասը զիջել իրեն, կամ գնալ շատ ավելի հեռու` ամբողջական իշխանափոխության պահանջ ներկայացնել: Վերջին տարբերակն առայժմ խիստ անիրատեսական է թվում, որովհետև ԲՀԿ-ն չի համարձակվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հստակ պահանջ առաջադրել: Եթե նույնիսկ իշխանափոխության խնդիր էլ վերջինս դնում է իր առջև, ապա միայն ներքին, պալատական հեղաշրջման եղանակով կամ ավելի ճիշտ` պայմանավորվածությունների հիման վրա:

ԲՀԿ-ի այս ոչ ստանդարտ քայլը, որը խոսում է Ծառուկյանի` մի փոքր ինքնավստահություն ձեռք բերելու և իշխանության համար ավելի ու ավելի քիչ վերահսկելի դառնալու մասին, ստիպում է նախագահին իրավիճակին շատ ավելի լուրջ և նուրբ մոտենալ` շատ ավելի ճկուն քաղաքականություն իրականացնել: Այն կարող է ստիպել վերանայել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշումը, ինչով էլ կարող է բացատրվել վարչապետի թեկնածության հաստատման որոշումը մինչև առաջիկա երկուշաբթի հետաձգելը: Քաղաքական առևտրի մեծ «շուկա» է բացվել, և պարզ է, որ առաջիկա օրերին կուլիսներում լուրջ սակարկություններ են ընթանալու:      

 

 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածի այս մասը ճիշտ վերլուծություն չէ՝............... «Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը խախտվել է, նախագահը համարում է, որ իրականում չունի քաղաքական մեծամասնության աջակցությունը խորհրդարանում կամ այն իրեն չի օգնում այլևս լուծելու առանցքային քաղաքական խնդիրները: Այդպիսով նախագահը անուղղակիորեն հաստատում է, որ այս պահին խորհրդարանը լեգիտիմ չէ և չի արտացոլում հանրային վստահության իրական քվեն»:....................Մեծամասնություն չունենալը խորհրդարանի անլեգիտիմություն չէ:
Հեղինակ
Հարգելի պարոն Սյունի լեգիտիմությունը միայն իրավաչափութունը կամ օրինական լինելը չէ: ենթադրում եմ՝ դա նկատի ունեք: Խորհրդարանը դառնում նաև ոչ լեգիտիմ այն դեպքում, երբ այնտեղ հաստատված ուժերի հարաբերակցությունը չի արտացոլում հասարակության վստահության քվեի իրական բաշխվածությունը: Այսինքն այն, ինչ առկա է ներկայիս խորհրդարանում: Խոսքը տվյալ պարագայում վերաբերում էր այդ փաստը, ուղղակի թե անուղղակի, իշխանության կողմից խոստովանելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter