
Բարեգործական համերգ քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցելու համար
Թեքեյան մշակութային կենտրոնի դահլիճում Հայաստանի բանտերում գտնվող 14 քաղբանտարկյալների ընտանիքներն էին, քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Շանթ և ազատություն» հիմնադրամը կազմակերպել էր բարեգործական համերգ՝ Էդվարդ Զորիկյանի և Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ: Ներկայացվեց հիմնադրամի նվիրատուների միջոցներով հրատարակված Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» հոդվածների ժողովածուն: Վաճառվում էին նաև «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանի հեղինակած երկու գրքերը, Վահե Ավետյանի ստեղծագործությունը, նաև «Բարդ» ակումբի երգերի ժողովածուն՝ սկավառակով: Բոլոր գրքերի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքներին:
«Հետքի» հետ զրույցում «Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը նշեց, որ ձերբակալված և 5 ամիս կալանքի տակ գտնվող տղաներից և ոչ մեկին անձամբ չի ճանաչել. «Ֆրանսիայում մարդիկ պարբերաբար իրենց բողոքն են արտահայտում Մոլոտովի կոկտեյլներ շպրտելով, մեքենաներ այրելով, բայց նրանց տուգանում են, մի երեք ամիս էլ պահում ու վերջ: Չեն համարում, որ դա պիտի 4-7 տարվա ազատազրկում արժենա նրանց: Չեմ ամաչում ասել, եթե Լիսկայի տղայի գործը մինչև դատարան չհասավ, քննիչի կարգադրությամբ բաց թողեցին, այս մարդկանց արածն ի՞նչ էր, ուղղակի պիտի ձերբակալեին, ձերբակալեցին»,-ընդգծեց հիմնադրամի նախագահը:
Ֆելիքս Հայրապետյանի կարծիքով, Շանթն առաջին հերթին ուզում էր մարդկանց մտքերում հեղափոխություն անել: «Այդ հեղափոխությունն իմ մտքում եղավ: Պարզապես կարդալով հրապարակումները՝ զգացի, որ պետք է գործել, չէ՞ որ այդ տղամարդիկ ընտանիքների կերակրողներն են: Պատկերացրեք՝ 25 երեխա մնացել է առանց հայրական խնամքի արդեն 5 ամիս: Նրանց պետք էր աջակցություն: Մի խումբ մարդիկ, ավելի շատ երիտասարդներ, քան ես, հավաքվեցինք ու հունվարին գրանցվեց հիմնադրամը, որի նպատակը հենց քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցություն ցույց տալն է»:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ հիմա Հայաստանում տեսակների պատերազմ է. «Այսօր տեսակների անարյուն պատերազմ է ընթանում»,-ասաց ՄիքայելՀայրապետյանը:
Հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Համոզված եմ, որ տղաները քաղաքական բանտարկյալներ են: Շանթը քաղաքական ակցիա էր անում: Այսօր ես մասնակցում եմ փոքրիկ մի համերգով, մտածված տոմս չենք նախատեսել: Բոլորիս վիճակն էլ մի բան չէ, բայց բանտարկել են կերակրող ձեռքը: Նրանց ընտանիքները աջակցության կարիք ունեն»:
Քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանը, ով օրերս է ազատություն վերադարձել, ներողություն խնդրեց ներկաներից. «Կուզեի ես իրենց տեղում լինեի, իրենք ձեզ հետ լինեին»,- դիմելով քաղբանտարկյալների ընտանիքներին՝ ասաց Միսակը, ով դեռ աշխատանքի չի վերադարձել, բայց դիմել է, որ վերականգնվի նախկին աշխատավայրում: «Հետքի» հետ զրույցում նա ասաց. «Բանտում 90 տոկոսով սխալ մարդիկ են, հիմնականում՝ սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր, օրինակ, 2 կգ պղինձ են գողացել, որ ընտանիքը կերակրեն: Իսկ խոշոր հանցանք կատարողները չեն էլ բռնվում: Դուք ինձնից լավ գիտեք»:
«Շանթ և ազատություն» հիմնադրամի նվիրատուները հիմնականում Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Նվիրատվություններ կարելի է կատարել նաև առցանց՝ այցելելով հիմնադրամի կայք:
Մեկնաբանել