Մի երգի պատմություն կամ Բիլ Ուիզերս՝ այնպիսին, ինչպիսին որ կա
Songfacts.com կայքին տված հարցազրույցում աֆրո-ամերիկյան երգիչ, երգահան Բիլ Ուիզերսը (Bill Withers) պատմում է. «Ես դիտում էի «Գինու և վարդերի օրեր» ֆիլմը՝ Լի Ռեմիքի և Ջեք Լեմընի մասնակցությամբ: Նրանք այդտեղ մարմնավորում են մի հարբեցող զույգի, որը մերթ թողնում է խմելը, մերթ կրկին անցնում հին սովորությանը: Սա նման է այն բանին, որ դու կուլ ես տալիս առնետի կերակուրն ու խնդրում հավելել այն: Երբեմն մարդիկ կարոտում են այնպիսի բաներ, որոնք իրականում այդքան էլ լավ չեն եղել իրենց համար… այսպիսի մտքերով էի տարվել ֆիլմը դիտելուց հետո: Այն, և հնարավոր է իմ կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձություններ ևս, որոնց համար ես պատասխանատվություն չեմ կրում, առիթ դարձան երգը ստեղծելուն»:
Այսպես է ծնվել ինքնաթիռներ արտադրող գործարանի մի սովորական աշխատակցի՝ 31-ամյա Բիլ Ուիզերսի հանրահայտ «Ain’t No Sunshine» երգը (1971թ.), որը շատ բան փոխեց նրա կյանքում: Այն դարձավ երգչի առաջին հիթը և 1972թ. «R&B ոճի լավագույն կատարում» անվանակարգում «Գրեմմի» մրցանակ ստացավ:
Բուկերը երգերին ծանոթանալուց հետո գործի անցավ. նա ձայնագրման ստուդիա հրավիրեց առաջնակարգ այլ երաժիշտների, այդ թվում՝ հայտնի կիթառահար Սթեֆըն Սթիլզին, և ձայնագրվեց Ուիզերսի առաջին ալբոմը՝ «Just As I Am» անունով: Ապա թողարկվեց առաջին սինգլը՝ «Harlem» -ը, որի ձայնապնակի հակառակ կողմում, ի միջիայլոց, թողարկվել էր նաև «Ain’t No Sunshine» երգը: Սակայն ռադիոկայաններում DJ-ները, որպես կանոն, հնչեցնում էին հենց այս երգը, որի շնորհիվ էլ այն համարվեց երգչի դեբյուտային սինգլն ու մեծ ճանաչում ունեցավ՝ վերածվելով հիթի: Կոմպոզիցիայի մի հատվածում երգչի հայտնի նախադասություն-կրկներգն է՝«I know, I know», որտեղ այս խոսքերը հնչում են 26 անգամ: Այն ևս իր պատմությունն ունի. ասում են՝ դա շատ պատահական է ստացվել Ուիզերսի կողմից, բայց դարձավ երգի այցեքարտը: Երբ առաջին անգամ նա երգեց այդ հատվածը, մտածում էր անհրաժեշտ է խոսքեր գրել, սակայն Բուկերը խորհուրդ տվեց հենց այդպես էլ թողնել: Նույն կարծիքին էին մյուս երաժիշտները:
«Ստուդիայում ամենուրեք փորձառու երաժիշտներ էին, իսկ ես՝ գործարանի բանվոր,- հիշում է Ուիզերսը նույն հարցազրույցում,- իմ առջև նստած էր Գրեմ Նեշը, ով իմ միակ կողմնակիցն էր… մնացած բոլորը պնդում էին, որ խոսքեր պետք չեն: Նրանք բոլորն էլ ձայնագրման փորձ և արդեն լուրջ հեղինակություն ունեցող մարդիկ էին և ես՝ հասարակ բանվորս, և այս միջավայրում գործնականում բոլորովին պատահական մի մարդ, պարտավոր էի լսել նրանց: Ուրեմն երբ ասվեց «թող այդպես էլ մնա», ես հենց այդպես էլ թողեցի»:
Առաջին երաժիշտը, ով ձայնագրեց երգի քավըր տարբերակը, սաքսոֆոնահար Գրովեր Ուոշինգթոնն էր (երգի թողարկումից անմիջապես հետո), ում հետ, ի դեպ, Ուիզերսը 1981թ. թողարկեց «Just the Two of Us» երգի սինգլը:
«Երգ գրելն ինձ համար նշանակում է՝ նստած մարմինդ ես քորում և մտքովդ ինչ- որ բան է անցնում,- ասում է Բիլ Ուիզերսը,- երգեր գրելու մասին հավանաբար ավելի հաջող պատմություններ են ստեղծվում, մանավանդ դրանց ծնվելուց և տեղ հասնելուց հետո. երբեմն այդ պատմություններն ավելի խորքային են, քան երգերը:
«Երբ տարիքդ 65-ից անցնում է, դու սկսում ես փոքր-ինչ գծուծ դառնալ, իսկ իմ տարիքում կարող ենք ինձ արդեն երաշխավորված գծուծ անվանել: Երբ ավելի ջահել էի, երբեմն ինքս էլ էի պատմություններ ներկայացնում, բայց ես սովորեցի փորձել խորքը տեսնել: Ցանկացած մեկի հարցին՝ «Ինչի՞ մասին էիք մտածում, երբ գրեցիք այսպես կամ այնպես», ամենապարզ պատասխանը կլիներ. ես մտածում էի այն ամենի մասին, ինչ գրեցի»:
«Ain’t No Sunshine» երգը կատարվել է բազմաթիվ հայտնի երաժիշտների կողմից, հին ու նոր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր այն ներկայացրել են տարբեր ոճերում՝ Մայքլ Ջեքսոն (1973թ.), Փոլ Մաքքարթնի, Նիլ Դայմընդ, Ջո Կոկեր, Այզեք Հեյզ, Քեննի Ռոջերս, Թոմ Ջոնս, Նենսի Սինատրա, Սթինգ, Փրինս, Պատրիսիա Կասս և ուրիշներ: 1999թ. բրիտանական «Lighthouse Family» դուետի ձայնագրությունը նոր շունչ հաղորդեց երգին: Այդ նոր տարբերակը հնչեց նաև «Notting Hill» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Ջուլիս Ռոբերտսը և Հյու Գրանտը: Ֆիլմը ևս մեծ ներդրում ունեցավ երգի վերածնման մեջ, որի շնորհիվ այն լայն ճանաչում գտավ արդեն նոր սերնդի երաժշտասերների շրջանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել