
Ուսումնասիրություններ են սկսվել Շամլուղի փակ հանքում
«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիան» սկսել է հետազոտել ֆրանսիացիների կողմից նախկինում շահագործված Շամլուղի հին հանքերից մեկը: Հանքը ֆրանսիացիներից հետո խորհրդային իշխանությունների կողմից շահագործվել է մինչև 1930 թվականը: «Այդ հանքի շահագործումը նախկինում դադարեցվել է հանքափորների կյանքին սպառնացող վտանգների պատճառով»,- հայտնեց Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը: Ըստ վերջինիս` հանքում պղնձի պաշարներ են մնացել: Ապրլի 8-ին՝ մեր այցելության օրը, փակ հանքավայրի մուտքի առաջ թափված էին փտած փայտի ամրակապեր:
«Ներսում հանքափորներ են աշխատում: Այս հանքից դեռ հանքաքար չենք հանում, այն նախապատրաստում ենք շահագործման համար: Ֆրանսիացիներից ժառանգություն մնացած հանք է, հին փորվածք է, շատ շուտվա: Փայտե հին ամրակապերը փոխարինում ենք նորերով, այնտեղ աշխատելու անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց ամրակապերի մոտ կանգնած տղամարդը: Նա ներկայացավ հանքի վերաբացման աշխատանքների պատասխանատու, բայց հրաժարվեց հայտնել իր ազգանունը:
«Ինչ պարտադիր է ազգանունս,- ասաց նա և հավելեց,- ես էլ նոր մարդ եմ այստեղ: Հիմա որ հանքում գնում ենք առաջ, ուսումնասիրում ենք հանքաքար կա, թե չկա, ֆրանսիացիները հանքաքար թողել են, թե չեն թողել: Մեր հիմնական նպատակն է պարզել, թե ինչքան են թողել»:
Ախթալա- Շամլուղ միջհամայնքային ճանապարհաեզրերին «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան» տարիներ շարունակ թափում է Շամլուղի բաց հանքավայրի ապարներն ու թափոնները: Դրանք հսկա լցակույտեր են, որոնք սելավների դեպքում կարող են դառնալ վտանգավոր սողանքեր `աղետալի հետևանքներ ստեղծելով մինջհամայնքային ճանապարի և երթևեկող ավտոմեքենաների համար: Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի բարձրադիր լանջերին հանքային ապարների հսկա կուտակումները երբեք չեն հայտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում:
«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիային» պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տարիներ շարունակ արտադրական թափոններով և բաց հանքի արտանետումներով աղտոտում է Շամլուղի շրջակա միջավայրը: Խորհրդային տարիներից կոմբինտին ժառանգություն մնացած Շամլուղի մանկապարտեզի և մշակույթի տան շենքերը և այդպես էլ չեն տրամադրվում համայնքի օգտագործմանը:
«Համայնքի աղքատ բյուջեին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը վճարում է մոտ 950 հազար դրամ հողի վարձակալության հարկ և 120 հազար դրամ գույքահարկ»,- ասում է քաղաքապետ Լ. Բեժանյանը: Վերջինս նաև հայտնում է , որ ԼՀԿ –ն իր ծանր փոխադրամիջոցներով թեև վնասում է նաև Շամլուղի ճանապարհները, սակայն դրանց հարկերը վճարում է միայն իր գրանցման վայրին ` Ախթալայի համայնքին: Շամլուղի համայնքի բյուջեն, ի տարբերություն Ախթալա համայնքի, չի ստանում նաև բնապահպանական սուբվենցիաներ:
Հիշեցնենք, որ «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիան» «Ապառաժ» ՍՊԸ –ին ունեցած 1.2 մլն. դոլար պարտքի դիմաց կառավարումը հանձնել է վերջինիս: Ախթալայում և Շամլուղում լուրեր են շրջանառվում, որ ԼՀԿ-ի իրական սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է:
Մեկնաբանել