
Հասարակական սեկտորի ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
«Անկախության համար կռիվը ոչ միայն չի եղել, այլև դեռ չի սկսվել»,- հայտարարեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր Գործընկերություն հանուն բաց հասարակության կազմակերպած հանրային հանդիպման ժամանակ, որը կրում էր «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագիրը: Հանդիպումը նպատակ ուներ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ վերհանել պետության և հասարակութան այսօրվա խնդիրները և փորձել դրանց լուծման տարբերակներն առաջարկել:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող բանախոսները համակարծիք էին, որ 23 տարվա անկախությունից հետո այսօր հայերը կանգնած են ինքնությունն ու պետականությունը կորցնելու վտանգի առջև: «Տարիների ընթացքում հայ ժողովրդի մեջ սերմանվել է հնազանդվելու և այլ ուժի ապավինելու հոգեբանությունը, ինչը հանգեցրել է ժողովրդի դիմադրության անկման: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոտրվեց այդ հոգեբանությունը, սակայն դրանից հետո իշխանության եկած ուժերի քաղաքականության արդյունքը հանգեցրեց միայն ժողովրդի հիասթափության»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իսկ Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են ընդունել ցանկացած որոշում, ինչի ապացույցը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է: Դա ոչ թե ՀՀ-ի, այլ մեկ անհատի` Սերժ Սարգսյանի որոշումն է եղել:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` ՌԴ-ն իր քաղաքականությունն է վարում, սակայն ՀՀ-ի իշխանություններն են, որ պետք է ճիշտ արձագանքեն առկա մարտահրավերներին: Այսօր ՌԴ-ն հեշտացրել է քաղաքացիություն ստանալու ռեժիմը, ինչը հանգեցնում է ոչ թե արտագաղթի, այլ էվակուացիայի: Նա համոզված է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ՀՀ կառավարությունը գոնե հետաձգի Մաքսային միությանն անդամակցությունը:
«Իրական իշխանափոխություն Հայաստանում այդպես էլ տեղի չի ունեցել. իշխանություն չի ձևավորվել», - հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով` հասարակությունը, չմասնակցելով հասարակական և պետական խնդիրների լուծմանը, իրեն օտարել է այդ հնարավորությունից: Այս դեպքում, արտաքին մարտահրավերների մասին խոսելիս, պետք է նախ և առաջ դիտարկել ներքին խնդիրները:
«Ասում ենք, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, բայց ոչ թե հնագույն ենք, այլ հնացած, - ասաց Ա. Սաքունցը: - Հղում ենք անում քաղաքակրթության արխիվներին, բայց ինքներս ենք արխիվանում»:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ Հայաստանում ձևավորված չէ քաղաքացիական հասարակությունը, բայց պետք է հասկանալ դրա պատճառները: Ժողովրդավարական արժեքները իսկապես արժեք են դառնում, երբ հասարակությունն է դառնում դրա կրողը: Այնինչ, Ռ. Բաբայանը համոզված է, որ հայ հասարակությունը պատրաստ է լավ ապրելու համար զոհել ամեն ինչ: Նա խորհրդանշական համարեց Հովհ. Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը, որն ազգային հոգեբանության տիպիկ դրսևորում է. կկուն երեւակայակն կացնի վախից զոհում է իր ձագերին: «Մենք պետք է հաղթահարենք այն ներքին վախը, որը ստիպում է զիջումների գնալ: Դրա համար անհրաժեշտ է ոչ թե անընդհատ քարոզչությամբ զբաղվել, այլ ժողովրդին լուսավորել»,- ասաց արվեստագետը: Ռ. Բաբայանը համոզված է, որ կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման դեմ մեծ բազմություն դուրս եկավ, որովհետև դա անմիջականորեն առնչվում էր մարդկանց անձնական շահին: «Բայց կարիք կա մարդկանց բացատրել, որ այսօրվա սոցիալ-քաղաքական իրավիճակը նույնչափ կապված է յուրաքանչյուրիս անձնական շահի հետ»,- ասաց արվեստագետը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ պետք է մոբիլիզացնել հասարակությունը, բայց հասարակության տարբեր շերտերը չեն կարողանում միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել: Ընդ որում, որքան կրթված է մարդը Հայաստանում, այնքան նրա հետ համաձայնության գալն ավելի դժվար է: Նա առաջարկում է ձևավորել հանրային օրակարգ, որովհետև այսօր հասարակությունը պատրաստ չէ կազմակերպվել:
Քննարկման մասնակիցները համոզված էին, որ սոցիալ-քաղաքական ոլորտի հարցերը արդյունավետ քննարկելու համար պետք է կարգավորել մասնավորապես հեռուստատեսությունների հարցը: Մինչ օրս դրանք հանդիսանում են իշխանությունների քարոզչական գործիքը. ազդում են հասարակական կարծիքի վրա` չարտացոլելով իրականության ամբողջական պատկերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել