
«11 տարի առաջ դատապարտեցին պատահական զոհի»
«Հետքը» զրուցեց 11 տարի առաջ շարքային զինվոր, ներկայում՝ ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվթչյանի փաստաբան Սամվել Միրզոյանի հետ. «Լավ եմ հիշում այդ երեխայի դեպքը: Այո՛, երեխայի, քանի որ 18-ը նոր էր լրացել, մոտ 3 ամսվա զինծառայող էր: Էմիլի ինքնախոստովանական, ինքնազրպարտչական ցուցմունքը կորզվել էր դեռ գործով վկա եղած ժամանակ: Երբ ես դարձա նրա պաշտպանը, Էմիլն ինձ պատմեց, թե ինչպես են զինդատախազության քննիչները դա արել. ձեռքերը կապել են մարտկոցից ու տուրուդմփոց արել: Նախկինում Տավուշի մարզի զինդադախազությունը փայտի տնակի մեջ էր: Մինչև անգամ երբ փայտե պատից այն կողմ մյուս զինծառայողին ծեծել են, Էմիլը այս կողմում, զնդանահարված մարտկոցի վրա, ամեն ինչ լսել է: Իրենք հաստատ գիտեին, որ Էմիլը չէ, բայց դատեցին: Էմիլին պարզապես դատեցին, որ տակից դուրս գային, զինդատախազությունից ասում էին` բա չդատե՞նք, ախր զոհեր կան, ախր բողոքները շատ են: Սակայն մինչև անգամ սպանված տղաների հայրը վստահ էր, որ Էմիլը չէ իր որդիների սպանողը: Նա տեսնում էր, թե ինչ է կատարվում դատարանում: 80 օրվա ծառայող, 18 տարեկան տղան, ով վախենում էր ինքնաձիգի կրակոցից, չէր կարող երեք մարդու դիպուկ կրակել, այն էլ՝ նշան բռնելով գլխին: Դա բացառված է: Ավելի շուտ պատժադատություն արեցին, քան արդարադատություն: Էմիլը պատահական զոհ է: 11 տարի առաջ դատապարտեցին պատահական զոհի»:
Քրեական գործի նյութերում կան վկայություններ, որ զորամասում զբաղվել են թղթախաղով, որ որոշ զինվորներ նույնիսկ գրավադրված իրեր են ունեցել մոտակա գրավատանը, սակայն այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Նախաքննությունը կառուցվել է մեկ վարկածի՝ Էմիլ Չիվթչյանի 50 ԱՄՆ դոլարի ու նրա արձակուրդի շուրջ ծագած խնդրի վրա: Փաստաբան Սամվել Միրզոյանը սա էական բացթողում է համարում, ինչին անդրադարձել է նաև իր ճառում:
3 զինվորների սպանությունը տեղի է ունեցել 7 քմ-անոց սենյակում: Երեք մահճակալ դրված է եղել ռուսերեն П տառի տեսքով: Ըստ գործի նյութերի` երբ Էմիլ Չիվթչյանն ու գործով մյուս մեղադրյալը (դարձյալ ցմահ է դատապարտվել) 2003թ. օգոստոսի 5-ին, գիշերը ժամը 3:30 եկել են Վանաձորի X զորամասի իրերի պահեստի փայտե տնակ՝ 50 ԱՄՆ դոլարի ու ձախողված արձակուրդի պարզաբանման համար, դուռը բացել է Լևոն Բարսեղյանը (սպանված եղբայրներից մեկը): Տնակի ներսում վեճ է սկսվել Արման Դավթյանի (կրտսեր սերժանտն է, ով 50 դոլարի դիմաց պետք է դասավորեր Էմիլի արձակուրդը) ու Էմիլի միջև, բայց այդ ընթացքում Լևոնը դարձյալ խոր քուն է մտել, իսկ նրա եղբայրը՝ Համլետը, չի արթնացել: «Ինչպե՞ս կարող է 7 քմ-անոց սենյակում վեճ լինել ու կողքի կիպ կպած 2 մահճակալներին քնած մարդիկ չարթնանան: Հարց է, որ մնացել է չփարատված: Եվ այսպես` տասնյակ անպատասխան հարցեր են մնացել օդում կախված: Բայց դատարանը մարդուն դատապարտելուց առաջ պետք է անպատասխան մնացած հարց չթողնի»,- ասում է փաստաբան Միրզոյանը:
Ըստ մեղադրանքի` Էմիլը վեճի ժամանակ կրակել է Արմանին, հետո նաև` քնած եղբայրներ Լևոնին ու Համլետին՝ իբր վկաներ չթողնելու համար:
Ըստ դիակների դատաբժշկական եզրակացությունների արդյունքների` երեք զինծառայողների հրազենային վնասվածքները հիմնականում գլխի շրջանում են և վկայում են դիպուկ կրակողի մասին: Սակայն գործի նյութերում առկա են վկայություններ, որ Էմիլը մեկ անգամ է զորամասում կրակած եղել: Կան վկայություններ, որ նա այնպես էր վախենում կրակոցներից, որ երբ կրակում էին, փակում էր աչքերը: Ինքնախոստովանական ցուցմունքում ևս նա նշել է, թե կրակելիս հուզված փակել է աչքերը: Սակայն ինչպե՞ս է պատահել, որ դիպուկ կրակոցները կպել են երեք զինծառայողների հենց գլխային շրջանին: Այս հարցադրումները արել է նաև փաստաբան Սամվել Միրզոյանը, սակայն որևէ պատասխան նախաքննական մարմինը չի տվել:
Բացի այդ, գործում կան լուսանկարներ, որոնք վկայում են, որ տնակից դուրս հայտնաբերվել են փամփուշտներ, զինվորական ամառային վերնաշապիկ, սակայն որևէ կերպ չի պարզաբանվել, որ եթե վեճը եղել է 7 քմ-անոց փայտե սենյակում, ինչու է այդ ամենը տնակից դուրս գտնվել:
Այժմ քրեական գործի ուսումնասիրությամբ զբաղվում է փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Դավթյանը: Էմիլ Չիվթչյանի մայրը՝ տիկին Վարսենիկը, մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք չի կորցնում հույսը, որ մի օր դուռ կբացվի, կապացուցվի, որ տղան պատահական զոհ է դարձել այս ողբերգական պատմության մեջ: Այդ հույսով էլ գործը հանձնել է փաստաբան Դավթյանին, ով «Հետքին» ասաց. «11 տարի անց, երբ վաղուց կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, քրեական գործի վերանայման միակ հիմքը մնում է նոր երևան եկած հանգամանքը: Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը՝ առանձնացրել եմ խախտումներ ու բացթողումներ: Ցանկանում եմ հանդիպել ու զրուցել նաև Էմիլի հետ: Հնարավոր է` մենք գործ ունենանք նոր երևան եկած հանգամանքի հետ»:նվել, որ եթե վեճը եղել է 7 քմ-անոց փայտե սենյակում, ինչու է այդ ամենը տնակից դուրս գտնվել:
Հ.Գ. «Հետքը» ևս դիմել է ԱՆ ՔԿՎ պետին՝ ցմահ դատապարտյալ, նախկին շարքային Էմիլ Չիվթչյանի հետ «Նուբարաշենի» բանտում հարցազրույց վարելու թույլտվություն ստանալու համար: Համաձայնության դեպքում կներկայացնենք Էմիլի հետ մեր զրույցը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել