HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Սյուրռեալիստական ուրախ «Փուշը»

Մեր արվեստում այսօր մի հետաքրքիր միտում է նկատվում` մտահոգիչ, անգամ սարսափեցնող շատ հարցեր չափազանց ուրախ ձեւով են մատուցվում: Մենք կարծես միշտ դուրս ենք մնում արվեստի համատեքստից, եւ դա մեզ ոչ թե զգաստացնում, այլ զվարճացնում է: Մեր իսկ ջանքերով ու փողերով ստեղծված արվեստի սպառումը մեզ համար այլ ելք չի թողնում:

Միանգամայն սյուրռեալիստական այս իրականությունում հայկական կինոն (համենայնդեպս այն, ինչ արտադրվում է միայն պետական աջակցությամբ եւ միայն Մշակույթի նախարարության ֆիլտրերով է անցնում) իրեն շատ հարմարավետ է զգում:

Մեզ մոտ ձեւավորվել է կինոյի մի տեսակ, որը ոչ մեկին պատասխանատու չէ, եւ հենց իր ոչ օրգանական եւ ժամանակավրեպ լինելու պատճառով կտրվում է հողից, օդ սավառնում եւ հայտնվում բնազդային ուրախության տիրույթում:

«Փուշը» նոր գեղարվեստական ֆիլմը հենց նման ուրախ աշխատանքներից է, որի հասցեատերը դատարկությունն է: Եվ քանի որ այդ ֆիլմը լրջության հավակնություն ունի, նրա առաջացրած ուրախությունը ձեռք է բերում տարերային, անգամ` նախաստեղծ բնույթ: Սա այն ֆիլմերից է, որը կարող էր անցյալ դարի 60-ականներին դիտարկվել որպես ոչ շատ հաջող էքսպերիմենտ, բայց հիմա այն առանց ծիծաղի պարզապես չի դիտվի:

Մահվան ու կյանքի հավերժ հարցերի վիզուալացումը «Փուշը» ֆիլմում կատարվում է կինոյի պատմությանը հայտնի գրեթե բոլոր շտամպներով, ընդ որում` հայտնի 1960-1980 թվականներին: Ռեժիսոր Սուրեն Բաբայանի համար կարծես գոյություն չունի ժամանակակից կինոն իր խիտ պատումով, սյուժետային տրամաբանական կապակցումներով, արագ մոնտաժով, 21-րդ դարում յուրացված հնարքներով: Սուրեն Բաբայանն առաջարկում է մի կինոլեզու, որն անդառնալիորեն հնացել է:

Այդ լեզվով կարելի է պատմել միայն զառանցանքը, բայց ոչ` ճակատագիրը: Ցանկացած ճակատագիր եզակի է, իսկ այս կինոլեզուն, տասներորդ-քսաներորդ անգամ գործի դրվելով, պատմություն պատմելու ներուժ այլեւս չունի: Դա դատարկության լեզուն է:

Այն փաստը, որ որպես ֆիլմի գրական հիմք ընտրվել է Լեւոն Խեչոյանի «Շաբաթ-կիրակի» պատմվածքը, էլ́ ավելի է ընդգծում ֆիլմի խնդիրը:
Սա այն դեպքն է, երբ մահ ցուցադրելու համար պետք է կարողանալ կյանք պատմել: Այսինքն` կոնկրետից (մանրից, իրականից, շոշափելիից) հասնել վերացականին (ամբողջականին, զգայականին, անպատմելիին):

Լեւոն Խեչոյանի պատմվածքը կյանքի մասին է: Հոգեվարքի երկու օրերը, որոնք ապրում է մահվան շունչը զգացող մարտիկը, այն ճանապարհն է, որը հաշտեցնում է մարդուն ընդամենը մեկ փոքրիկ ավազահատիկ դառնալու շարունակականության հետ: Այսինքն, ապրելու` ընդունելով, որ միլիարդավոր հատիկներից մեկն ես, շատ մանր ու բոլորին նման:

Իհարկե, նման տիեզերական ուղերձ փոխանցելը բարդ խնդիր է (թերեւս, հենց այդ բարդությունը ընդգծելու համար էլ Լեւոն Խեչոյանը դիմել է այլմոլորակայինների օգնությանը): Բայց այդ նույնը կինոյում առանց զարգացող սցենարական հավելումների, միայն պայմանականություններով պատմելու փորձն ի սկզբանե անհաջողության է դատապարտված:

Եթե կյանք պատմելու մտադրություն չունես, մնում է միայն ծամծմել մահվան սիմվոլիկան, ինչն էլ անդադար արվում է մեկ ժամ տեւողություն ունեցող այս ֆիլմում: Սուրեն Բաբայանի սյուրռեալիստական արվեստի ուժը հարվածում է հանդիսատեսին հենց առաջին կադրերից ու մինչեւ վերջին կադրը բաց չի թողնում: Արվեստն, ընդհանրապես, հզոր զենք է, մանավանդ նման կարկառուն-հոգեվերլուծական կինոարվեստը, որի ամեն ծակուծուկից հանդիսատեսին աչքով են անում շտամպերը:

Օրինակ` մահը շիկացող ու մարող լամպի տեսք է ստանում (վերջ, հանգեց), իսկ ապրելու ցանկությունը պատկերվում է ծառս լինող ձիու տեսքով (ֆիլմում ձին երեք անգամ է ծառս լինում, որ կասկած չմնա): Հավերժությունը բացատում տեղադրված ռոյալի տեսք է ստանում ու սկսում առանց մարդկային հպումների նվագել սքանչելի երաժշտություն: Ընդ որում` ինքն իրեն նվագող ռոյալը որոշ ժամանակ անց պայթում է (էլ ի՞նչ ռոյալ, եթե չի «կրակում»), բայց անգամ պայթելուց հետո ստեղնաշարի բեկորները (գուշակեք մեկ անգամից)… չեն դադարում երաժշտություն արտաբերել:

Հազար անգամ կիրառված վիզուալ հնարքների ըմբոշխնումն, անկասկած, այս ֆիլմի արժանիքն է: Չկա սյուժե, չկա պատմություն, միայն ցաքուցրիվ պատկերների սողանք է: Այսպես ասած` անգիտակցականի հոսք:

Ֆիլմում առատորեն օգտագործվում են երկաթգծային ամայի կառույցներն ու շչակների հնչյունները, չրխկացող ռելսերը, արյան հոսող շիթերն ու ծորացող կաթիլները: Արյունը ծորում է նաեւ ռոյալի ստեղնաշարի վրա (միգուցե դրա՞ շնորհիվ է երաժշտական գործիքը մոգական ուժ ձեռք բերում ու, հոգեվարք ապրելով, իր կարապի երգը երգում): Արյան մեջ է թաթախվում նաեւ թռչունը:

Պատկերացրեք, ասենք, որ նպատակ կա ոչ պակաս, ոչ ավել` կյանքի ունայնությունը ցույց տալ: Ու միանգամից մտքում ծագում են պտտվող հոլը, շրջած հեծանվի անիվի անպտուղ պտույտը, կամ էլ, ասենք, փայտե ձին: Չեք հավատա. հենց այդ մասին մտածեցիք, այդ պատկերները կտեսնենք ֆիլմում:

Լեւոն Խեչոյանի հերոսին այցի եկած երեւակայական այլմոլորակայիններին Սուրեն Բաբայանը դարձնում է նաեւ հրեշտակներ`սեւ ու սպիտակ, իսկական փետրավոր թեւերով (ի՞նչ խնդիր, երկու էակներն էլ երկնքից են), հետո, չբավարարվելով դրանով, նաեւ թիթեռների թեւեր է կպցնում: Սեւ հրեշտակը մոտենում է հերոսին ու դանդաղ, դիվային ժպիտով նրա կրծքավանդակից հանում սիրտն ու նետում հողի վրա: Սիրտը դեռ բաբախում է, արյունը ծորում է մատներից, թնդում է օպերային արիան: Չէ՞ որ սիրտը հողի վրա բաբախում է միայն դասական երաժշտությամբ ու սեւ ոգի ունեցող այլմոլորակայինի հայացքի ներքո: Մի խոսքով, շատ ուրախ է:

Ֆիլմի հեղինակին կարծես հյուր են եկել տարբեր դասական ռեժիսորներ ու նկարիչներ ու մի քանի խոսք շշնջացել նրա ականջին: Եկել է Բունյուելը, հետո` Փարաջանովը, Ալան Փարքերը, մի քանի վայրկյանով եկել-գնացել է Ալմոդովարը, եկել ու երկար մնացել է Դալին: Էլի մարդիկ են եկել ու գնացել:

Համարձակվենք ենթադրել, որ ռեժիսորը գոհ է հատկապես իր ֆիլմի ձայնային պարտիտուրայից: Երաժշտական ընտրանին նույնքան բազմազան է, որքան վիզուալ սիմվոլները` Բիթլզ, Կոմիտաս, 1980-ականների հունական էստրադա, օպերա, նոկտյուրն: Հոսքը շարունակվում է:

Կինոկենտրոնի կայքում ֆիլմը բնութագրվում է որպես դրամա-ֆարս:  Իսկապես, սա եւ́ մեծ դրամա է, եւ́ մեծ ֆարս:

Կերպարներին կենդանության նշույլից, միջավայրից ու նախապատմությունից զրկելն ու միայն ֆիկցիա դարձնելն, իրոք, դրամա է: Բայց դա ստեղծագործողի դրաման է, եւ հենց դա կարող էր ֆիլմի նյութ լինել: Ցավոք, նման ֆիլմ «Սուրեն Բաբայան» անունով մոլորակում չես գտնի, այդ մոլորակում բնակվում է դեմքի լուրջ արտահայտությամբ պատմված ֆարսը, որի միակ ու հավատարիմ հանդիսատեսը հենց Սուրեն Բաբայանն է:

Իսկ այն քաջերին, որոնք կուզեն այս ֆիլմը դիտել, մնում է զինվել հոգեվարքին համապատասխան տրամադրությամբ ու ընկերական միջավայրում հաճույք ստանալ`վերլուծելով պայմանականությունների ու շտամպերի կույտերը: Շատ օգտակար գործ է ցանկացած իրավիճակում:

Լուսանկարը՝ Կինոկենտրոնի կայքից

 

Մեկնաբանություններ (1)

KINISER
Lurj hodvats, xorunk verlutsutyun yev xelatsi hexinak!!! Kezzeq Nune!!! Chgitem jahel eq, te voch, bayts lav apaga piti unenaq, yete naxandznere chxangaren, avax, inchpes misht linum e Hayastanum...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter