HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհրդի անդամը Շանթի հետ ձերբակալված տղաների մեջ է

«Հետքը» շարունակում է ներկայացնել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված ու 5 ամիս կալանքի տակ գտնվող 14 քաղաքացիների մասին հոդվածաշարը: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ արժեքների կրողներ են, ի՞նչ ընտանիքներում են մեծացել:

«Հետքն» այս անգամ կպատմի Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «Արծվաբույն» հիմնադրամի նախագահ, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Հանրային խորհրդի անդամ, 41-ամյա Հայկ Հարությունյանի մասին: «Հայկի մտահոգությունը, սկսած պատանեկան տարիներից, եղել է հայի ինքնությունը, հայի հզորացումը, հայի տեսակի պահպանումը: Երևի դա է նաև պատճառը, որ մինչ օրս չի կազմել սեփական ընտանիք»,-ասում է Հայկի մայրը՝ 45 տարվա մանկավարժ Լաուրա Պետրոսյանը` ցույց տալով որդու նկարներն ու պատվոգրերը:

Հայկ Հարությունյանը երիտասարդական «Կամք» միության, նաև Հանրային խորհրդի անդամ է: Հանրային խորհրդում մինչ ձերբակալվելը Հայկը զբաղվել է ազատամարտիկների խնդիրներով՝ Կոմանդոսի և խորհրդի մյուս անդամների հետ: Ընդգրկված է եղել խորհրդի առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովում: Երբ Հայկին ձերբակալել են, ապա` կալանավորել, նրա հայրը՝ Հակոբը, դիմել է Վազգեն Մանուկյանին, որպեսզի վերջինը խորհրդի դիրքորոշումը հայտնի իր անդամին կալանավորելու կապակցությամբ: Հանրային խորհրդից հեռախոսազանգով հայտնել են, որ պատասխանել են նրա նամակին, սակայն այն հետ է եկել: Այնուամենայնիվ, ասել են, որ իրենք իրենց հեթին գրությամբ դիմել են արդարադատության նախարարությանը: «Բայց նախարարությունն առանց Հանրային խորհրդի էլ գիտի այս ողջ պատմության մասին, ես խնդրել էի, որ Վազգեն Մանուկյանն իր ղեկավարած կառույցով դիրքորոշում հայտներ տղաների կալանքի հետ կապված»,- ասաց Հայկի հայրը: 

Հայկ Հարությունյանը հիմնադրել է նաև «Արծվաբլուր» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկների ընտանիքներին: Շրջել է Հայաստանում ու հավաքել ազատամարտիկների կենսագրությունները, տվյալները, գտել կռված տղաների ընտանիքներին: Բացի այդ, համախոհներով պարբերաբար կազմակերպել են պատանիների այցեր զորամասեր, տղաներին, աղջիկներին ծանոթացրել են բանակային կյանքին, որ յուրաքանչյուր քաղաքացու մեջ ձևավորվի պարտքի զգացում հայրենիքի նկատմամբ: Այդ նախաձեռնությունների համար ստացել է պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Հայկի հայրը՝ Հակոբ Հարությունյանը, այս հինգ ամիսներին հանդիպել,  շփվել է 14 ձերբակալված տղաների հարազատների հետ: Տեսել, հասկացել, զգացել է, որ բոլորն էլ նույն արժեքների կրողներ են՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներ, գրեթե բոլորն էլ` անցած պատերազմի միջով, իրենց կենսագրությամբ ապացուցած, որ պատրաստ են զոհաբերվել հայրենիքի պաշտպանության համար: «Սրտացավ, մաքուր, ազնիվ մարդիկ այսօր բանտերում են: Զարմանում եմ, քանի որ ցանկացած ազգ պիտի հպարտ լիներ՝ նման երիտասարդներ ունենալով: Իսկ այսօր խուլիգանության հոդված են նրանց վրա դրել: Առհասարակ, նրանց քրեական հոդվածով դատելը, ազատազրկման վայրում պահելը, կարծում եմ, մեկ նպատակ ունի՝ փորձել կոտրել ազատ մտածող քաղաքացիների կամքը: Խուլիգանության հոդվածը զավեշտ է: Ամոթ է, որ խուլիգանի պիտակը դնեն տղաների վրա»,- ասաց Հակոբը:

«1988թ. երկրաշարժից հետո, իմ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին, 27  աշակերտներով գնացել էին Սպիտակ քաղաք, որոնողական աշխատանքներին մասնակցել մի քանի օր: Երբ վերադարձան, կարծես մի քանի օրում մի քանի տարով մեծացած լինեին այդ երեխաները: Հետո սկսեցին հերթապահել Նորքի հիվանդանոցում: Բայց երբեք չլսեցի, որ տրտնջար տղաս: Այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր Հայկը: Մեր տանը կա մի պատմական դրոշ, հիշում եմ, թե ինչպես Հայկը բերեց տուն այդ կտորներն ու ասաց, որ տատիկը պիտի այն ձևափոխի ու դարձնի եռագույն` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Դրանից հետո միշտ այդ դրոշով էր գնում 1988-ի միտինգներին, գնում էր Ղարաղաղ: Ուր ասես, որ չի ճամփորդել այդ դրոշը: Իսկ երբ 20 տարեկան էր՝ 1993-ին, պատահական ուրիշներից իմացա, որ եղբոր հետ որոշել են թողնել համալսարանն ու մեկնել ռազմաճակատ: Ասացի՝ գոնե մեկ-մեկ գնացեք»- պատմեց Հայկի մայրը` Լաուրա Պետրոսյանը: Բայց նրանք արդեն որոշում էին կայացրել: Գնացին Նախիջևանի սահման՝ միացան Վարդան Վարդանյանի ջոկատի տղաներին, այն Վարդանի, ով հիմա նրա հետ ազատազրկվածների թվում է: Մի օր էլ եկել են ճակատից՝ 10 տարեկան մի երեխայի հետ: Ասել են, որ այդ երեխան վախենում է ռմբակոծություններից: «Որոշ ժամանակ այդ աղջնակը մեզ հետ ապրեց, հետո նրան ետ տարան: Զինադադարից հետո վերականգնվեց համալսարանում, ավարտեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ինչպես և երազում էր»,- շարունակեց մայրը:

Հայկի մայրն ու հայրը պատմեցին, թե ինչպես էր Հայկը մանկուց կենդանիներ խնամում. «Դեռ դպրոցում սովորելու տարիներին ամեն դասից հետո վազում էր կենդանաբանական այգի, կերակրում էր կենդանիներին, խնամում, մաքրում վանդակները, հետո նոր գալիս էր տուն: Շատ ծանր էր տանում, որ կենդանիները վանդակների մեջ էին: Մենք էլ տանը նրա խնդրանքով ամեն կենդանի պահում էինք՝ օձ, թութակ, շուն: Անգամ թութակին երեխաները խոսել էին սովորեցրել: Թութակը մեզ սեր էր բացատրում: Հենց վանդակի մեջ էինք մտցնում, գոչում էր՝ ազատություն Ռիկի Հարությունյանին: Ինչքան թափառական շուն կար, բերում էր տուն ու կերակրում: Համալսարանին կից Պատանի կենսաբանի դպրոց հաճախեց: Դասատուներն ասում էին, որ նա շատ լավ կենսաբան կդառնա: Եվ եթե մեր պետությունում գիտության վիճակն այսպիսին չլիներ, Հայկն իսկապես լավ գիտնական կդառնար կենսաբանության բնագավառում»: Հետո Հայկը ծառայության է անցել ազգային բանակում: Վերադարձել է ու աշխատել որպես գիտաշխատող: Աշխատավայրի փակվելուց հետո ստիպված ոսկերչություն է սովորել ու սկսել գումար վաստակել ոսկերչությամբ: «Սակայն դարձյալ նրա միտքը, սիրտը հայի տեսակի պահպանումն էր»,- ասաց մայրը:

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ը հիշելով՝ տիկին Լաուրան ասաց. «Մենք մտածում էինք՝ 72 ժամը կլրանա, տղաները տուն կգան: Բայց հասկացանք, որ սադրանք է եղել: Երբ արդեն լրանում էր 72 ժամը, հայտարարեցին, որ տղաներին 2 ամսով կալանավորում են»: Երբ տեսակցության արգելանքը հանվել է եւ Հայկը իմացել է, որ հարազատներին կարող է տեսնել միայն ապակե պատուհաններից այն կողմ, անմիջապես հրաժարվել է:

Նոյեմբերի 6-ին ոստիկանները խուզարկել են Հայկենց, ինչպես և մյուս ձերբակալվածների բնակարանները. «Զենք էին փնտրում: Ասացին՝ պատերազմին է մասնակցել, մի խանչալ էլ չունի՞: Բայց ոչինչ չգտան, բացի մեր շան ականջի դեղից, որը մոտ 20 տարվա դեղ է: Այդ դեղը 1990-ականներից մեր տանն է եղել: Մի հոդված էլ դրա պատճառով ավելացրեցին՝ հոգեմետ դեղամիջոցի ձեռքբերում ու պահպանում: 2 ամսից մինչև մեկ տարի ազատազրկում նախատեսող հոդված է: Չեմ հասկանում՝ պաշտոնյաների երեխաների ավտոմեքենաներից կիլոգրամներով հայտնաբերում են ոչ թե հոգեմետ դեղ, այլ՝ թմրամիջոց: Բայց նրանց ո՛չ բռնում են, ո՛չ դատում են»,- զարմանում է տիկին Լաուրան:  

 Հակոբ Հարությունյանը՝ Հայկի հայրը, ասում է. «Թվում է՝ պիտի հիասթափվեի անարդարությունից, բայց երկիրը լքելու մասին չեմ մտածում, չնայած մեր երկրում հիմա բարոյական անկում է, ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել: Ողջ արդարադատությունն է գլխիվայր շուռ եկած կամ առհասարակ գոյություն չունի: Զոհի ու հանցագործի տեղերն են խառնվել, արժանավորի ու անարժանի: Ամեն ինչ է շրջված՝ շատ հաճախ զոհը բանտում է, հանցագործն՝ ազատության մեջ: Մարդիկ երկիրը լքում են առավելապես անարդարության զգացումից, քան հացի խնդրի պատճառով: Ինչպե՞ս սադրիչներին ասես՝ դատե՛ք ինքներդ ձեզ: Բոլորը պնդում են, որ տղաները քաղբանտարկյալ են, իսկ համակարգը, թե՝ խուլիգան են: Լուծում չեմ տեսնում, դրական լուծում չեմ տեսնում, համակարգային պիտի լինի այդ լուծումը»: 

Մեկնաբանություններ (2)

string
Amen inch shat parz e. Ajs hakahaj ishxanutjunner@ petq e patzhen tsankatsats mardu vor@ kdrsevori hakakan varq.
Վեհարի
Լուծումը մեկն է, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու գործընթացը: Իսկ դրա համար ակնհայտ փաստեր որքան ուզեք. համատարած ընտրակաշառք, համատարած պաշտոնական թալան, բանտերում մեծաքանակ անմեղ դատապարտյալներ, ազատամարտիկներ, հայրենասերներ, բարձր պաշտոններում միայն կաշառակերներ, չբացահայտված, կամ կոծկված բանակային սպանություններ, մեծաքանակ չբացահայտված սպանություններ, կառավարվող արտագաղթ, անապատի վերածվող Հայաստան, դավադիր իշխանություն, ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter