
Աննա Սեգալ. «Սերգեյ Փարաջանովով հրապուրված եմ պատանեկությունից»
«Տեղեր կան, որտեղ պայմանները շատ ավելի հարմարավետ են, բայց տան զգացողությունը չկա: Իսկ այստեղ կարծես տանը լինեմ», - ասում է դիրիժոր Լիոր Շամբադալը, ով Հայաստանում է երկրորդ անգամ: Այս անգամ նա եկել է մասնակցելու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգից ստացված հասույթը փոխանցվելու է քեսաբահայերի օգնությանը:
Դիրիժոր Լ. Շամբադալը ամեն անգամ տարօրինակ զգացողություններ է ապրում, երբ այցելում է մեծ ողբերգություններ վերապրած երկրներ, ինչպես օրինակ` Հայաստան կամ Վիետնամ:
«Սպասում ես, որ այս մարդիկ պետք է լինեն շատ կոպիտ, բայց իրականում նրանք անչափ բարի են: Ընդ որում` այստեղ շատ հեշտ է աշխատել», - ասում է դիրիժորը: Նրա համար կարևոր է, որ այս օրերին նա գտնվում է Հայաստանում, և ապրիլի 24-ի համերգի ժամանակ հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը»: Լ. Շամբադալը, ով Լատվիայի Լիեպայայի սիմֆոնիկ նվագախմբի և Չինաստանի Chengdu Symphonic Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, համոզված է, որ Մոցարտը հայ, գերմանացի, ամերիկացի է. մեծագույն կոմպոզիտորը բոլոր ազգերինն է: Բայց և ուրախ է, որ երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սեգալի շնորհիվ նա բացահայտել է նաև հայ երկու մեծ արվեստագետների` Սերգեյ Փարաջանովին և Սայաթ-Նովային:
Համերգի ժամանակ տեղի է ունենալու նաև Աննա Սեգալի «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» գործի համաշխարհային պրեմիերան: Նա պատմում է, որ անցած տարի առաջին անգամ այցելել է Փարաջանովի թանգարան, որից հետո ոգեշնչված գրել է այդ երաժշտությունը: Սակայն այդ գործը նվիրված է ոչ միայն Փարաջանովին, այլև Հայոց ցեղասպանության տարելիցին: Աննա Սեգալը ծնվել է Ուկրաինայում, բայց ապրել է Իսրայելում:
«Իսրայելցիները նույնպես վերապրել են նման ողբերգություն: Այդ պատճառով կարծում եմ, որ իրավունք ունեմ փոխանցել իմ այդ զգացումները լսարանին, - ասում է Աննա Սեգալը՝ ավելացնելով, - իսկ Սերգեյ Փարաջանովով ես հրապուրված եմ պատանեկությունից»:
Մեկնաբանել