
12 անգամ վիրահատված ազատամարտիկը դիմում է մարդկանց
42-ամյա Հայկ Պետրոսյանի ընտանիքում որևէ մեկը չի աշխատում: Ինքն ի վիճակի չէ, 2-րդ կարգի հաշմանդամ է: Կինը`Վարդուհին խնամում է ամուսնուն ու երեք անչափահաս երեխաներին: Մեծը՝ Ելենան 8 տարեկան է, երկու տղաները՝ 6 և 4 տարեկան:
Հայկ Պետրոյանը 17 տարեկանից՝ 1989 թ.-ից կամավոր անդամագրվել է Հատուկ գնդին: 1992-ից մինչ օրս գլխի, ոտքի, ձեռքի 12 վիրահատություն է տարել: Պատերազմի ժամանակ ծանր վիրավորվելու հետևանք է: Աջ քունքի ոսկորը բացակայում է: Բժիշկներն ասել են, որ նման վիրահատությունը շատ թանկ արժե: Բայց Հայկ Պետրոսյանն այժմ քունքի ոսկորի մասին չի մտածում, ավելի հրատապ հարցեր կան թե՛ առողջական, թե՛ ֆինանսական: Ընտանիքը գոյատևում է թոշակով ու ընտանեկան նպաստով:
Մեկ ամիս անց 13-րդ վիրահատությունը պիտի արվի. «Ձեռքս դարձյալ պիտի վիրահատեն, ձեռքիս մեջ երկաթ կա, պիտի հանեն: Մինչև հիմա բոլոր վիրահատությունները պետական պատվերով են արվել, բայց այս տարվա համար նախատեսված գումարն արդեն սպառվել է, ես պիտի վճարեմ»,-պատմում է Հայկը:
1990 թ-ին Հայկ Պետրոսյանը մեկնել է զինվորական ծառայության, վերադառնալով՝ 1992-ից դարձյալ կամավոր մասնակցել Քելբաջարի ազատագրմանը, Բերդի, Վահան գյուղի պաշտպանությանը: 1994թ. զինադադարից հետո մինչև 2006թ. ծառայության է անցել հայոց բանակում՝ Ճամբարակի զորամասում որպես դասակի հրամանատար, ապա առողջական խնդիրների պատճառով դուրս եկել, անցել թոշակի:
Մինչև այս տարվա սկիզբը Հայկ Պետրոսյանն իր ընտանիքով ապրել է Ճամբարակում՝ մի լքված տան մեջ: Բնակարան ստանալու համար 2006 թ.-ից հերթագրվել է պաշտպանության նախարարությունում: Այս տարի պետությունը 2 մլն դրամ է հատկացրել Հայկին՝ տուն գնելու նպատակով: Բայց այդ գումարով նա չի կարողացել Ճամբարակում բարվոք տուն գտնել. «Ստիպված ես էլ 2000 դոլար տոկոսով փող վերցրեցի, ավելացնեի, որ տունը կարողանամ առնել ու ընկա կրակը: Հիմա չեմ կարողանում տոկոսները վճարել: Հայաստանում մարդիկ կան, ում համար այդ գումարը վճարելը խնդիր չէ: Եթե կարող են օգնել ինձ ազատվել այդ տոկոսով պարտքից, միայն շնորհակալ կլինեի: Գեներալ Սարոյան Սեյրանի հետ եմ կռվել: Իմ ռազմական ընկերն է եղել, ասեմ՝ հերոսական էր կռվում: Իր հեռախոսահամարը չունեմ, թե չէ կզանգեի, կպատմեի իմ գլխով անցածի մասին: Նամակ եմ գրել Գագիկ Ծառուկյանին, բայց կարծես չի հասնում, ոչ մի պատասխան չեմ ստանում»,- ասում է Հայկը:
Հայկ Պետրոսյանը պարգևատրվել է մարտական ծառայության եւ արիության մեդալներով. «Երբեք չեմ կարևորել նման բաներ: Ես ֆիդայական ֆոտոներ մեկ-երկու հատ ունեմ, իմ գործն եմ արել, չեմ սիրել ռեկլամել արածս: Մտածել եմ, որ հայրենիքը պաշտպանելը բնական է ու հերոսություն չկա այդտեղ»,-շարունակում է նա:
Տարիներ անց միայն Հայկ Պետրոսյանը գտել է 1992թ. արված եզակի լուսանկար, որտեղ ինքն էլ կա (ձախից առաջինը՝ կիսանստած):
12 անգամ վիրահատված ազատամարտիկ Հայկ Պետրոսյանին ու նրա ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են վճարումներ անել այս հաշվեհամարներին:
«ՎՏԲ Հայաստան բանկ»
AMD 16023101474902
USD 16023101474903
EUR 16023101474904
RUB 16023101474905
Հաշվեհամարի տերը՝ Հայկ Պետոսյանի կինն է՝ Վարդուհի Դանիելյանը
Մեկնաբանել