
Աննա Սեգալ. «Փարաջանովին պետք չէ հարցեր տալ, որովհետև նա ինքն է հարցեր տալիս և դրանց պատասխանում»
«Ես այնքան գեղեցիկ եմ ապրել 50 տարի շարունակ. սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան եմ հասկացել: Քիչ բան եմ արել, բայց շատ բան եմ սիրել, մարդկանց եմ շատ սիրել...»
Այս հատվածը վերցված է կոմպոզիտոր Աննա Սեգալի «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունից, որը գրված է սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար: Ստեղծագործության պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին Երևանում:
Աննա Սեգալը Սերգեյ Փարաջանովի հետ «ծանոթացել» է 13 տարեկանում, երբ ընտանիքով գնացել է դիտելու նրա «Նռան գույնը» ֆիլմը: Այն Աննայի վրա մեծ տպավորություն էր գործել, քանի որ նախկինում նմանատիպ ոչինչ չէր տեսել: Այդ «ցնցող ֆիլմից» հետո նա նայում է Փարաջանովի բոլոր ֆիլմերը, ուսումնասիրում նրա արվեստը:
«Դա խորը էսթետիկա է` լցված սիմվոլիզմով և գեղեցկությամբ, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում, - ասում է Աննան: - Ես նրա ֆիլմերը միանգամից սիրեցի, բայց չեմ կարող ասել, որ ես աշխարհը նույն կերպ եմ տեսնում. դրա համար պետք է լինես Փարաջանով»:
Ուկրաինայում ծնված կոմպոզիտոր Աննա Սեգալը մեծացել է թատերական միջավայրում. մայրը թատրոնի նկարիչ էր, հայրը` դերասան: Եվ այդ միջավայրի շնորհիվ է, որ նրան միանգամից ձգում է Փարաջանովի արվեստը: Պատանեկան տարիքից նա տարվում է Փարաջանովով, իսկ արդեն ավելի հասուն տարիքում նա դառնում է Սեգալի ոգեշնչման աղբյուրը: 2013 թ.-ի նոյեմբերին, երբ Աննան Հայաստանում էր, այցելել է Փարաջանովի թանգարան: Նա այնքան էր տպավորվել, որ վերադառնալով Իսրայել, որտեղ այժմ ապրում է, որոշում է, որ իր հերթական ստեղծագործությունը նվիրված է լինելու Փարաջանովին: Աննայի համար մեկ այլ արվեստագետի աշխարհ ներթափանցելու համար անհրաժեշտ է, որ վերջինս բաց լինի, իսկ Փարաջանովն այդպիսին էր: Աննան կարծում է, որ ինքն էլ է բաց` ընկալելու, ընդունելու այն աշխարհը, որ ներկայացնում է Փարաջանովը: Այս անգամ այցելելով Հայաստան, Աննան կրկին գնացել է Փարաջանովի թանգարան, և ի զարմանս իրեն լացել է, որովհետև այդ պահին, ինչպես ինքն է ասում` «զգացել է այդ մարդու էությունը, նրա ցավն ու ուրախությունը, խորությունն ու ողբերգությունը»:
«Ռեքվիեմը նվիրվում է մահացած մարդուն, իսկ Փարաջանովի դեպքում դա ճիշտ չէր լինի: Մտածեցի, որ ինչ-որ իմաստով նա կենդանի է, քանի դեռ նրան հիշում են և հիանում նրա գործերով, - ասում է կոմպոզիտորը: - Փարաջանովը միշտ շատ գեղեցիկ կոլաժներ է արել, բայց մտածեցի, որ ոչ ոք կոլաժ չի արել նրա համար: Եվ ահա սա իմ կոլաժն է Փարաջանովին` գրված իմ լեզվով»:
«Իսկ ես դեռ կենդանի եմ, խեղդվում եմ փոշուց... խեղդվում եմ և զայրանում, որ չեն գտնվել գեղեցկության այն իմաստն ու կերպարը, որ փնտրում է Մարդը: Եվ ի պատասխան դառնությանն ու նզովքներին` ցրվում է փոշին և հայտնվում են... տավիղները գերեզմանոցում...»
Իր երաժշտական ստեղծագործությունը գրելիս՝ Աննայի առջև էր Փարաջանովի այն նկարը, որտեղ նա խոշորացույցով նայում և քմծիծաղ է տալիս: Խոշորացույցի մի կողմով նա նայում է իր ներաշխարհին, մյուս կողմով` աշխարհին ու այնտեղ ապրող մարդկանց:
«Ես Փարաջանովին հարցեր չունեմ, - ասում է Աննան: - Այդ մարդուն պետք չէ հարցեր տալ, որովհետև նա ինքն է հարցեր տալիս և դրանց պատասխանում»:
Աննայի կարծիքով` Փարաջանովն այն արվեստագետներից է, ովքեր իրենց հանճարեղությամբ կարողանում են փոխել արվեստի ընթացքը, ուղին, պատկերացումները: Ինքը` Աննան, ոչինչ չի փոխում. իր դերը արվեստի միջոցով ամենախորը զգացմունքներ փոխանցելն է:
«Ես չեմ գրում համերգի համար, գրում եմ իմ և տարածաության համար: Արվեստի մեջ ես ինձ համար ընտրել եմ այն ուղին, որի միջոցով կարող եմ ներկայացնել գեղեցկությունն ու էսթետիկան: Այն գեղեցկությունը, որը խորն է, հանգիստ, երբեմն տխուր, բայց միաժամանակ արժանապատիվ», - ասում է կոմպոզիտորը:
Նա խոստովանում է, որ սկզբից վախենում էր իր գործը ցույց տալ Զավեն Սարգսյանին` Ս. Փարաջանովի տուն-թանագարնին տնօրենին, ով անձամբ է ճանաչել նրան և շատ բծախնդիր է Փարաջանովի հետ կապված գործերի նկատմամբ: Ի ուրախություն Աննայի, Զ. Սարգսյանը հավանել է այդ գործը: Այժմ էլ Աննայի արվեստում շարունակում է արդիական մնալ Փարաջանովի թեման, և մի քանի գաղափարներ ունի: Պատրաստվում է համագործակցել ռեժիսոր Էդուարդ Մարտիրոսյանի հետ, ով նույնպես ճանաչել է Ս. Փարաջանովին: Վերջինս ապրում է Իսրայելում, և ունի իր փոքր թատրոնը: Տարիներ առաջ նա ներկայացրել է Փարաջանովի մասին մոնոներկայացում: Այժմ նա հավաքել է Փարաջանովի անավարտ կինոսցենարները, և դրանք մշակելով` առանձին ներկայացման սցենար գրել: Աննա Սեգալը համոզված է, որ Փարաջանովի հետ կապված նախագծերը սահուն ընթանում են, ուրեմն այդպես էր կանխորոշված:
«Ի վերուստ է սահմանված, որ գեղեցիկը և տգեղը, չարն ու բարին, լույսն ու խավարը մարդկության մշտական ուղեկիցներն են: Բայց կա վեհ ու վսեմ մի բան, դա հոգևոր հարստությունն է, որը նրա ձեռքբերումն է: Հենց ինքն է պահպանել իր պահոցներում մեր և հաջորդ սերունդների համար արվեստի հավերժական գլուխգործոցները, որոնք ունեն մի հեղինակ, որի անունն է Արվեստագետ»:
Մեկնաբանել