HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոու բիզնեսի ամենահայտնի ու էլեգանտ ոտքերը. Թինա Թըրներ

Նաիրա Հայրապետյան

2013թ.ապրիլին  հայտարարվեց, որ Թինա Թըրները(Tina Turner հրաժարվում է ԱՄՆ-ի քաղաքացիությունից և փաստաթուղթ է ստորագրել Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համար: Եվ մինչ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ շտապում էին լեգենդար երգչուհու այս քայլը կապել հարկային քաղաքականության հետ, այս առիթով հրապարակված հաղորդագրություններից մեկում ասվում էր, որ գրեթե երկու տասնամյակ արդեն Շվեյցարիայում ապրող ամերիկյան երաժշտական այս խորհրդանիշը խոստովանել է՝ իրեն այլևս հայրենիքի հետ քիչ բան է կապում, բացառությամբ իր ընտանիքի. ուստի ապագայում էլ այնտեղ բնակվելու լուրջ մտադրություն չունի:  

Ո՞վ չի ճանաչում նրան՝ Թինա Թըրներին. նա երգչուհի է, երգահան, դերասանուհի և պարուհի,  իսկ յուրահատուկ արտիստիզմի, երաժշտական խառնվածքի  և բեմական արտահայտչականության համար նրան  անվանել են «Ռոքնռոլի թագուհի» : Թինան համարվում է աշխարհի տասը լավագույն պարուհիներից և բոլոր ժամանակների հզորագույն երգչուհիներից մեկը: «Rolling Stone» ամսագրի` Թ. Թըրներին անդրադարձող էջում երգչուհի  Ջեննեթ Ջեքսոնը գրում է.

«Թինա Թըրները ոչ թե սովորական երաժշտական սուպերսթար է և սեքս-սիմվոլ (չնայած նրա դեպքում երկու բնորոշումն էլ  արդարացված եմ համարում) , ինձ համար, և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համարնա հարատևության և տաղանդի գոյատևման խորհրդանիշ է: Հիշենք նրա «Proud Mary»-ն, որտեղ Թինան անդրադառնում է երկու իրարից տարբեր` գեղեցիկ և կոպիտ  երևույթներին: Բոլորիս քաջ հայտնի է, որ նա իր կյանքի ընթացքում հաճախ է բախվել կոպիտ երևույթների, բայց իրականությունն այն է, որ կյանքը երբեք չի նետել նրան մի բան, որը Թինան չի կարողացել հաղթահարել: Թինա Թըրների ամենահայտնի երգերից մեկը կոչվում է «We Don't Need Another Hero»( Մեզ պետք չէ ուրիշ հերոս): Մինչ օրս նա շատերի համար մնում է հերոսական ֆիգուր` իր մեջ ունեցած աննկարագրելի ուժի շնորհիվ: Թվում է, թե Թինան ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ: Ես նրա երաժշտությունը մշտապես զգում եմ, այն ներկայի մեջ է և լինելու է նաև ապագայում »:

1978թ. Այք Թըրների հետ 14 տարվա համատեղ և սկանդալային կյանքից պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո Թինան որոշ չափով կարծես թե հաղթահարել էր այն հոգեբանական դժվար վիճակն ու ակնկալվող սարսափելի սցենարը, որը պատկերացնում էր մինչ այդ: Թինան  Այքից հեռացել էր 2 տարի առաջ՝ տառացիորեն փախչելով Դալլասում կայացած համերգից հետո՝ գրպանում ընդամենը 36 ցենտ և մեքենան լիցքավորելու մի քարտ:  Ժամանակն ամեն ինչ իր հունի մեջ գցեց,  և նա կամաց-կամաց ուժ գտավ ոտքի կանգնելու ու վերսկսելու նոր կարիերա՝ այս անգամ անհատական ճանապարհով, որը կներկայացներ նրա հնարավորություններն արդեն իբրև սոլո-արտիստի:  


1984թ. մայիսին  թողարկվեց  «Private Dancer» ալբոմը: Այն շատ արագ դարձավ մուլտիպլատինե և համարվում է երգչուհու ամենահաջողակ ալբոմը, որի վաճառքի քանակը ողջ աշխարհում մինչ օրս գերազանցում է 11 միլիոնի սահմանը: Ոմանք պնդում են, որ այն հասել է արդեն 20 միլիոնի: Այս ալբոմում ընդգրկված էին նրա հիթային երգերից «Let’s Stay Together»-ը, «What’s Love Got to Do With It»-ը, «Better Be Good to Me»-ն և համանուն՝ «Private Dancer»-ը: 1985թ. փետրվարին Թինան պատրաստեց իրականացնել իր առաջին համաշխարհային  շրջագայությունը՝ «The Private Dancer Tour»-ը, որը ներառել էր 179 համերգ աշխարհի չորս մայրցամաքում՝ ԱՄՆ-ում, Ասիայում, Եվրոպայում և Ավստրալիայում:

Ալբոմի հաջողությունը լուրջ հիմնաքար դարձավ հետագա գործունեության համար.  երգչուհին առաջարկ ստացավ նկարահանվելու  ավստրալացի կինոռեժիսոր Ջորջ Միլլերի «Խելագար Մաքսը -3» ֆիլմում, որտեղ նա խաղաց Մել Գիբսոնի հետ  և մարմնավորում էր գլխավոր դերերից մորաքույր Էնտիտին (Ի դեպ, այս ֆիլմով Մել Գիբսոնը մուտք գործեց ամերիկյան մեծ կինոաշխարհ՝ հաստատվելով «ամենակարող» Հոլիվուդում):  

Թողարկվեց ֆիլմի սաունդթրեքից առաջին սինգլը՝ «We Don’t Need Another Hero»-ն, որն էլ դարձավ երգչուհու հաջորդ միջազգային հիթը՝ ամերիկյան հիթ-շքերթում հասնելով մինչև 2-րդ, բրիտանականում՝ 3-րդ հորիզոնականներին:  Երգը «Գրեմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների արժանացավ և որպես  հաջող հայտնություն՝ ճանապարհ հարթեց սաունդթրեքի թողարկմանը: 

«We Don’t Need Another Hero» -ն  անդրադառնում է մարդկանց, ովքեր իրենց համարում են ճնշվածներ և չեն ցանկանում արթնացնել կամ գործի դնել իրենց սեփական երազանքները, քանի դեռ չի հայտնվել մեկ այլ հերոս, ով կամ կփրկի, կամ էլ  չի փրկի նրանց:  

2005թ. վերջին Թ. Թըրները մի քանի այլ երաժիշտների հետ Վաշինգտոնում պարգևատրվեց  «Kennedy Center Honors»-ի կողմից:

«Թինա Թըրներ ասելով՝ պետք է հասկանալ բեմի լիարժեք կառավարում՝ ձայնային հզոր ուժգնությամբ և մագնիսական ներկայությամբ,- իր ելույթում նշեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, - մարդիկ հիացմունքից քարանում են բնությունից շնորհված այդ վարպետությունից,  դեպի իրենք հորդող էներգիայից և զգացմունքային դաշտից և, ինչ խոսք, շոու բիզնեսի ամենահայտնի ոտքերից ազդված: Նա էլեգանտության, բարձր դասի և նվաճումների խորհրդանիշ կին է և մեծ պատիվ է ողջունել նրա մուտքը դեպի Սպիտակ Տուն»: 

Այդ երեկո, Թինայի ներկայությունը պատվելով, անհատական շնորհավորանքով հանդես եկան նաև մի շարք արվեստագետներ և հայտնի մարդիկ, այդ թվում՝ հայտնի երգիչներ Էլ Գրինը, Թոնի Բենեթը, իսկ ճանաչված հաղորդավար Օփրա Ուինֆրին հայտարարեց. «Մեզ ուրիշ հերոս պետք չէ, մեզ ավելի շատ պետք են այնպիսի հերոսուհիներ, ինչպիսին Դուք եք: Թինա, Դուք ստիպում եք ինձ ամեն անգամ հպարտություն զգալ, երբ իմ մասին խոսելիս արտաբերում եմ իմ անունը՝ ԿԻՆ»: 

10 ստուդիական, երկու համերգային ալբոմներ և մի շարք հավաքածուներ,  աննկարագրելի համերգային շոուներ, 8 Գրեմմի մրցանակ, 3 երգ Ռոքնռոլի Փառքի Սրահում, բազմաթիվ բնորոշումներ և երաժշտասեր հանրության համաշխարհային սերն ու հարգանքը վայելող երգչուհին թեև 2009թ-ից  հրաժեշտ է տվել բեմին, բայց այսօր  էլ շարունակում է ակտիվ կյանք վարել ու մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:

2003 թ. հուլիսի 15-ին, 74-ամյա Թինան ամուսնացավ գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Էրվին Բախի հետ. մինչ այդ նրանք միասին էին շուրջ 27 տարի: Իր 170 միլիոն օրինակով աբոմների և ռեկորդային թվով տոմսերի վաճառքով նա կոմերցիոն բնագավառում էլ ֆենոմենալ է համարվում, իսկ «River Deep», «Mountain High», «Proud Mary», «What’s Love Got To Do With It», «Typical Male», «We Don’t Need Another Hero», «Goldeneye», «The Best»  և բազմաթիվ այլ երգերով Թինան ամենահայտնի ու հաջողակ ռոք երգչուհին է և ռոքնռոլի անփոխարինելի թագուհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter