Ուժասպառ մշակութային ոլորտ
Այն, ինչով այսօր զբաղվում է մեր մշակույթի նախարարությունը, այնքան երկրորդական ու իներցիոն բնույթ ունի, որ շատ լավ տեղավորվում է ներկայիս թախծոտ պետական-վարչական մատրիցայում:
Դա կարելի է բնութագրել որպես սրա-նրա պոչից կպչելով մի կերպ միջոցառում սարքելու ոճ: Ընդհանրապես միջոցառումային ֆորմատը մեծ պահանջարկ ունեցող մի բան է, որը գալիս է լրացնելու պրոպագանդան: Ընդամենը 4-5 տարի առաջ նման քարոզչական, մեծածավալ, ներկայանալի համարվելու ձգտում ունեցող պրեմիերաներ ու ծրագրեր դեռ արվում էին, իսկ այսօր անգամ դրանք չեն ստացվում:
2009 թվականին, օրինակ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սիրում էր կրկնել, որ «լինելու են ռազմավարական նշանակություն ունեցող եզակի ու բացառիկ ծրագրեր» (խոսքը, մասնավորապես, «Սպարտակ» բալետի եւ «Աիդա» օպերայի մասին էր), որոնք «տարվելու են դուրս ու ներկայացնելու են Հայաստանը»:
Հիմա նման վեհ հայտարարություններ չեն հնչում: Չկա նախկին թափն ու էնտուզիազմը, եւ ամենակարեւորը` դրանց բացակայությունը թաքցնելու իմաստն է անհետացել: Ժամանակը փտած ու փնթի է, ու նախարարության գործունեությունը դրա խոշորացված արտացոլումն է: Այլեւս ոչ մի պատրանք, դաշտն ամայի է:
Արվեստի հիմքում միշտ երկխոսությունն է, դիսկուրսը, բախումը (հիմնականում տեղի ունեցող ներաշխարհում): Արվեստը գեղեցիկ իր չէ, որը ծառայում է զուտ գեղագիտությանը, այն բոլոր հանգամանքներում էլ էներգիայի կծիկ է, որը տալով-առնելով է մուտք գործում հանրային ոլորտ ու դառնում մշակույթ: Եվ եթե արվեստի մեծ ու փոքր մուտքերը բարիկադներով ես շարում (որ հանկարծ անկանխատեսելի արդյունք չծագի), շատ արագ հայտնաբերում ես, որ այո՜, բախում չկա:
Այն ջանքերը, որոնք այս տարիներին գործադրել է մշակույթի նախարարությունը, առաջին հերթին միտված են եղել բացառել նման բախումն անգամ սաղմնային վիճակում:
Մշակույթի դաշտից`այս կամ այն թատրոնից, արվեստի ուսումնարաններից, կամ էլ հենց նախարարության բաժիններից դանդաղորեն դուրս են մղվել այն մարդիկ, որոնք ունակ էին փոխել իրավիճակը: Բայց ավելի գերադասելի է համարվել փտումը: Արվեստից տեղյակ, հեռանկարային մտածող կամ էլ առնվազն վառ անձանց ղեկավար դիրքերում այլեւս չես տեսնի, նրանց փոխարինելու են եկել ֆունկցիոներները:
Օրինակ, Սունդուկյան թատրոնում արդեն տարիներ շարունակ ճահճուտ է: 2008 թվականին մշակույթի նախարարությունը «սառեցրեց» գեղարվեստական ղեկավարի պաշտոնն ու մինչ այսօր այն չի «ապասառեցրել»: Թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի, բայց տնօրինվում է: Այդ մոդելը բավականին անվնաս է, քանի որ բախումներ (ե’ւ մարդկային, ե’ւ գաղափարական) չի ենթադրում: Նյարդ, կիրք, կոնֆլիկտ չկա բեմում, ինչպես նաեւ` հանդիսատես չկա: Գերատեսչությունը գոհ է:
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում նույնպես գործում է այս մոտեցումը: Հիմա թատրոնը ղեկավարում է մի մարդ, որը ստեղծագործող չէ, պարզապես տնօրեն է, անվնաս կատարող օղակ, որից տեղաշարժ սպասելը թեթեւամտություն է: Այո, ոչ մի պատրանք չունենաք, հիմա այնպիսի մարդիկ են լինելու, որոնց հետ լեզու գտնելը իշխանությունների համար հեշտ գործ պիտի լինի:
Էլ ինչո՞ւ է պետք ջանք գործադրել արվեստի մթնոլորտ ստեղծելու կամ արվեստի գործերը շրջանառության մեջ դնելու եւ դրանով մշակութային միջավայր ձեւավորելու համար, եթե կարելի է հենց իշխանությունների լեզվով խոսող (եւ ամենակարեւորը` այդ լեզուն կես բառից հասկացող) ֆունկցիոներ նշանակել:
Այդ չինովնիկները (հայերեն ասած`ծառայողները), բնականաբար, պրոպագանդում են իշխանության քայլերն ու ճաշակը, մատչելի ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների ֆորմա են տալիս այն մտքին, որ պետությունը ժողովրդին է ընծայում իր պատկերացմամբ գեղեցիկը, հավերժը, ամբողջականը, օսլայվածն ու անատամը: Եվ ժողովրդից էլ ակնկալում է երախտագիտություն: Դե, որպեսզի մենք բոլորս շնորհակալ լինենք, որ ցրվում ենք մեր հոգսերից, ծաղիկների պատկերներ ենք դիտում կամ ըմբոշխնում ենք անմահ դասականների հերթական անհուսալիորեն անհետաքրքիր բեմականացումներն ու ցումփա-ցումփա համերգները:
Որպեսզի ընտելանանք, որ պետական աջակցություն ստացող մշակութային իրադարձությունները կցորդ են այն մտքի, որ մշակույթի միակ նպատակը մեզ նվեր մատուցելն է, այլ ոչ թե լսարանի հետ մեր երկխոսելը:
Այդ շղթայի հիմքը դրեցին հենց «Սպարտակ» ու «Աիդա» ծախսատար ու հավակնոտ նախագծերը, որոնք մեկանգամյա օգտագործման նախագծեր դարձան, քանի որ ժամանակավրեպ ու անարմատ էին: Ինչպես այն նվերը, որը գեղեցիկ փաթեթավորված է, բայց մեծ հաշվով անպետք է: Երբ եղած պրոֆեսիոնալներին ականջ դնող չկա, ցանկացած նախագիծ (ուզում ես՝ պատռիր քեզ) հիվանդ կծնվի ու հետք չի թողնի հանրային կյանքում: Ես, օրինակ, «Սպարտակ»-ը պրեմիերայից մեկ տարի անց եմ դիտել, եւ ավելի անօգնական ու հնաոճ ներկայացում պատկերացնել դժվար էր:
Քմահաճույքները վատ բան չեն, բայց իրական ներուժն ու բազան հասկանալը ավելի լավ է: Ասենք, եթե Ռուդոլֆ Խառատյանի պես խորեոգրաֆ ունենք, բայց Ռուսաստանից հրավիրում ենք թանկարժեք ու ինքն իրեն անընդհատ կրկնող Գրիգորովիչին, արդյունքը ձեւական կլինի:
Նույնը տեղի ունեցավ նաեւ այն տարի, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: Մեծ այս ծրագիրը սնուցող խողովակներն անտեսվեցին, իսկ առաջին պլանում հայտնվեցին ձեւական միջոցառումները: Ցցուն հետքը միայն գրողների գրաֆիտիներն են շենքերի վրա:
Այս ապարդյուն փորձերը մշակույթի նախարարությանը թերեւս հուշեցին, որ ձեւեր թափելու կարիք արդեն չկա (չե՞ք ուզում իմ նվերը, չեմ տա), եւ ժամանակն է անցում կատարել մանր վարչական կառավարման։ Ռուդոլֆ Խառատյանը այլեւս Օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմեյստերը չէ, Սունդուկյանի անվան թատրոնում էլ շարունակվում է առանց վառ գեղարվեստական ղեկավարի նիրհելու փուլը:
Ակնհայտ է, որ հիմա, երբ Հասմիկ Պողոսյանը կրկին վերանշանակվեց մշակույթի նախարարի պաշտոնում, պետական սատարում կստանան միմիայն այն նախագծերը, որոնք դիսկուրս չեն ենթադրում: Իսկ հովանավորվելու են մեծամասամբ ոչ կոնֆլիկտային անձինք, որոնք արվեստն ընկալում ու ներկայացնում են որպես միջոցառումային ցանկի հերթական տող: Այսինքն` իրենց էությամբ հակաարվեստային են:
Կարելի է ենթադրել, որ շատ շուտով լուրջ ճգնաժամ է սկսվելու: Մշակույթի նախարարության հեղինակությունն այնքան է ընկել, որ իրենց հարգող շատ պրոֆեսիոնալներ ոչ միայն խուսափում են, այլեւ խորշում եմ աշխատել այդ գերատեսչության հետ: Եվ պատճառը ոչ միայն սովորական դարձած «ատկատների» մեխանիզմն է, այլ արժանապատվության վերջին նշույլները գետնով չտալու ձգտումը:
Արժանապատիվ են միայն իրենց գործը լավ անողները: Իսկ նրանք, ովքեր վիզը ծռած սպասում են մի քանի գործ արագ «կպցնելու», հետո «կպցրածով» վերեւների հետ կիսվելուն, երբեք այդ գործը որակյալ չեն անի: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ երբ տարիների ընթացքում հետեւողականորեն ամայացնում եւ ուժասպառ ես անում հողը, այն ոչ միայն պտուղ, այլեւ ծիլ չի տա:
Նույնիսկ երբ մեծ գումար ու ցանկություն լինի (թույլ տանք մեզ փոքր-ինչ երազել), մշակույթի նախարարությունը միայն մի ելք կունենա. ազատվել երիտասարդ ու անդեմ ֆունկցիոներներից եւ իրենց գործից գլուխ հանողների պոչին կպնելով`նրանց գործողությունների քարտ-բլանշ տալ:
Քանի դեռ սա իրատեսական ենթադրություն չէ, մնում է հետեւել, թե ինչպես է չկայացած մշակութային դաշտում շարունակվում փտման պրոցեսը:
Մեկնաբանել