HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ»

Ռուբեն Մարտիրոսյանը մոտ 20 տարի զբաղվում է զինվորական հանցագործությունների ուսումնասիրությամբ: Քրեական գործերով հանդես է գալիս որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: «Հետքի» զրույցը փորձագետի հետ հայկական բանակում արձանագրված մահվան դեպքերով գործերի քննությունների մասին է: 

-Ի՞նչն եղավ ազդակ, որ սկսեցիք զբաղվել զինվորական հանցագործությունների ուսումնասիրությամբ: 

-1995 թ-ին, երբ իմ հարևանի երեխան՝ Արշակ Սողոյանը, ով ծառայում էր ԼՂ զորամասներից մեկում, անհետացավ, սկսեցի հարևաններիս հետ մասնակցել նրա առեղծվածային անհետացման պատճառների քննությանը: Քրեական գործ չէր հարուցվել, գրել էին, որ հակառակորդը առևանգել է, ու վերջ: Սակայն մեր համառության շնորհիվ հետագայում քրեական գործ հարուցվեց:  Ճի՛շտ է, երեխան այդպես էլ չգտնվեց, բայց դա դարձավ ազդակ, որպեսզի է՛լ ավելի խորանամ այդ խնդիրների մեջ: Մեկ տարի անց ստեղծեցի «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն, 2 տարվա ընթացքում չհասա հաջողության: 1998թ.  հանդիպեցի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որին մասնակցում էին երկու սպանված զինվորների ծնողներ և լրագրող Ժաննա Ալեքսանյանը: Նախարարը խոստովանեց, որ երբ ինձ ընդունել է, ընդունել է որպես շանտաժիստի: Մեղավորը նրա ստորադասներն էին, ովքեր այդպես էին ներկայացրել: Իրականում պարզվեց, որ Ռուբեն Մարտիրոսյանն ավելի լավ դատախազ է, քան Գագիկ Ջհանգիրյանը: Նախարարը խնդրեց ինձ աշխատել ՊՆ-ում՝ որպես դատախազի տեղակալ կամ որպես վերահսկողական բաժնի պետ: Չհամաձայնեցի՝ հայտարարելով, որ ինքն ինձ թույլ չի տա աշխատել: Իմ նպատակը քաղաքականությունը չէր, այլ նպաստել, որ նվազեն սպանության դեպքերը բանակում, որովհետև օրը մեջ դիակ էին բերում զորամասերից: 1997-ին ունեինք 280, 1998-ին՝ 267 մահվան դեպք: Աշխատեցի որպես արտակարգ դեպքերով բաժնի պետ: Պարզեցի, որ զինադադարից հետո բանակում տեղի ունեցած հանցագործությունները կեղծվում են: 

-Ո՞րն է դրանք կեղծելու պատճառը, Ձեր կարծիքով: 

-Շատ պարզ՝ անձնական կամ խմբակային շահադիտական նպատակները: Զինդատախազության համար սպանված զինվորների գործերը հավելյալ եկամտի աղբյուր էին: Դա ապացուցեցի մի շարք կոնկրետ գործերով: 

-Ովքե՞ր են ծառայում հայկական բանակում: 

-Որպես կանոն, հայկական բանակ են մտնում սոցիալապես անապահով ծնողների զավակներ: Միջին խավից զինծառայողները շատ քիչ տոկոս են կազմում, եթե, իհարկե, ունենք այդպիսի խավ Հայաստանում: Իսկ հարուստների երեխաները հիմնականում չեն գնում ծառայության: Այս ամենից էլ ածանցվում են հետևանքները: Երբ զորամասում հանցագործություն է տեղի ունենում, ընչազուրկ ընտանիքների զավակները չեն կարողանում պաշտպանվել: Հաճախ նրանք չեն ունենում անգամ պաշտպան ներգրավելու հնարավորություն: Իսկ նախաքննական մարմինը, առիթից օգտվելով, արմատախիլ է անում ամբողջ գործը: 

-Դուք շատ եք բարձրաձայնում, որ անմեղ մարդիկ դատապարտվում են, մեղավորները՝ մնում ազատության մեջ: 

-Այո՛, շատ հաճախ այդպես է: Այն երեք պետական մարմինները՝ դատախազություն, ՊՆ քննչական մարմին, ՊՆ ռազմական ոստիկանություն, որոնք կոչված են բանակում հաստատել կարգ ու կանոն և կանխել հանցագործությունները, այսօր կատարում են այն, ինչ տրամագծորեն հակառակ է իրենց կոչմանը: Այս կառույցները կատարում են հանցագործություն: Այն բոլոր գործերով, որ ես մասնակցել ու մասնակցում եմ, տեսնում եմ, որ կատարվել ու կատարվում են հանցագործություններ՝ մեկ նպատակով՝ կոծկել սպանությունները: Նշված երեք կառույցները միանշանակ գործում են որպես պետական հանցագործ բանդա: Ես իրենց աշխատանքը անվանում եմ բանդիտիզմ: 

-Պատճառն եմ ուզում հասկանալ: 

-Հավատացեք՝ ժամեր են անհրաժեշտ, որպեսզի բացահայտվեն բանակային սպանությունները:  

-Փա՞կ կառույց լինելու պատճառով չեն բացահայտվում: 

-Բիզնեսմեն կառույց է, փակ չէ: Ասացի՝ մի քանի ժամ է պետք, որ բացահայտվի սպանությունը, և բացահայտվում է: Ամեն ինչ սկսվում է բացահայտելուց հետո: Հանցանքը կատարողին ասում են՝ տեր ունե՞ս, զանգի տուն: Տերերը գալիս են: Ասում են՝ բան չունե՞ք մեզ ասելու: Պատասխան՝ ունենք: Դե՛, կգնաք, այսքան փող կառնեք, կգաք: Վե՛րջ: 10 տարի առաջ մի հոդվածն էի գրել՝ «Ունիվերսալ շանտաժ զինվորների հանդեպ»: Նկարագրել էի այսպիսի մի իրավիճակ: Պատկերացրեք՝ երբ կրակոց է լսվում զորամասում կամ հենակետում, բնական ռեակցիա է աշխատում, բոլոր զինվորները վազում են, տեսնեն՝ ինչ է եղել: Դառնում են հանցագործության ակամա վկաներ: Գալիս է քննիչը՝ զինվո՛ր, պապային կանչի: Պապան վազելով գալիս է: Քննիչը, թե՝ տղայիդ ասա, ինչ ասենք, պիտի անի, 2000 կտաս, կմնաս վկա: Սկսվում է կոծկումը: Դիտավորյալ սպանությունը դառնում է ինքնասպանություն, հակառակորդի կողմից կատարված կամ անզգույշ սպանություն: Ու ստացվում է այնպես, որ դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ: Եվ որպեսզի այդ կեղծ վարկածները կյանքի կոչվեն, քննիչ, ոստիկան, դատախազ կոչվածները, սկսում են հանցագործությունները: Սկսվում է փակ շղթան՝ իրեղեն ապացույցների ոչնչացում, կեղծ փորձաքննություններ, բռնություն, ցուցմունքների կորզում և այլն: 

-Տեսախցիկներ կան ամբողք քաղաքում, նաև ԱԺ-ում: Ինչո՞ւ չեն տեղադրում նաև հենակետերում ու զորամասերում: 

-«Ջիպեր» կան քաղաքում, «Մերսեդեսներ»՝ ԱԺ-ում: Հիմա եթե գնանք ՊՆ շենքի մոտ մի ժամ կանգնենք, կտեսնեք, թե ինչ թանկարժեք մեքենաներ կգան ու կգնան: Մինչդեռ զինվոր Աղասի Աբրահամյանի գործով պարզվեց, որ զորամասը չի ունեցել բուժմեքենա, որպեսզի զինվորին ժամանակին տեղափոխեն հոսպիտալ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու: Եվ նա մահացել է: Ինչի՞ մասին է խոսքը... 

-Իրավական երկրներում լինո՞ւմ են բանակային սպանություններ: 

-Քաղաքակիրթ, իրավական երկներում զինվորական հանցագործություններ, առավել ևս՝ մահվան դեպքեր չափազանց քիչ են, եթե չասենք, որ իսպառ չկան: Զինվորն այդպիսի երկրներում ազատ անձնավորություն է, լավ սնվում է, ստանում է կարգին աշխատավարձ, անվտանգության համակարգեր են աշխատում: «Ուստավն» անգամ դեմոկրատացված է: Իսկ այսօրվա մեր «Ուստավը» նույն սովետական զինվորական կանոնադրությունն է: 

-Որտե՞ղ եք տեսնում առկա խնդիրների լուծումները: 

-Անցյալ տարի Ս.Սարգսյանը գնաց գլխավոր դատախազություն, հայտարարեց, որ դժգոհ է դատախազության աշխատանքից: Մարդասպանին դարձնում են վկա, անմեղ մարդուն դատում են: Իսկ դատախազը այդ ամենին համարժեք չի արձագանքում: Դա ծանր մեղադրանք էր գլխավոր դատախազին: Դրանից հետո Աղվան Հովսեփյանը առնվազն ձեռնաշղթաներով պիտի դուրս գար այդ շենքից: Բայց Աղվան Հովսեփյանը մնաց իր պաշտոնում, հետո պաշտոնը թողեց միայն պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Հիմա էլ խոսակցություններ կան, որ նա կարող է դառնալ միասնական քննչական մարմնի ղեկավար: Դա գիտե՞ք ինչ է, ուզում են ասել՝ փախեք Հայաստանից: Աղվանը շատ հետաքրքիր է գործել իր պաշտոնում: Օրվա առաջին կեսին կարգադրել է այս գործը փակել, այն գործը փակել, անմեղ զինվորներին նստեցնել, իսկ օրվա երկրորդ կեսին, որպես մեծ հայրենեսար, գնացել է Արագած լեռան մոտ ու սկսել շուրջպար պարել: Հիմա նույն ձևով Գևորգ Կոստանյանն է անում: Հայտարարում է, որ պատասխան է տալիս իր՝ զինդատախազ աշխատած տարիներին կատարվածի համար: Եթե այդպես է, ուրեմն հիմա նա պիտի լիներ կամ ԿԳԲ-ի մեկուսարանում կամ «Սովետաշենի» բանտում: Պետք է մաքրվի դաշտը, պետք է կամ դուխով ուժեղ ձեռք, կամ բյուրեղյա մաքրությամբ անցյալ ունեցող անհատներ գան համակարգ:

-Դատարանները մի՞թե չեն կարող շտկել իրավիճակը: 

-Մենք դատավոր չունենք Հայաստանում, ստրկամիտ ստրուկներ են, կատարում են նախաքննական մարմնի բոլոր հրահանգները: 

աղաքացիական խիզախությո՞ւն է պետք: 

-Քաղաքացիական խիզախությունը չի օգնի նրանց: Կարծում եմ՝ բարոյական մարդն այս պայմաններում չի կարող դատավոր աշխատել: 

Մեկնաբանություններ (6)

Վեհարի Առաքելյան
Ռուբեն Մարտիրոսյանը տեսնում է և ասում այն ինչն իրականություն է: Մենք ազգովի պետք է ընտրենք ոչ թե նախագահ, այլ հանցագործ նախագահին ու համակարգին քրեական պատասխանատվության հրավիրելու համարձակություն ունեցող Գլխավոր Դատախազ,` Ռուբեն Մարտիրոսյան անունով:
hasmik
Գիտեք, ֆաշիստական Գերմանիայում էլ էր նույնը, ցերեկը ֆաշիստները հազարավոր մարդկանց էին սպանում, երեկոյան այցելում եկեղեցիներ ու երեկույթներ կազմամկերպում
Vahagn
2 hasmik Հասմիկ, իսկ Դուք հիմա որտեղի՞ց եք գրում. կոնցլագերի՞ց, թե եկեղեցական երեկույթից։
Գեւորգ
Եթե հիշում եք, մի ժամանակ «պահեստապետը» իրականում հանդիսանում էր «պահեստակեր»: Հիմնարկությունների պահակների իրական զբաղմունքը հենց գողությունների կազմակերպումն էր՝ եթե մեկին մի բան էր հարկավոր լինում հանելու, ապա հենց պահակների հետ էին պայմանավորվում: Թաղային միլիցիոները իր «դաստիարակությանը» հանձնված, բանտից ազատված հանցագործի վրա «նալոգ» էր դնում, ստիպելով նրան նորից գողություններ կատարել: Այսինքն գոյություն ուներ հասկացությունների ու արժեքների իրական նենգափոխոխում՝ ուղիղ հակառակի նշանակությամբ: Սակայն սովետական անցյալում նույնիսկ գոյություն ուներ բարոյականության փոքր ինչ ավելի բարձր սահման - օրինակ, գազանային սպանությունը, մանկան բռնաբարությունը, բացահայտ խոշոր թալանը, որեւէ քննիչ կամ դատավոր չէր համարձակվում պարտակել որեւէ կաշառքի դիմաց: Պատաճառը թերեւս վախն էր նաեւ, քանի որ կար ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ իր բոլոր մեծ ու մանր թերություններով հանդերձ: Կար նաեւ ավելի կարող հասարակություն՝ եթե դատավորը չպատժեր, ապա մեծի մասամբ տերը ինքնադատաստան կտեսներ: Հիմա բարոյական չափանիշներն են խիստ փոխվել, մարդիկ են ավելի կոտրվել, եւ ամենակարեւորը՝ մոտեցել ենք պետականության իմատիացիայի սահմանին:
ՆԱՌ
ԱՅՈ ՑԱՎՈՔ ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՌԸ ՄԵՐ ՑԱՎԱԼԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ԲՈԼՈՐ ԶԻՆ.ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՀԱՆՁԻՆՍ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ: ՓՈՂԻ ԳԵՐԻ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ, ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ՍՐԻԿԱՆԵՐ....
hasmik
ՀԱ 3 Վահագն, ցերեկը աղվանի փոխարեն օրվա առաջին կեսը հրամայւմ եմ այս կամ այն գործը փակել, հետո էլ գնում եմ խաչ կառւցելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter