
Նոյեմբերյանում աճուրդը բազմամարդ էր, բայց մրցակցություն չէր ապահովում
Նոյեմբերյան քաղաքում փոքրաթիվ չեն այն բնակիչները, որոնք խորհրդային տարիներին եւ դրանից հետո իրենց ամրագրված հողատարածքների սեփականության իրավունքը չեն վավերացրել փաստաթղթերով: Դեպքեր են եղել, երբ տվյալ հողատարածքի համար աճուրդ է արվել, գնորդը պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ, վճարել է գումարը, սակայն տեղյակ չի եղել, որ սեփականության իրավունքը պետք է գրանցի Անշարժ գույքի կադաստրում: Փաստացի հողատարածքը զբաղեցվել, օգտագործվել է, բայց ըստ օրենքի` այն իրեն չի պատկանել: Մոտ 4 տարի առաջ Նոյեմբերյանի երկու բնակիչ դատական կարգով քաղաքապետարանից հետ են ստացել իրենց գումարները:
«Տարածքներ կան, որ մարդիկ զբաղեցնում են, բայց հողահատկացման հիմքեր չկան, - ասում է Նոյեմբերյանի փոխաքաղաքապետ Խաչիկ Գիշյանը,- դա իմ պապական հողն է, ես այն ժառանգել եմ եւ նման փաստարկները օրենքը չի ընդունում: Այսօր հող տրամադրելու միակ միջոցը աճուրդներն են»:
Ապրիլի 28-ին Նոյեմբերյանում հայտարարված աճուրդի մասնակիցներից մեկը, ով նաեւ հաղթեց աճուրդում, ըստ էության աճուրդի միջոցով իր օգտագործած հողատարածքը սեփականացնելու իրավունք ստացավ: Այդ օրը Նոյեմբերյանի քաղաքապետարանը բազմամարդ էր, սակայն մասնակիցների բազմաքանակությունը աճուրդի հանված լոտերի քանակով էր պայմանավորված եւ աճուրդի մրցակցությունը չէր ապահովում: Այս անգամ աճուրդի էր դրված 6 լոտ հողատարածք, եւ յուրաքանչյուր համար դիմել էր երկու մասնակից: Միայն մեկ լոտի համար քաղաքապետարանը հայտ չէր ստացել:
Աճուրդն անց էր կացնում փոխքաղաքապետ Խ. Գիշյանը, ով յուրաքանչյուր աճուրդից առաջ ներս էր հրավիրում երկու մասնակցին, ստուգում նրանց փաստաթղթերը, վճարման կտրոնները, ներկայացնում աճուրդի անցկացման կարգը: Ավագանու որոշմամբ՝ մասնակցության վճարը սահմանված էր 10 հազար դրամ: Գումարի չափը որոշվել էր մասնակցության վճարի նվազագույն եւ առավելագույն գների միջին չափը նկատի ունենալով, որի միջոցով փակում են աճուրդի անցկացման ծախսերը: Խ. Գիշյանը հաշվում է աճուրդի հանված հողատարածքի մեկնարկային գինը, քայլի չափը, որը որոշվում է մեկնարկային գնի 5%-ի չափով: Բոլոր աճուրդները ավարտվեցին երկու քայլով: Մրցակցի երկրորդ քայլից հետո պարտվող կողմը նշում էր, որ այդ գումարն իր համար շատ է, չի կարող այդքան վճարել:
Այս անգամ աճուրդի էին դրված հասարակական եւ բնակելի կառուցապատման հողատարածքներ: Այստեղ կադաստրային գինը սահմանված է առաջինի դեպքում՝ 2000 դրամ 1քմ-ի համար, բնակելիի համար` 810 դրամ 1քմ-ի համար: Աճուրդի արդյունքում ամենաթանկը վաճառվեց 0.06421 հա հողատարածքը: Թանկ լինելը կապված չէր աճուրդի քայլերի քանակությամբ, ուղղակի այդ հողատարածքը չափերով ամենամեծ էր: 520.100 դրամ մեկնարկային գին ունեցող հողատարածքը վաճառվեց 572.100 դրամով: Փոխքաղաքապետի ասելով` այդ գումարը փոքր-ինչ շատ է Նոյեմբերյանի համար, ինքը կցանկանար, որ գնորդն այդ գումարով իր տունը կառուցեր, բայց մյուս կողմից էլ հասկանում է, որ աճուրդից ստացված գումարներն անհրաժեշտ են ֆոնդային բյուջեն ապահովելու համար: Տարիներ առաջ հողն այստեղ բավականին էժան էր, այժմ համատարած գներն աճել են:
Ֆոնդային բյուջեի գումարով, ինչպես ներկայացրեց փոխքաղաքապետը, Նոյեմբերյանում վերջերս ասֆլատապատվել է կենտրոնական փողոցի մի հատված, (նախկինում սեփական միջոցներով Նոյեմբերյանում ասֆալտապատում չի արվել): 2014 թ.-ին նախատեսվում է ամբողջությամբ փոխել Նոյեմբերյանի ջրի ներքին ցանցը, որի համար «Հայջրմուղկոյուղին» է ներդրում ապահավելու: Խ. Գիշյանն ասում է, որ ջրի կորուստը պետք է հասցնել նվազագույնի, քանի որ մինչ այժմ ջրի 20%-ն է հասնում բնակչին, 80%-ը թափվում է փողոցներում: Բայց այս աշխատանքների արդյունքում անհարժաշտ է լինելու քանդել քաղաքի փողոցների մեծ մասը: Այսինքն, մինչեւ չփոխվեն ջրային խողովակները, ճանապարհաշինությունն աննպատակ կլինի: Ֆոնդային բյուջեն պետք է օգտագործվի հետագայում փողոցների բարեկարգման համար: Նոյեմբերյանի որոշ թաղամասերում ճանապարհների վատ վիճակի պատճառով է, որ աղբատար մեքենաները չեն կարողանում մտնել եւ աղբահանություն իրականացնել: Փոխքաղաքապետը նշում է, որ այժմ քաղաքում պետք է տեղադրվեն նաեւ աղբամաններ, որոնք գրեթե բացակայում են: Շարունակվում են քաղաքի լուսավորման աշխատանքները, որի արդյունքում տարվա վերջին քաղաքը պետք է լուսավորված լինի ամբողջությամբ:
Խ. Գիշյանը հիշում է, որ տարիներ առաջ մարդիկ ձգտում էին անպայման գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերել, բայց այժմ գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում. մարդիկ շահագրգռված չեն ներդրում անել հողի վրա: Գյուղնշանակության հողերն այստեղ մեծ պահանջարկ չունեն, հիմնականում մեծ է հասարակական կառուցապատման հողերի պահանջարկը: Խ. Գիշյանը կարծում է, որ պետք է այնպիսի ճկուն քաղաքականություն վարել, որպեսզի բնակիչը կարողանա ե՛ւ հող ձեռք բերել, ե՛ւ ներդրում կատարելու հնարավորություն ունենա:
Մեկնաբանել