
Իրանական ընկերությունը հրաժարվեց «Նաիրիտը» սնանկ ճանաչելու հայցից
«Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու պահանջով իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության հայցը կարճվել է:
Ապրիլի 25-ին SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել դատարան, որով հրաժարվել է սնանկության դիմումի պահանջից և խնդրել է գործի վարույթը կարճել:
Հաջորդ օրն իսկ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արա Կուբանյանի, հիմք ընդունելով փաստաբանի միջնորդությունը, վճռել է կարճել գործի վարույթը: Դատարանը վճռել է նաև իրանական ընկերությունից բռնագանձել չվճարված պետտուրքը՝ 500 հազար դրամի չափով:
Անցյալ տարվա նոյեմբերին իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը դիմել է դատարան և հայտնել, որ «Նաիրիտ գործարանը» SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության հանդեպ ունի շուրջ 27 հազար դոլարի պարտավորություն և առկա է պարտավորության կատարման 330-օրյա կետանց:
Պատճառաբանելով, որ գործարանը իրանական ընկերության հանդեպ ունի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող վճարային պարտավորություն և առկա է պարտավորության կատարման 60 օրը գերազանցող կետանց, խնդրել է գործարանը ճանաչել սնանկ։
Հիշցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, որպեսզի գործարանի ղեկավարությունը դիմեր Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռեգիստրին ընկերության գրանցման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, իսկ հայցվորի ներկայացուցիչը խոստացել էր ընկերության տնօրենից ստանալ և հավելյալ փաստաթղթեր ներկայացնել:
Մեկնաբանել