
Հոգեւորականները պետք է հասկանան, որ չի կարելի քարոզել մի բան, բայց անել այլ բան
«Հետքի» հարցերին պատասխանում է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ Զավեն Քալաջյանը:
Ո՞րն է պատճառը, որ Վաշինգտոնում ապրող հայերը Հայաստանի մասին շատ բան չգիտեն, տպավորությունս այնպիսին է, որ նրանք կտրված են Հայաստանից:
Միանշանակ չէ, որ սփյուռքը հետաքրքրված չէ Հայաստանով, ուրիշ բան, որ սփյուռքում որեւէ բան կազմակերպված չէ Հայաստանի համար: Աշխատող միջոցներ չկան, որ կապ լինի Հայաստանի հետ: Ուրիշ երես կա այս հարցին, որ Ամերիկայում գլխավոր հարցը հայ մնալն է, որի շուրջ համախմբվում են հայերը: Մեր եկեղեցու բոլոր ջանքերն էլ դրան են ուղված, ոչ թե, որ նստենք տեսնենք` ինչ կարող ենք անել Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ կրթական համակարգի համար:
Մյուս կողմից էլ` չեմ տեսնում, որ Հայաստանում անկեղծորեն փորձում են սփյուռքին մասնակից դարձնել Հայաստանի ներքին կյանքին: Ենթադրում եմ, որ չեն ուզում սփյուռքի մասնակցությունը լինի, որովհետեւ իրենք պետք է որոշ չափով իրենց տեղը զիջեն: Նույնիսկ ներդրումների միջոցով սփյուռքն անմիջական մասնակցություն չունի ծրագրերի կատարմանը: Փողն ուղարկում են ու այնքան էլ չեն մասնակցում, թե գումարն ինչպես ծախսվեց: Կարող է հետեւում են, բայց շատ հեշտությամբ կարելի է խաբել:
Մտածում եմ, որ կառավարությունը շատ մեծ հաջողություններ կունենար կոնկրետ ոլորտներում, եթե խորհրդատվական կարգով մարդկանց հրավիրեր, որպեսզի հասկանան, թե ինչպես մոտենան կոնկրետ խնդիրներին, մտքերի, փորձի փոխանակում լինի եւ այլն: Վերջ ի վերջո, սփյուռքում կյանքի փորձ ունեցող մարդիկ կան, որոնք պատրաստ են Հայաստանին օգնել:
Իմ փորձով ասեմ: 2001 թ. մեկն ինձ կանչեց Հայաստան, որ ինժեներական գործերով իրենց օգնեմ: Իմ աշխատանքը հավանել էին: 6-7 տարի մնացի Հայաստանում, այդ ընթացքում եկեղեցու հետ էի աշխատում: Շատ մարդիկ գնահատեցին, որ ԱՄՆ-ից եկել էի Հայաստան, ես էլ ինձ լավ զգացի, որ կարողանում էի օգնել մարդկանց: Դա շատ կարեւոր բան է:
Եթե Հայաստանում գնահատված էիք, ինչո՞ւ եկաք Վաշինգտոն:
Ծնողներս ԱՄՆ-ում էին, արդեն մեծանում էին, թոռնիկներին էին կարոտում: Դա մեծ դրդապատճառ էր Ամերիկա հետ գնալու համար: Մյուս կողմից` մտածում էի, որ Հայաստանում քահանա կձեռնադրվեմ եւ կմնամ այնտեղ, բայց կաթողիկոսի հետ տարաձայնություն ունեցա եւ մտածեցի, որ ապագան ուրիշ տեղ փնտրեմ:
Փաստորեն, այնքան էլ գնահատված չեք եղել:
Եվ գնահատված էի եւ գնահատված չէի: Դուք գիտեք, որ ճնշումը ոչ միայն սովորական քաղաքացիների վրա է, եկեղեցու ներսում էլ ճնշումներ կան: Մի խոսքով, երբ տեսա, որ պետք է մտածեմ իմ մասնագիտության շուրջ եւ առաջ գնամ, դրան էլ գումարած` ծնողներիս հետ կապված հարցերը, եկանք ԱՄՆ: Բայց միշտ նպատակ ունենք գնալ Երեւան:
Մամուլում հրապարակումներ եղան մի բարձրաստիճան հոգեւորականի մասին, որ թանկարժեք ավտոմեքենա եւ զենք է նվեր ստացել: Արդյոք նման երեւույթները չե՞ն խզում եկեղեցի-հասարակություն կապը:
Տեսականորեն թանկարժեք մեքենա նվեր ստանալը կարող է ոչ մի բանի չխանգարել: Այդ մարդը նվեր է ստացել իր սանիկից, բայց եթե ընդհանուր վիճակն այնպիսին է, որ ժողովրդի մոտ տպավորության կա, թե իրենք եկեղեցուց շատ բան չեն ստանում, եւ միայն եկեղեցին է պահանջում ժողովրդից, շատ բաներ էլ սփյուռքից է ստանում, սա արդեն այլ է:
Հասարակ ժողովուրդը տեսնում է, որ բարձրաստիճան հոգեւորականները հանգիստ կյանք են վայելում, երբ որ իրենք դժվարության մեջ են ապրում, դա ժողովրդին հեռացնում է եկեղեցուց: Այդ փաստը դրդում է ժողովրդին հոգեւոր սովը հագեցնելու համար ուրիշ տեղ գնալ եւ այլ աղբյուրներից օգտվել: Իսկ թե ինչու է եկեղեցին իրեն այդպես պահում, չեմ կարող ասել: Կարող է սովետական ժամանակներից ժառանգած կեցվածք է, կամ էլ հոգեւորականները վախենում են ժողովրդի առջեւ բացվելուց:
Եթե իրենք ապրեն ինչպես Հիսուս Քրիստոսը, նշանակում է` համեստ եւ ծառայող կեցվածք պիտի ունենան ժողովրդի առջեւ: Երեւի դժվար է, դժվար է խոնարհվել ժողովրդի առջեւ: Չեմ ուզում ասել, որ ժողովուրդը մեղք ունի, բայց ժողովուրդն է վեր պահում հոգեւորականներին, բարձր տեղ են տալիս նրանց: Ժողովրդի սխալը չէ, որվհետեւ իրենք ուրիշ ձեւ չգիտեն:
Ճիշտ է, պետք է հարգանք ցուցաբերել հոգեւորականների նկատմամբ, բայց պետք չէ նրանց վերաբերվել իբրեւ իշխանի կամ անձեռնմխելի անձի: Ես կուզենայի եկեղեցին տեսնել օգնողի, նեղին հասնողի դերում, եւ հոգեւորականներն էլ ժողովրդին ցույց տան, որ իրենք իսկապես ապրում են այնպես, ինչպես քարոզում են: Քրիստոնեությունը հեշտ կյանք չէ, բայց ճիշտ կյանք է, եւ հոգեւորականները պետք է հասկանան, որ չի կարելի քարոզել մի բան, բայց անել այլ բան:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել