HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«911» ծառայությունից բնակչին ասել են, որ կռունկ չունեն

Մայիսի 1-ին Հայաստանի տարբեր շրջաններում գրանցված ուժեղ քամու հետևանքով հիմնականում տանիքներ են վթարվել: Առաջացած արտակարգ իրավիճակների մասին շուրջ 11 ահազանգի մասին տեղեկատվություն է գրանցված ԱԻՆ պաշտոնական կայքում, որտեղ նշված է, որ հիմնականում փրկարարները ապամոնտաժել են տանիքների վթարված հատվածները:

Սակայն «Հետք» կայքին դիմած Երջանիկ Մուրադյանի ահազանգը` նույն 911 հեռախոսահամարին, չգտանք կայքում: Բնակիչն ապրում է Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցի 202/Վ շենքում: 

Շենքի տանիքը` վթարից հետո

Նա  պատմեց, որ ուժեղ քամու հետևանքով իրենց շենքի տանիքը` շուրջ 50 քմ տարածք փայտե կոնստրուկցիաներով, առանձնացել է հիմնական մասից ու արդեն 3-րդ օրն է կախված է իրենց պատուհանների վրա:

«Հետքը» եղավ վերը նշված հասցեում ու լուսանկարեց պատուհանների վրա կախված տանիքը:

«Վթարային իրավիճակ է, տանիքի պոկված մասը կարող է ամեն վայրկյան փլուզվել ու թափվել ներքև: Գոնե ապամոնտաժեին, որ վտանգավոր չլիներ անցնելը»,-ասաց Ե. Մուրադյանը, ով հենց դեպքից հետո դիմել է ԱԻՆ «911» ծառայություն, որտեղից եկել ու վթարային մասը ժապավեններով առանձնացրել են տարածը: 

Ժապավեն կապողները հայտնել են, որ կռունկ չունեն` տանիքի կախված մասը փրկարարների օգնությամբ ապամոնտաժելու ու վթարը վերացնելու համար:

Մայիսի 2-ին շենքի բնակիչ Մուրադյանը դիմում է ներկայացրել ԱԻՆ-ի անունով` խնդրելով վերացնել վթարային իրավիճակը շենքի բակում, որտեղից հայտնել են, որ խնդրի մասին տեղյակ է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և կոմունալ վարչության պետը:

«Բնական աղետի հետևանքով ստեղծվել է վտանգավոր վթարային իրավիճակ, իսկ պատկան մարմինները չեն կարողանում նման պարագայում համագործակցել, օպերատիվ վերացնել վթարը, հաշվարկել վնասները»,- զարմացած է Երջանիկ Մուրադյանը` նշելով, որ փոխարենը միայն հարկեր են հավաքում քաղաքացիներից:

«Պատկերացնո՞ւմ եք` երբ անձրևի, ինչ կաթոցներ կսկսվեն բնակարաններում: Վթարը վերացնելուց հետո էլ գալիս է մեկ այլ խնդիր, վնասները հատուցելը, նոր տանիք սարքելը»,-ասաց Ե. Մուրադյանը:

«Հետքը» դիմեց ԱԻՆ «911» ծառայություն, որտեղից մեզ ուղղորդեցին օպերատիվ հերթափոխ: Օպերատիվ հերթափոխի պետը, ի պատասխան մեր հարցին, թե «911» ծառայությունը կռունկ ունի, թե ոչ, նշեց, որ մեր հարցերն ուղղենք գրավոր: Իսկ լսելով Արմենակյան փողոցի արտակարգ իրավիճակի մասին` ասաց, որ նախարարությունում և համապատասխան պետական օղակներում տեղյակ են դեպքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter