«Սերժ Սարգսյանը հրապարակային քաղաքականության վերջին իսկ նշույլները պետք է վերացնի»
«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
-Պարոն Դանիելյան, քաղաքական դասավորությունը նկատելիորեն փոխվել է: Նոր վարչապետի գլխավորությամբ Կառավարությունը «վերաբնակեցվել» է հիմնականում ՀՀԿ-ականներով, որոնցից ոմանք, այսպես ասած` քոչարյանական կադրեր են: Ինչո ՞վ եք պայմանավորում այս տեղաշարժը:
-Իմ կարծիքով սա այն տեսակետն է, որը ցանկանում են մեզ ներշնչել: Գործող իշխանության բոլոր քայլերն ունեն մեկ նպատակ` վերարտադրել ռեժիմը: Տվյալ դեպքում կադրերը ոչինչ չեն որոշում: Իշխանության հարցը որոշվում է ուժային կառույցների միջոցով և այն համակարգի, որն իրենց հայտնի եղանակով կազմակերպում է «ընտրություններ» կոչված միջացառումը: Այս առումով ոչինչ չի փոխվել:
Այդ իսկ պատճառով այն հարցը, թե ում կադրերն են դրանք, մեզ չպետք է հետաքրքրի: Կառավարությունը ծառայելու է այն անձին, ով կատարում է այդ նշանակումները: Մեզ պետք է բոլորովին այլ հարց հետաքրքրի. թե ինչպես մենք` հասարակությունս, կկարողանանք փոխել իրավիճակը: Իմ կարծիքով ոչ՛ հանրահավաքները, ոչ՛ երթերն ու բողոքները իրավիճակի վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ: Գլխավորը կուսակցությունների խնդիրն է:
Ըստ Սահմանադրության` խորհրդարանական ընտրություններին մասնակցում են կուսակցությունները, և անկախ ամեն ինչից, վերջում այդ կուսակցություններից մեկն ու մեկը գալիս է իշխանության, իսկ Հայաստանում գոյություն ունեցող կուսակցությունները փակ կառույցներ են և ոչ հասարակության, ոչ էլ անգամ իր անդամների առջև ոչ հաշվետու:
Դրանք կա’մ տոտալիտար, կամ ավտորիտար համակարգեր են, և եթե անգամ ենթադրենք, որ տեղի ունենա համաժողովրդական հեղափոխություն, միևնույն է, իշխանության է գալու հակաժողովրդական արժեքներով ու հակաժողովրդական կառուցվածքով գործող կուսակցություններից մեկը և իր իր տեսակին համապատասխան իշխանություն է ձևավորելու: Դա է Սահմանադրության պահանջը: Պատահական չէ, որ վերջերս ՀՀԿ-ն հայտարարեց, որ իշխանությունը պատկանում է իրենց, առնվազն մոտակա 10 տարում:
Սերժ Սարգսյանը ստվերային գործիչ է և լավ հասկանում է, որ հրապարակային քաղաքականության ժամանակ նա կպարտվի և՛ Քոչարյանին, և՛ Տեր-Պետոսյանին և որևէ մի նոր խարիզմատիկ գործչին և այդ իսկ պատճառով ցանկանում է իշխանությունը կենտրոնացնել կուսակցության ձեռքում, այսինքն` հրապարակային քաղաքականության վերջին իսկ նշույլները պետք է վերացնի:
Սերժ Սարգսյանը ժամանակին Քոչարյանին կարողացավ շրջանցել հենց «կուսակցաշինության» միջոցով: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քոչարյանը պարտվեց: Հիմա խոսել այն մասին, թե Քոչարյանի կադրերն են նշանակվել կառավարությունում, լուրջ չէ:
Սերժ Սարգսյանը բոլորից լավ է հասկանում, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը Հայաստանում: Կարծում եմ, որ շան գլուխը հենց այդտեղ է թաքնված:
-Իսկ հնարավո՞ր է փոխել իրավիճակը:
-Իհարկե, հնարավոր է: Եթե անգամ Հայաստանի ողջ հասարակությունը դառնա գերգիտակից, միևնույն է` ոչինչ չի փոխվի, եթե չկարողանա ստեղծել այլընտրանքային համակարգ:
Հիմա գործող իշխանությունը նախապատրաստել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որտեղ փորձ է արվում անցնել խորհրդարանական կառավարման մոդելին, սակայն իշխանության ձևավորման այդ հիմնական ինստիտուտի` կուսակցությունների մասին, որոնց անցնելու է ողջ իշխանությունը (ըստ այդ նախագծի հանրապետության նախագահը մոտավորապես ստանում է այսօրվա ՍԴ նախագահի կարգավիճակը) ոչինչ չի ասված:
Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր ուժը «կուսակցությունն» է և այդ պատճառով ցանկանում է թուլացնել նախագահի պաշտոնի նշանակությունը և ամբողջ իշխանությունը կենտրոնացնել ՀՀԿ-ի ձեռքում: Սահմանադրական փոփոխությունների իմաստը դա է:
Իմ կարծիքով ճիշտ կլիներ սահմանադրորեն ամրացնել կուսակցությունների մասին որոշակի պահանջներ, օրինակ այն, որ կուսակցությունները ցուցակները կազմեն համգումարների ժամանակ` ռեյտինգային ձևով կամ էլ ինտերնետային քվեարկությամբ, որին մասնակցեն կուսակցության բոլոր անդամները, կուսակցությունների ղեկավար կազմը երկու տարին մեկ ամբողջովին փոխվի, կուսակցություններից ընտրված պատգամավորն իր լիազորությունները վաղաժամ վայր դնելու գործընթացը տևի մեկ տարի (մենք բոլորս էլ գիտենք, որ կուսակցությունների ղեկավարները առանց ամսաթվերի ունենում են առանց ամսաթվի մանդատները վայր դնելու դիմումներ, ինչը նրանց ուղղակի կախման մեջ է դնում կուսակցության առաջնորդից) և այլն:
Սակայն հասկանում ենք, որ գործող ռեժիմը երբեք դրան չի գնա: Որպես լուծում` կարող է լինել Հայաստանում մի նոր` քաղաքացիական կուսակցության հիմնումը, որը նոր մշակույթ և նոր ավանդույթներ կներմուծի: Կարելի է բավականին գործում և արդիական լուծումներ գտնել այդ կուսակցության կառուցվածի և բովանդակության վերաբերյալ: Հենց այդ լուծումների միջոցով կարելի կլինի նոր բովանդակային փոփոխություններ մտցնել քաղաքական կյանքում:
-Չե՞ք կարծում, որ հասարակության զգալի մասն արդեն հոգնել է «կուսակցաշինությունից»:
-Իհարկե, հոգնել է և ճիշտ է արել, որ հոգնել է: Որովհետև ողջ չարիքը կուսակությունների մեջ է: Ինչ ուզում եք արեք, ուզում եք հեղափոխություն արեք, մեկ է` վերջում Սահմանադրության պահանջին համապատասխան իշխանությունը մի որևէ կուսակցություն է վերցնելու և ամեն ինչ սկսվելու է նորից: Ողջ խնդիրն այն է, թե ինչպիսի կուսակցություն է ստեղծվում:
Տեսեք, եթե ստեղծվի մի կուսակցություն, որի անդամությունը լինի այդ կուսակցության կայքում գրանցվելով և որտեղ բացակայեն կուսակցական ֆունկցիոներները, որտեղ բոլոր որոշումների ընդունումը, ընտրական ցուցակների կազմելը լինի online քվեարկություններով տասնյակ հազարավոր անդամների մասնակցությամբ և ղեկավար կազմը, ասենք, երկու ամիսը մեկ փոփոխվի` ըստ այդ քվեարկությունների, ապա մենք կկարողանանք ձերբազատվել այն ողջ արատներից, որոնք բնորոշ են գործող կուսակցություններին: Այդ մեխանիզմները կարելի է զարգացնել: Սա ընդամենը պահի տակ արված առաջարկություններ են:
Տեսեք, այս ողջ ընթացքում այն քաղաքացիական նախաձեռնություններն են հաջողության հասել, որտեղ չեն եղել ֆունկցիոներներ և առաջնորդներ: Իսկ որտեղ կուռ կառույցներ են ստեղծվել՝ թեկուզ քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, պարտվել են: Որտեղ չկան ֆունկցիոներներ, կա թափանցիկություն, այնտեղ տիրում է փոխվստահություն: Դա կարող է լինել ապագա հասարակության մոդելը: Գործող կուսակցությունները նույնպես կարող են վերանայել իրենց կանոնակարգը, որին, սակայն, դժվար է այսօր հավատալը: Շատերն են մեղադրում հասարակությանը, որ պասիվ է, ոչ գիտակից: Ես այլ կարծիքի եմ, խնդիրն ընդամենը զուտ կազմակերպական արդյունավետ ֆորմատների բացակայությունն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել