HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգում-պարում ենք, որ ապրենք

«Կհալվեմ ես, կմաշվեմ, կրակի մեջ կխաշվեմ։ Ասա՛, ե՞րբ կգա իմ բալեն, ես օրերը կհաշվեմ»,- երգում է Սոնյա Չիչյանը։ Նա երգչուհի չէ, երգն էլ ինքը չի հորինել։ Երբ հարցնում եմ՝ ո՞վ է հեղինակը, ասում է. «Նա, ով էս ամեն ինչի հեղինակն ա»։

Քսան տարի առաջ Սոնյա Չիչյանն իր բազմանդամ ընտանիքով ապրում էր Դաշտային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Ամուսինը շինարար-բանվոր էր, արտագնա աշխատանքով էր զբաղվում Ռուսաստանում՝ աշնանը գալիս էր, գարնանը` կրկին մեկնում։ Աշխատած փողով հասցրել էին երկհարկանի մեծ տուն կառուցել։ Երեք տղա ունեին, մեկ աղջիկ։

Նրանց կյանքն արմատականորեն փոխվեց 1991 թվականին, երբ ադրբեջանցիները ռուսական բանակի գործուն մասնակցությամբ սկսեցին «անձնագրային ռեժիմ» իրականացնել Լեռնային Ղարաբաղի հարավում եւ Դաշտային Ղարաբաղի հայաբնակ գյուղերում։ Այսպես կոչված «կոլցո» (օղակ) գործողության արդյունքում հայաթափվեցին տասնյակ գյուղեր, որոնց բնակիչները, դառնալով փախստական, տեղափոխվեցին Հայաստան։

Տիկին Սոնյան, սակայն, չի օգտագործում «փախստական» բառը։ «Մենք բռնագաղթած ենք»,- ասում է նա ու բացատրում տարբերությունը։ Ըստ նրա՝ փախստականը նա է, ով ինչ-ինչ պատճառներով, թեկուզ հարկադրաբար, որոշել է հեռանալ իր ծննդավայրից։ Փախստական է համարում, օրինակ, Բաքվից ու Սումգայիթից հեռացած հայերի մի մասին։ Իսկ բռնագաղթածը, Սոնյա Չիչյանի կարծիքով, նրանք են, ում հաշված ժամերի ընթացքում լցրել են ուղղաթիռներն ու տեղափոխել։

Նրա կրտսեր որդին բռնագաղթից առաջ ծառայելիս է եղել սովետական բանակում։ «Արդեն տուն պիտի գար, բաց էին թողել, մեկ էլ իմանում ա, որ տուն չի կարա գա, ի՞նչ տուն, տուն չկա»,- հիշում է տարեց կինն ու պատմում, որ Հայաստանում երկար փնտրելուց հետո միայն կարողացել է գտնել բանակից զորացրված որդուն։

«Սա է բռնագաղթածը,- հառաչելով ասում է նա ու ավելացնում,- ես ի՞նչ եմ իմացել` սա ի՞նչ գյուղ ա, տեղն էլ իսկի չեմ իմացել»։

Սոնյա Չիչյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ Բռնագաղթից անմիջապես հետո նրանց ուղարկել են նախկին ադրբեջանաբնակ այս գյուղը, որտեղ տարվա ուղիղ կեսը ձմեռ է եւ կարտոֆիլից բացի ոչինչ չի աճում։ Պայմաններին չհարմարվելով` երկու որդիները տեղափոխվել են Ռուսաստան։ Մեկն Օրենբուրգում է ապրում, մյուսը՝ Արմավիրում։ Աղջիկն ընտանիքով բնակություն է հաստատել Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում։ Նորաբակում հաստատվելուց երեք տարի անց ամուսինը մահացել է։ Ամուսնու վաղաժամ մահվան պատճառը ադրբեջանցի եւ ռուս զինվորների կտտանքներն են եղել։ Նա երկու անգամ պատանդ է վերցվել եւ տանջահար վիճակում ազատվել գերությունից։

«Որ խառնակությունը սկսվեց, մենք կարայինք ավելի շուտ դուրս գայինք, բայց մենք մտածում էինք, որ «Գետաշեն ծնվել ենք, Գետաշեն տներ ենք սարքել, հարազատներ ա եղել, Գետաշեն էլ կմնանք, բայց դա մի երազանք էր»։

Նորաբակում նրա հետ է միայն կրտսեր որդին։ Հեռանալուց հետո ավագ որդիներին ու դստերը չի տեսել։ «Ես իմ երեխոցը արդեն մոռացել եմ։ Նրանց գանգուր մազերն էլ ա իմ մտան ընկել, նրանց խոսալն էլ ա իմ մտան ընկել։ Էլ որ տեսնամ, կարող ա իմ երեխոցը ճանաչեմ ոչ»,- ասում է տիկին Սոնյան՝ միեւնույն ժամանակ արդարացնելով իր զավակներին։ «Նրանց էլ մեղադրելու չի, գալն ու գնալը շատ ա դժվարացել։ Ես որ ուզեմ, կարա՞մ գնամ, կարամ ոչ»։

Տիկին Սոնյան 10000 դրամ թոշակ է ստանում։ Օրական 333 դրամով նա չի էլ կարող երազել զավակներին երբեւէ տեսնելու մասին։ Չնայած տարիքին` աշնանը մասնակցում է կարտոֆիլի բերքահավաքին։ Ասում է՝ օրական երկու հազար դրամ են տալիս, բայց դա էլ ժամանակավոր է։ Այդուհանդերձ, չի բողոքում իր սոցիալական վիճակից։ Նրա գլխավոր խնդիրը կենսունակությունը պահպանելն է, ինչն անում է գերագույն ճիգով։

Իր արտասանած ոտանավորներով տիկին Սոնյան խոստովանում է. «Համարյա կեղծ է ժպիտս», «Բերանս երգում է հրճվանք, հոգիս՝ նեղություն, տառապանք», «Աշխատում եմ զվարթ ման գալ» ու նման բաներ։

«Էս տողերը դո՞ւք եք գրել»,- հարցնում եմ։

«Մենք էլ ենք գրել, ուրիշ տեղերից էլ ենք կարդացել ու հարմարացրել մեզ համապատասխան, որ ապրենք»,- ասում է Գետաշենից բռնագաղթած կինը եւ, որ ավելի հասկանալի լինի ապրելու իր կերպը, միացնում է մագնիտոֆոնն ու միայնակ պարում Նորաբակ գյուղում գտնվող իր տան նեղլիկ միջանցքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter