
Հայաստանում ձեթի արտադրության բում է
Հայաստանում 2013թ. արտադրվել է 4.5 հազ. տոննա ձեթ (բուսական յուղ): Սա կրկնակի գերազանցում է 2012թ. մակարդակը ու 7.5 անգամ՝ 2011թ. մակարդակը: Կարելի է ասել, որ Հայաստանում ձեթի արտադրության բում է, թեև տեղում արտադրվող ձեթն առայժմ բավարարում է ներքին շուկայի պահանջարկի ընդամենը 15%-ը (ձեթի ներքին տարեկան պահանջարկը մոտ 30 հազ. տոննա է):
Ձեթի արտադրությամբ Հայաստանում զբաղվում են 4-5 ընկերություններ, սակայն միայն «Շող» ընկերությունն է արտադրությունը հասցրել գործարանային պատշաճ մակարդակի: Այս ընկերությունն արտադրում է հիմնականում արևածաղկի ձեթ: Վերջերս ակտիվացել է նաև Ստեփանակերտում «Ռայփսիդ» ընկերության գործարանը: Բացի դրանցից՝ կան կտավատի ձեթի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություններ ու բազմաթիվ տնայնագործական արտադրություններ (հիմնականում՝ Շիրակի և Լոռու մարզերում): Կտավատի ձեթ արտադրում են «Թության» (Լոռու մարզում) և «Արտուշ Սանոսյան եւ որդիներ» (Շիրակի մարզում) ընկերությունները: Ընդ որում՝ վերջինս կտավատի ձեթն արտադրում է սառը ճզմման միջոցով, ինչն արհեստականորեն բարձրացնում է ինքնարժեքը, սակայն թույլ է տալիս պահել կտավատի ձեթի բուժական հատկությունները:
Հայաստանից մի քանի անգամ փորձ է արվել կտավատի ձեթ արտահանել, սակայն այն կայուն ընթացք չի ունեցել, հիմնականում` արտադրության փոքր ծավալների պատճառով:
Հայաստանը ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից (մոտ 14 հազ. տոննա) ու Ուկրաինայից (մոտ 8 հազ. տոննա), որոնց բաժին է ընկնում ներկրվող ձեթի մոտ 80%-ը: Ընդ որում՝ 2013 թ. զգալիորեն ընդլայնվել է Ռուսաստանից ներկրումը, իսկ Ուկրաինայից ներկրումը նվազել է մոտ 20%-ով: Ձեթի որոշ խմբաքանակ (3-4 հազ. տոննա) ներկրվում է նաև Բելառուսից: Իտալիան, որ աշխարհում ձեթի խոշորագույն արտադրողներից է, տարեկան Հայաստան է առաքում 50-60 տոննա ձեթ:
Ձեթի շուկայում վերջին տարիներին հաստատվել են գերիշխող դիրք գրավողներ: Մասնավորապես, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ավելի վաղ կատարած ուսումնասիրության` արևածաղկի ու եգիպտացորենի շուկայում գերիշխում է «Ալեքս գրիգ» ընկերությունը (մասնաբաժինը շուկայում՝ 37.5%), ձիթապտղի շուկայում՝ «Վեգեքոմ» ընկերությունը (մասնաբաժինը՝ 66%): Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս շուկայում նոր ուսումնասիրություններ են կատարվել, ու հնարավոր է՝ որոշ ճշգրտումներ արվեն: Մի քանի այլ ընկերություններ փորձում են ընդլայնել իրենց տեղն այս շուկայում, սակայն` ոչ այնքան հաջող:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել