HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոր և մանկան առողջության պահպանումը` գերակա խնդիր նոր կառավարության համար

«Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար ևս կմնա գերակա խնդիր»,- ասել է Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այսօր «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, նախարարն ակնկալել է, որ այս կազմակերպության հետ համագործակցությունն առավել արդյունավետ եւ շոշափելի կդառնա:

Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրել են 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվել է, որ «Վորլդ Վիժն»-ը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։ «Վորլդ Վիժն» Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։

Անդրադարձ է կատարվել նաև սկրինինգային, կրթական և իրազեկման ծրագրերին, ինչպես նաև վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։

Արմեն Մուրադյանը նշել է, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր գնահատել հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։ 

Երկուստեք կարևորվել են նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, և մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումնընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,-ասել է նախարար Մուրադյանը։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter