
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնը նվիրված է լինելու Ս. Փարաջանովի 90-ամյակին
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը: Եթե նախորդ տարի կինոփառատոնը ստացել էր շուրջ 1200 հայտ, այս տարի արդեն ստացվել է ավելի քան 1500 հայտ աշխարհի շուրջ 100 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի ևս անակնկալներ են խոստանում: Չնայած փակագծերը դեռ չեն ցանկանում բացել, բայց հավաստիացնում են, որ հյուրընկալելու են այնպիսի ռեժիսորների, որոնց այցի արդյունքում գոհ կլինեն բոլոր կինոսերները: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը համարում է, որ այս փառատոնը նաև ուսումնական ծրագիր է կինոյով զբաղվող երիտասարդների համար:
«Մենք նպատակ ունենք հայկական կինոն մտցնել համաշխարհային կինոյի շարքի մեջ. այն ցուցադրենք ոչ միայն Հայաստանում, այլև կարողանանք հետաքրքրել աշխարհին, - ասում է Հ. Խաչատրյանը:- Ամեն մի հայկական ֆիլմ, որ ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում, քարոզչություն է Հայաստանի համար: Ամեն մի հզոր արվեստագետ, որ գալիս է Հայաստան և գնում է Հայաստանին սիրահարված, մեզ համար շատ մեծ կարևորություն ունի»:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի նվիրված է լինելու Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Այդ առիթով լինելու են հատուկ ծրագրեր՝ ցուցահանդես, կլոր սեղան, կցուցադրվեն թե́ ռեժիսորի ֆիլմերը, թե́ ֆիլմեր նրա մասին: Փառատոնի բացման և փակման ֆիլմերը նույնպես լինելու են Փարաջանովի ֆիլմացանկից: Կազմակերպիչները դեռևս քննարկում են ֆիլմերի ընտրության հարցը: Առաջարկվում է որպես բացման ֆիլմ ցուցադրել կամ «Նռան գույնը» կամ նրա ավելի քիչ հայտնի վավերագրական ֆիլմերից մեկը:
Այս տարի ևս անփոփոխ են մնում կինոփառատոնի հիմնական ծրագրերը. 4 մրցութային ծրագրեր՝ միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ, արտամրցութային ծրագրեր՝ երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, հարգանքի տուրք: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը զարմացած է, որ այս տարի ամենաշատ հայտերը ստացել են Գերմանիայից՝ 141 ֆիլմ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 120 ֆիլմով, որին հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Իրանը: Իսկ Հայաստանից ստացվել է 59 ֆիլմ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել