HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ձեզանից շատ եմ ուզում, որ Վոլոդյան ազատության մեջ լինի». վկա

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում իր զինակից ընկերները դիմավորեցին ծափերով ու ազատության կոչերով: Նրանք բոլորը, ինչպես և Վոլոդյան, հագել էին շապիկներ՝ «Ռեժիմ, ես հայ եմ, սպանի՛ր ինձ» մակագրությամբ:

Դատավոր Լևոն Ավետիսյանը կշարունակի քննել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը. նա մերժեց փաստաբան Արա Զաքարյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որտեղ փաստաբանը որպես ինքնաբացարկի հիմք նշել էր, որ դատավորը անկողմնակալ չէ: Հիշեցնենք, որ դատախազ Հենրիկ Պապիկյանն առարկել էր ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատարանն անցավ վկաների հարցաքննությանը: Ներկայացավ վկա Հենրիկ Զաքարյանը՝ Շիրակի մարզից, ով, ըստ գործի նյութերի, անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին վկայություն է տվել, որ Վոլոդյա Ավետիսյանը իր հիվանդ թոռանը՝ Հենրիկ Հարոյանին (վերջինս հարցաքննվել է նախորդ դատական նիստին ու ասել, որ ոչինչ չի հիշում դեպքի հետ կապված: Ի դեպ՝ տղան արդեն Ռուսաստան է մեկնել: 3 տարի տարկետում ունի. բանակ չի զորակոչվելու) բանակից ազատելու նպատակով 2000 ԱՄՆ դոլար է պահանջել: 

Դատարանում նա սկզբում ասաց, որ ոչինչ չի հիշում, բայց հետո հարցեր տվեց դատախազ Պապիկյանը և Զաքարյանը պատասխանեց, որ Վոլոդյա Ավետիսյանի համարն իրեն Ռուսաստանում ապրող աղջիկն է տվել: Զանգել է ու երկու թոռների հետ հանդիպել նրան Էջմիածինի կամուրջի մոտ: Վկան ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլարը որպես մաղարիչ է տվել, որ թոռանը հիվանդանոց պառկեցնի եւ հանձնաժողովը նրան լավ նայի: Վկան կցկտուր էր խոսում՝ հազիվ լսելի ձայնով: Հարցերին պատասխանում էր կիսատ: Իսկ դահլիճում մարդկանց նյարդերը չէին դիմանում, նրանք տեղից ռեպլիկներ էին անում. դատավորը նրանց հեռացնում էր դատարանի դահլիճից:

Հարցեր տվեց նաև փաստաբան Արա Զաքարյանը: Նա խնդրեց պատմել, թե ինչպես են եկել Հենրիկին ու թոռանը տարել Երևան, ինչ են ասել տանելիս. «Եկան 5-6 հոգով, իրիկունը 7-8-ը կլիներ, ասեցին՝ տանում ենք ձեզ պարգևատրենք, ինձ ու թոռիս բերեցին ոստիկանություն՝ Էջմիածին գնացող ճամփի մոտ, ասացին՝ հետո հետ կտանենք: Սկզբից ես ցուցմունք չէի տալիս, հետո գրեցի: Գիշերը մնացինք էդ շենքում, թոռս մոտս չէր, ուրիշ տեղ էին իրան պահում, հետո տարան ուրիշ շենք, իսկ մի օր հետո բերեցին ավտոկայան, գնացինք»,-ասաց վկան:

Փաստաբան Արա Զաքարյանը հարցրեց՝ ինչո՞ւ հետ չտարան, չէ՞ որ խոստացել էին, վկան պատասխանեց. «Որ թողեին, մենք կգնայինք»: Հետո էլ պատասխանեց, որ ոչ մի ճանապարհածախս էլ չեն վճարել իրենց Երևան բերած մարդիկ: Արա Զաքարյանը հարցրեց, թե արդյոք վկային ու նրա թոռանը ոստիկանությունում ասել են, որ կաշառք տալու հոդվածով կդատեն, վկան կցկտուր պատասխանեց. «Ասեցին, որ կաշառք տալու գործ ա»:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Իսկ էական հակասությունը նրանում էր, որ նախաքննական 3 ցուցմունքներում Հենրիկ Զաքարյանը նշել էր, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենից 1500 դոլար է պահանջել՝ թոռանը մոտ վայրում ծառայելու համար, իսկ ծառայությունից ազատելու համար՝ 5000 դոլար:

Դահլիճում շուտով բոլորը սկսեցին քննարկել, թե ինչպիսի գրական բառապաշարով է գրված նախաքննական ցուցմունքը. «Քննիչ Խաչիկյանի թելադրածն է»,- կասկածեցին Վոլոդյային սատարողները: Սակայն հետո դատախազը ցույց տվեց վկային նրա ցուցմունքը, երկար զննելուց հետո Հենրիկ Զաքարյանն, ով հրաժարվել էր Վոլոդյայի հետ առերեսումից, ասաց, որ իր ձեռագիրն է, իր ստորագրությունը, ոչ մեկն իրեն չի թելադրել: Բայց չկարողացավ բացատրել էական հակասությունները՝ նշելով միայն, որ գլուխը օդի մեջ է եղել, շատ բան չի հիշում. «Համ էլ, ես ձեզանից շատ եմ ուզում, որ Վոլոդյան ազատության մեջ լինի»,-ասաց վկա Զաքարյանը, ով անընդհատ ուզում էր դուրս գալ նիստերի դահլիճից, իրեն վատ էր զգում:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն, ով 7 ամիս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ –ում կալանքի տակ, այսօրվա դատական նիստին հանդես եկավ հայտարարությամբ, որ երկու ամիս առաջ իր մոտ հիվանդություն է հայտնաբերվել, սակայն ՔԿՀ-ում անհրաժեշտ բուժում նշանակվել է միայն երեկվանից, այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է այցելել իրեն, ապա և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները: Գործը նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանն իր հերթին ասաց, որ դատարանի կողմից գրություն կուղարկեն մեկուսարանի ադմինիստրացիային՝ Վոլոդյա Ավետիսյանի բուժման կազմակերպման համար:

Վոլոդյա Ավետիսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին: 

Հ.Գ. Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորիկը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայոց բանակում ծառայող հիվանդ եղբոր առողջությունը վատացել է, զոբը մեծացել է և նրան այսօր տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ: 

Մեկնաբանություններ (1)

aso
Rezim@ miayn nersiz karox e qandvel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter