HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ինչո՞ւ է ՀՀԿ-ն իշխում, եթե ունի ընտրողների միայն 44,8 տոկոսի քվեն

Երկու տարի առաջ` 2012 թվականի մայիսի 6-ին, Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ: Դրանից առաջ ակտիվորեն քննարկվում էր մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու հարցը, սակայն ընդդիմության այդ նախաձեռնությունը տապալվեց, և 131 պատգամավորներից 41-ն ընտրվեց մեծամասնական ընտրակարգով, 90-ը` համամասնական:

Ենթադրենք, որ ընտրությունները չեն կեղծվել, և ժողովրդի քվեարկությունը իրոք ուներ հետևյալ բաշխումը`

ՀՀԿ - 44,8 %
ԲՀԿ - 30,7 %
ՀԱԿ - 7,2` %
«Ժառանգություն» - 5,9 %
ՀՅԴ - 5,8 %
ՕԵԿ - 5,6 %

Այսինքն՝ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ստացան ընտրողների ավելի քան 81,1 տոկոսի վստահությունը: Իսկ ընդդիմությունն անգամ 20 տոկոս քվե չհավաքեց: Սակայն ընտրություններից հետո այս տարիների ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք էականորեն փոխեցին իշխանության «ամրությունը»:

Առաջինը ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելն էր, ինչի շնորհիվ իշխանական կուսակցությունների ժողովրդական վստահությունը իջավ մինչև 50,4 տոկոս: Բայց 50,4-ն էլ է մեծամասնություն:

Երկրորդ և հանգուցային իրադարձությունը ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալն էր: Թեև շաբաթներ առաջ արված այդ հայտարարությունը առանձնապես մեծ ռեզոնանս չունեցավ, այն ֆորմալ առումով զրկեց իշխանություններին մեծամասնությունից:

Ժողովրդավարությունը գերեզմանում շուռ եկավ

Այժմ Հայաստանում միակ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, որը, ինչպես ասվեց, վերջին ընտրություններին ստացել է ձայների 44,8 տոկոսը: Եթե անգամ մի կողմ դնենք ընտրությունների արդարության բացակայությունը և հավատանք դրանց արդյունքներին, միևնույն է, Հանրապետական կուսակցությունը չունի ընտրողների մեծամասնության վստահությունը (քվեն):

Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն, կարծես, բացարձակապես կաշկանդված չէ իր իշխող փոքրամասնության դիրքից: Բանն այն է, որ մեծամասնական պատգամավորների 73 տոկոսը հանրապետական են, ինչի շնորհիվ ընտրողների 44,8 տոկոս ստացած ուժը Ազգային ժողովում ունի 70 մանդատ (կամ` մանդատների 53,4 տոկոսը):

Ուկրաինայի օրինակով` մանդատներ իշխանության գրպանում

Նույն 2012 թվականին Ուկրաինայում նույնպես տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Եվ նույնը տեղի ունեցավ այնտեղ` իշխանական կուսակցությունները հավաքեցին ավելի քիչ ձայն, քան ընդդիմադիրները, սակայն մեծամասնական մանդատների շնորհիվ ունեցան մեծամասնություն Գերագույն Ռադայում: Մեր հրապարակումներից մեկում մենք մանրամասն անդրադարձել էինք այս խնդրին:

Թե Հայաստանում, թե Ուկրաինայում ստացվեց, որ մեծամասնական ընտրակարգը իրականում ապահովում է մանդատներ իշխանության գրպանում և խախտում է Գալուստ Սահակյանի սիրած «դասական ժողովրդավարության» բոլոր հիմնարար սկզբունքները:

Սակայն Ուկրաինայի օրինակով բոլորս արդեն գիտենք, թե ինչով է հղի փոքրամասնության իշխանությունը և ինչպես է դա ավարտվում:

Հ.Գ. Այստեղ հարցը հարկավոր է նաև քննարկել իրավիճակի սահմանադրականության տեսակետից, քանի որ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է, որ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ուստի ժողովրդի 44,8 տոկոսը չի կարող իշխանություն ձևավորել` ի հեճուկս 55,2 տոկոսի ցանկության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter