
«Դատավորների փոխարեն, ունենք պատմուճանով նոտարներ»
Շանթ Հարությունյանի գործով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված ու արդեն 6 ամիս կալանքի տակ գտնվող 13 քաղաքացիների կալանքի ժամկետները երկարացվել են 1-2 ամիս ժամկետով:
Դատարանները բավարարել են քննչական խմբի բերած միջնորդությունները խափանման միջոց կալանքների ժամկետներն ավելացնելու մասին:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, 13 քաղաքացիներից երկուսի պաշտպանությունը ստանձնած Արա Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ լրագրող Տիգրան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով (դատավոր Գագիկ Պողոսյան՝ Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան), իսկ ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով. «Ստացվում է, որ մինչդատական փուլում այս տղաները պիտի 7-8 ամիս լինեն կալանքի տակ: Իսկ գործը դատարան մտնելուն պես դատավորը պիտի նորից անդրադառնա խափանման միջոցի հարցին: Կալանքների ժամկետները ևս 1-2 ամսով երկարացնելու քննիչների միջնորդությունները դատարանները կուրորեն են բավարարում: Պատճառն այն է, որ մենք դատավորների փոխարեն, ունենք պատմուճանով նոտարներ»:
Ըստ Արա Զաքարյանին, քրեական դատավորության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։
«Այսինքն՝ մինչև գործը դատարան մտնելը իմ պաշտպանյալներին ու մյուս քաղաքացիներին իրավունք չունեին 6 ամսից երկար պահել կալանքի տակ»,-պարզաբանեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ երկուսի համար էլ գրավի կիրառման հարց է բարձրացրեցրել, բայց դատավորները մերժել են: Արա Զաքարյանը բողոքարկում է կալանքի որոշումները վերադաս ատյաներում:
«Զարմանալին այն է, որ Արմենի կալանքի միջնորդությունները հարուցվել էին 316 հոդվածի հատկանիշներով: Քննիչը, որ դիմեց կալանքը երկայացնելու միջնորդությամբ, անգամ դատարանում չէր փոխել հիմքերը: Չէ որ նրանք արդեն մեղադրվում են այլ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքի՝ խուլիգանության մեջ»,-պարզաբանեց Արա Զաքարյանը՝ նշելով, որ երևում է ձեռագիր, որ այս 13 տղաները պիտի ամեն կերպ մնան կալանքի տակ՝ անկախ նրանից կա՞ն հիմքեր, թե ոչ, կա՞ հիմնավոր կասկած, թե ոչ:
Տիգրան Պետրոսյանին ևս սկզբում առաջադրվել է այլ մեղադրանք: Նա մեղադրվել է անձերը չպարզված ոստիկաններին քաշքշելու և ոստիկան Արա Մարտիրոսյանին հրելու մեջ (ՔՕ 316 հոդված): Հետո, ինչպես նրա, այնպես էլ մյուս 13 քաղաքացիների մեղադրանքները փոխվեցին: Քննչական խումբը նրանց առաջադրեց խուլիգանության մեղադրանք (ՔՕ 258 հոդված):
Արա Զաքարյանը շեշտեց, որ 36-ամյա Տիգրանի հայրը ամիսներ շարունակ մնացել է առանց խնամքի՝ լինելով 2-րդ կարգի հաշմանդամ, Ղարաբաղյան պատերազմում վաստակ ունեցող Արմեն Հովհաննիսյանի երեք անչափահաս երեխաներն են մնացել առանց կերակրողի:
Հ.Գ. Ֆինանսական վատ վիճակի պատճառով այս գործով կալանքի տակ գտնվողների մեծ մասը չունի պաշտպան, օգտվում են հանրային պաշտպանի ծառայությունից:
Առաջին լուսանկարում փաստաբան Արա Զաքարյանն է, երկրորդում՝ լրագրող Տիգրան Պետրոսյանը
Մեկնաբանել