HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Կոնստանտին Օրբելյանի դին կտեղափոխվի Հայաստան

Կարինե Դանիելյան

Լոս-Անջելեսում կայացավ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը:

«Նա Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձեց»

Լոս-Անջելեսի Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցում կայացավ խորհրդային եւ մեր ժամանակների մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը: Առաջնորդարանի հսկա դահլիճը լեփ-լեցուն էր կոմպոզիտորի մերձավոր ու հեռավոր, ծանոթ ու անծանոթ հարազատներով ու երկրպագուներով, ովքեր եկել էին մասնակցելու Կոնստանտին Օրբելյանի վերջի հրաժեշտի երեկոյին եւ խոնարհումի տուրք մատուցելու նրա հիշատակին: Սգո ու գնահատանքի պատգամով հանդես եկավ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովհան Արքեսպիկոպոս Տերտերյանը, ընթերցվեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը Էջմիածնից: Արարողության մասնակիցներից շատերը կոմպոզիտորի մտերիմ արվեստագետներն ու երաժիշտներն էին, որոնցից մի քանիսին “Հետքը” խնդրեց կիսել իրենց զգացողությունները:

Կոմպոզիտորի մասին ֆիլմի հեղինակ, երաժիշտ եւ հեռուստամեկնաբան Տիգրան Մուսոյան. «Չափազանց օրինավոր ու օրինակելի մարդու տեսակ էր, որը հազվադեպ է հանդիպում… ներքին անխախտ կարգուկանոնով, հաշվարկով ու կարգապահությամբ: Այդպիսի մարդու հետ առնչվելն իսկ արդեն բախտ է: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա միայն այն հանգամանքը, որ նա կարողացավ Խորհրդային երկրի նման բարդ մի պետությունում  պատնեշներ ճեղքել ու մեծ ճանաչում ձեռք բերել, արդեն իսկ խոսում է մեծ տաղանդի գոյության մասին»:

Նորայր Վարդանյան /ջութակահար/- Վերջին 2 տասնամյակում, երբ երկուսս էլ ԱՄՆ էինք տեղափոխվել, չափազանց մտերմացել էր մեր ընտանիքի հետ: Նոր-տարիները մեզ հետ էր անցկացնում, թոռնիկներիս հետ սիրում էր խաղալ ու այնպես էր վերաբերվում նրանց, ասես իր սեփականը լինեին: Մաեստրոն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է 1979 թվականից, եւ նա հայ արվեստագետների վերջին ներկայացուցիչն էր, որ արժանացել է այդ կոչմանը: Ինձ համար նա հայ երաժշտության Մոցարտն է: Նրա գեղարվեստական մտածողության հիմքում ազգային երաժշտության ավանդույթներն են, շաղախված այն նորի հետ, որ ժամանակի ծնունդ էր”:

Կոմպոզիտորի եղբոր որդի, երաժիշտ եւ խմբավար Կոնստանտին Օրբելյան կրտսերը եկել էր Մոսկվայից, մասնակցելու հորեղբոր հուղարկավորությանը: «Իմ հորեղբոր մահը մեծ կորուստ է ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ բոլորի համար, ովքեր սիրում են նրա երաժշտությունը, ովքեր բախտ են ունեցել առնչվել նրա հետ, եւ ովքեր հպարտացել են ամեն անգամ, երբ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը շրջել է աշխարհի բեմերում եւ ամենուր հնչեցրել հայկական երգը: Մարդ, որ Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձրեց…հենց Երեւանը, ոչ թե Մոսկվան կամ այլ քաղաք: Ռուսաստանի լավագույն երգիչներն ու երաժիշտները գալիս էին Երեւան, որպեսզի աշխատեն նրա հետ: Ես նրան միշտ կհիշեմ իբրեւ բացառիկ նպատակասլաց ստեղծագործողի, մարդու, որ մշտապես աշխատում էր եւ երբեք չէր հանգստանում: Անընդհատ ինչ որ բան էր ծրագրում, անընդհատ ինչ որ բան էր ստեղծում: Մեզ կպակասի նրա զարմանալի էներգիան, պայծառությունն ու տաղանդը»:

Կոմպոզիտորի եղբոր որդին պատմեց, որ ժամանակին, երբ Օրբլյանը Հայաստանից բնակության է գաղթել  ԱՄՆ, կարճ ժամանակ անց Սան-Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Լոս-Անջելես, թեւ իր մերձավոր հարազատներն այդտեղ էին բնակվում: Նրան մագնիսի նման ձգում էր այս քաղաքը, ուր ծվարել էր հայահոծ համայնքը, ուր իր գործընկեր երաժիշտներն էին ապրում, ուր Էռնա Յուզբաշյանն էր ու Ժորա Մինասյանը, այլ երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ տարիներ աշխատեց:

Այսօր կոմպոզիտորի դին կտեղափոխվի Հայաստան, որտեղ մայիսի 11-ին կկայանա հանգուցյալի հուղարկավորությունը: ԱՄՆ-ից Հայաստան հանգուցյալի դին տեղափոխելու ողջ ծախսերը հոգացել են նրա հարազատները: Կոնստանտին Օրբելյանը հավիտյանս կհանգչի Կոմիտասի անվան պանթեոնում:  

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
Կուզենայի մի բան ասել,բայց այդ ասելիքս իսկապես «մի բան» պիտի լինի,քանզի ինքը,Մաեստրո Օրբելյանն ամեն ինչ ասել է եւ մեր եւ թե...իր համար:Խոնարհվում եմ շիրիմիդ:
Նուբար Ասլանյան
Заруи Мурадян –ին:Հարգելիս.Այդ,ձեր հռետորական հարցով ավելի լավ է դիմեք Բաղրամյան 26 եւ եթե անձամբ ճանաչում եք՝ մի խումբ օլիգարխիկ անպատիժ մաֆիային:Եթե դուք հոգեպես եւ բարոյապես պատրաստ եք շփվելու նրանց հետ,ամեն վայրկյան ու պարագայում զգալով նրանց«շունչը»,արդ, ապրեցեք երկար...:Ի սեր Աստծո,կցկտուր հայրենասիրական ճառեր չասեք(առաջին անգամ«չեմ ամուսնանում»)...Եվ,ձեզ չէ,որ հիմա պիտի դաս տամ,շատերին եմ տվել,կրկնվեմ՝ Կարեւոր չէ որտեղ ես ապրում,կարեւորն այն է,թե ինչ ես անումՀայրենիքիդ համար «որտեղ ապրելով հանդերձ»:Հիշեցեք եւ երբեք անձին չգնահատեք ըստ «բնակավայրի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter