
«9 տարի առաջ մայրը թողել-գնացել է՝ 4 էրեխուն թողնելով իմ վզին»,- ասում է 64- ամյա տատը
Ծաղիկ Ալեքսանյանն արդեն 9 տարի է՝ հոգ է տանում որդու 4 երեխաների մասին: Ասում է՝ նրանց մայրը՝ Կարինե Պապոյանը, թողել-հեռացել է ընտանիքից, պատճառների մասին հետո է պատմում: 4 տղաներին պահում են ինքն ու ամուսինը՝ իրենց թոշակով: Ապրում են նախկին խանութի տարածքում (ըստ բնակիչների՝ շենքը վթարային է):
Հեռախոսի մեջ լսում եմ նրա խոր հոգոցը: Ձայնի մեջ առանձնակի ջերմություն կա: «Բալես, ախր, ամաչում եմ, որ գաք նկարեք, մենք էնքան սարսափելի պայմաններում ենք ապրում հիմա... Ամաչում եմ, մարդիկ ի՞նչ կասեն»,- լսափողի մեջ ուշադիր լսում եմ նրան: Մի քանի վայրկյան չենք խոսում: «Չգիտեմ, բալես»,- դադարից հետո նորից լսում եմ նրա ձայնը, հետո համաձայնում է, ասում է՝ գուցե գտնվեն մարդիկ, ովքեր օգնեն իրեն:
Ծաղիկ տատը թոռների, որդու և ամուսնու հետ ապրում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տղաներից Մելքոնի հետ քայլում ենք դեպի նրանց տուն: Ճանապարհին կցկտուր խոսում ենք, ասում է՝ 17 տարեկան է, հպանցիկ խոսում է մոր մասին, ասում է՝ չի ընդունում նրան ու չի էլ ուզում անդրադառնալ դրան, հետո պատմում է ավագ եղբոր մասին, ում 2 տարի առաջ դատապարտել են 11 տարի 6 ամիս ազատազրկման: Ըստ Մելքոնի՝ եղբայրն ընդհանրապես կապ չի ունեցել սպանության հետ. ուղղակի «միլպետի տղուն ազատելու համար սարքեցին ախպորս գլխին»` տան դռան մոտ ավելացնում է նա:
![]() |
|
Ծաղիկ տատի տան ներսն ու դուրսը |
Ներկը թափված ճաղերի հետևում երևում են տան ջարդված ապակիներով պատուհանները: Ճաղերին ամրացված պարաններից գունավոր լվացքն է փռված: Տան մեծ սենյակում, կարծես, միշտ նույն եղանակն է, որտեղ անգամ կեսօրին արևը չի կարողանում ճեղքել ջարդված ապակիներն ու ներս մտնել:
«Էս տանն ինչ տեսնում եք, նվիրել են մեզ: Էստեղից-էնտեղից հայթայթում ենք՝ էս զանավեսկեն մեկն ա տվել, էս խալին՝ մյուսը… Գիտեն, որ նեղն ենք: Հենա երեկ էլ խալիներ են բերել-դրել դռան մոտ, չգիտեմ էլ՝ ո՞վ ա: Բալես, գետինն եմ մտնում, որ սենց պատմում եմ»,- ասում է Ծաղիկ տատը:
Հյուրասենյակը |
«Էրեխուն ծախել էր, բայց չիմացանք էդ մասին: Եկան-ասացին, որ մահացած աղջիկ երեխա էր, ասեցին՝ չզարգացած էր ծնվել, մենք էլ մեր ու տղա մղկտացինք, մրմռացինք: Դրանից մի քանի ամիս հետո եկան-ասացին, որ էրեխուն ծախել էր»,- պատմում է 64-ամյա կինը: Նրա ասելով՝ երեխայի վաճառքի մասին իմացել էր հիվանդանոցի աշխատակցից: Հարսի հետ ապրել են 17 տարի, բայց դեպքը բացահայտելուց հետո հարսն ինքնակամ հեռացել էր ընտանիքից:Ընտանիքի պատմությունն այնքան բարդ է, որ այն ներկայացնելիս մեկ-մեկ շփոթվում է: «9 տարի առաջ մայրը թողել-գնացել է՝ 4 էրեխուն թողնելով իմ վզին»,- նշում է տատը: 4-ն էլ տղա են: Փոքր տղան՝ Նարեկը, 2 տարեկան էր, երբ մայրը հեռացել է: Տատն ասում է, որ հարսին չի ներել իր արարքի համար:
Տան խոհանոցը | Միջանցքի առաստաղը |
Ծաղիկ տատի խոսքով՝ 9 տարիների ընթացքում մայրը ոչ մի անգամ չի տեսել երեխաներին: «Նրան բացարձակ, բա-ցար-ձակ հետաքրքիր չի: 2 տարեկան էրեխուն թողել ա, գնացել: Ոչ ինքն է եկել տեսնի էրեխեքին, ոչ էլ էրեխեքն են գնացել տեսնեն իրեն: Մի օր չի գնացել բերդում տեսնի իր էրեխուն:»,- ասում է նա: Նրա տեղեկություններով՝ հարսը հիմա բնակվում է Գյումրիում, սակայն այլևս որևէ բան չասաց նրա մասին:
Տատի խոսքով՝ 4 երեխաներից ամեն մեկն ինչ-որ խնդիր ունի. ավագ թոռնիկը, ըստ նրա, չգործած հանցանքի համար դատապարտվել է, Ժորիկը տեսողության հետ խնդիրներ ունի, Մելքոնը՝ լավ չի լսում, միայն փոքրն է՝ 11-ամյա Նարեկն է փոքր-ինչ աշխույժ: Ընտանիքը պահում են ինքն ու ամուսինը, որովհետև որդին էլ չի կարող աշխատել՝ շաքարախտով հիվանդ է, ալերգիա ունի: «Ընենց ալերգիա ա, որ սկսում ա խեղդվել, ու էդ պահին պիտի փրկենք: Նոր էլ դուրս եկավ տնից, որովհետև էլի խեղդվում էր»,- թոռնիկի նամակը պահարանից հանելով՝ նշում է նա: Հիմա ամենաշատը ցավում է նրա համար, ում, ըստ նրա, անմեղ-անմեղ դատապարտել են:
Տան բակը | Որդու՝ այժմ չգործող արհեստանոցը |
«Էս էրեխեքից ամեն մեկն իմ սրտի մի դառը կողմն է»,- սա ասելիս՝ աչքերին կախվում են արցունքները, ձայնը խզվում է, հետո անշտապ հայացքը թեքում է դեպի պատին փակցված խաչերն ու սրբապատկերները: Տան տարբեր անկյուններում կարելի է տեսնել խաչեր, նույնիսկ այն սենյակում, որտեղ եղել է Ծաղիկ տատի որդու արհեստանոցը: Որդին եղել է կոշկակար, բայց վերջին տարիներին ալերգիայի պատճառով չի կարողանում աշխատել: Մեր գնալու ժամանակ տանը միայն Մելքոնն ու տատն էին, հետո եկան նրանց պարտատերերը:
«Ինչ անեմ, բալա, զուլում վիճակ ա: Չգիտեմ էլ` ինչ անեմ: Սարսափելի վիճակ ա, չգիտեմ՝ ոնց մեծացնեմ, որ ցավ չընկնի ջաները, առողջ լինեն, բայց առողջ չեն»,- տան խարխուլ պատերը ցույց տալով՝ ասում է նա, հետո հայացքը նորից դառնում է անորոշ:
Մեկնաբանել