HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կռված տղաներ. նրանք կամ թանգարաններում են կամ` բանտերում

Այսօր Մարգարիտա Ստեփանյանն ամուսնուն չի կարող շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ: Նրա ամուսինը՝ ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վահե Մկրտչյանն անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալվել է ու 6 ամիս արդեն գտնվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Մարգարիտան երկու դուստրերի՝ 4 ու 5 տարեկան Նարեի ու Ագնեսայի հետ երեկ՝ մայիսի 8-ին, գնացել է «Հաղթանակ» զբոսայգի. «Ընտանեկան ավանդույթ ունեինք՝ մայիսի 8-ին կամ 9-ին անպայման ամբողջ ընտանիքով գնում էինք «Հաղթանակ» զբոսայգի: Ես ու մեր երկու երեխաները առավոտվանից տոն էինք դարձնում Վահեի համար. հայկական երգ ու պարով մեր աղջիկները շնորհավորում էին հայրիկին: Որոշեցինք այս տարի էլ չխախտել ավանդույթը, թեկուզ Վահեն մեզ հետ չէ ֆիզիկապես, բայց մտքով, սրտով, վստահ եմ, ամեն րոպե մեզ հետ է, ինչպես մենք՝ իր հետ»,- «Հետքին» պատմեց Մարգարիտան:

Առաջին անգամ նա երեխաներին տարել է նաև «Մայր Հայաստան» թանգարան ու ցույց տվել մի գիրք, որի շապիկին Վահե Մկրտչյանի նկարն է: «Երբ հարցրեցի երեխաներին, թե ով է գրքի շապիկի վրա, փոքր աղջիկս անմիջապես ասաց՝ հայրիկը, մեծը մի քիչ մտածեց, միգուցե զարմացավ, որ թանգարանում տեսավ Վահեի նկարը»,- ասաց Մարգարիտան:

Գիրքը կոչվում է «Հայություն՝ Արիականություն», ռուսերեն հրատարակությունն է, պատմում է հայերի արիական ծագման մասին: Առաջին անգամ այդ գիրքը հրատարակվել է 1943թ.՝ Գերմանիայում: Գրքի վերջին հրատարակությունը նվիրված է Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գագիկ Ստեփանյանի՝ «Հեթանոս Գագոյի» հիշատակին: Հենց այդ հրատարակության շապիկի վրա էլ Վահե Մկրտչյանի նկարն է:

«Գրքի կողքին ազատամարտիկ, 7 ամիս արդեն բանտում գտնվող Վոլոդյա Ավետիսյանի մարտական ժիլետն էր, նրան պատկանող իրեր: Երբ թանգարանի աշխատակցուհուն հարցրեցի, թե այս իրերը հիմա բանտում գտնվող Վոլոդյայի՞նն են, պատասխանեց՝ ցավում եմ, որ ազատամարտիկը բանտում է, այո՛, իրենն են»,- պատմեց Մարգարիտան:  

Մարգարիտան հաճախում է խեցեգործության խմբակ, որ հաղթահարի սթրեսն ու կարողանա պայքարել ամուսնու ազատության համար: Ասում է, որ իր մեջ բացահայտել է կավի հետ աշխատելու հմտություն: Առաջին երկու գործերը նվիրելու է ամուսնուն. «Գործերիս փորձում եմ Վահեի աչքերով նայել, չէ՞ որ նա քանդակի վարպետ է, վախենում եմ, թե մի բան սխալ կանեմ»:

Մարգարիտան երեխաներին ամեն օր պատմում է իրենց հոր մասին: Աղջիկները լավ գիտեն, որ հայրը հայրենիքն է պաշտպանել: «Երեխաներին պատմել եմ, որ Վահեն 15 տարեկանում փախել է տնից մեծ եղբոր հետ, գնացել սահմանները պաշտպանողների մոտ, պաշտպանել Կապանն ու սահմանամերձ գյուղերը, ծանոթացել «Հեթանոս Գագոյի», Շանթի հետ: Վահեն պարգևներ ու մեդալներ չունի: Մի անգամ հարցրեցի՝ ինչու՞ չունես պարգևներ, պատասխանեց` ես պարզապես իմ պարտքն եմ կատարել հայրենիքի հանդեպ: Կալանքի տակ գտնվող 14 տղաների մեծ մասը Արցախյան պատերազմում վաստակ ունեցող մարդիկ են: Զարմանալի է, բայց հաղթանակած տղաներն այսօր բանտերում են»,- ասում է Մարգարիտան:

Առաջին լուսանկարում` Մարգարիտա Ստեփանյանը դուստրերի՝ Նարեի ու Ագնեսայի հետ, երրորդում՝ Վահե Մկրտչյանը

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես 1991 թվից հետո՝ հայկական պետականություն ունենալուց հետո՝ հստակ երևաց հայ առաքելական եկեղեցու իսկակա՛ն դեմքը, այնպես էլ ղարաբաղյան պատերազմով/հարցով (հատկապես 1994 թվից հետո) հստակ երևաց հայի (կամ ավելի ճիշտ՝ հայ տղամարդու) իսկակա՛ն դեմքը: Հայի ցավերի համար միշտ «վատ ուրիշներն» էին/են մեղավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter