HY RU EN

Անուշ Քոչարյան

Հայկական և ճապոնական ժամանակակից արվեստի յուրօրինակ համադրություն

«Ոսկե դար» պատկերասրահում ճապոնական եւ հայկական  արվեստի ժամանակակիցների ցուցադրությունը բազմատարր եւ հետաքրքիր էր ներկայացման յուրօրինակությամբ։ Մերօրյա հայ եւ ճապոնացի ստեղծագործողների համադրված աշխատանքները հնարավորություն են տալիս համեմատությունների, այլ անկյունից դիտարկման եւ տարաբնույթ հարցադրումների համատեքստում։ 

HI-ARTONLINE նախագիծը՝ նկարիչ, համադրող Արա Հայթայանի եւ «Ginza 1 CHOME» (Տոկիո) հետ համատեղ ներկայացնում են ժամանակակից արվեստի 43 ներկայացուցիչների՝ Հայաստանից եւ Ճապոնիայից։ 

Ճապոնիան ներկայացնում է 21 արվեստագետ, որոնց թվում են լուսանկարիչ Տաքուջի Շիմուրան, Տակաո Օչին, գրաֆիկական արվեստի հռչակավոր վարպետ Տագա Շինը, Ճանաչված աբստրակտ նկարչուհի Կեյկո Արային և այլ ինքնատիպ հեղինակներ: 

Հայկական կերպարվեստը ներկայացնում են Սամվել Չիբուխչյանը, Աշոտ Հարությունյանը,  Արփի Վարդանյանը, Վահան Թոփչյանը, Ճալան, Արա Հայթայանը եւ այլոք (22 արվեստագետ)։ 

Ժամանակակից արվեստի հայ-ճապոնական համագործակցության հիմքերը դրվել են մի քանի տարի առաջ։ Դեռ 2008թ.-ին «Ginza 1 CHOME»-ում Արա Հայթայանը ունեցել է անհատական ցուցահանդես, իսկ 2009թ. –ին՝ հայ-ճապոնական  ժամանակակից արվեստի խմբակային ցուցահանդես Փորձարարական արվեստի թանգարանում (Հայաստան)։

Չնայած բազմատարրությանը եւ բազմաթիվ ժամանակակից արվեստագետների մասնակցությանը՝ ցուցահանդեսը կտեւի մինչ մայիսի 16-ը (զուգահեռաբար՝ Գյումրիում)։ 

Մայիսի 15-ին՝ ժամը 19։30-ին  ժամանակակից արվեստով հետարքրքված անձիք Նարեկացի արվեստի միությունում հնարավորություն ունեն հանդիպելու հայ եւ ճապոնացի մասնակիցների հետ եւ դիտելու աշխատանքների թվային տարբերակները: