
11 օր գերեզմանոցից դուրս
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Մոտ երեսուն րոպեում կարողացանք Գորիսի բանտի մեր խցի պատը քանդել: Չինք էլ սպասում, որ մրջյուններն այդքան փխրեցրած կլինեին հաստ պատը: Զբոսանքի գնալուց առաջ Սողոմոնն ու ես պարզապես մի սավան գցեցինք քանդված պատի փորված անցքի վրա: Տպավորություն ստեղծեցինք, իբր, սավանը լվացել ենք, գցել լուսամուտագոգին, որ չորանանա:
Անհանգստանալու կարիք չկար, քանի որ խուցն էլ չէին ստուգելու: Երբ Սողոմոնն ու ես զբոսանքից եկանք, ի՞նչ տեսանք: Ամբողջ խուցը տակն ու վրա էր արված: Մեր հետևից այդ օրվա սմենի պետը մի քանի աշխատակցի հետ մտավ ներս.
- Էս անգամ առանց ձեզ ենք խուզարկել, ամեն ինչ նորմալ ա, անհանգստանալու բան չկա…
Դուռը փակեցին, գնացին: Այսքանից հետո, ճիշտն ասած, էլ չգիտեի`ինչ մտածել. պարզապես անհնար էր, որ խուզարկության ժամանակ քանդած պատը չտեսնեին:
-Չէ՛, եղբա՛յր, սա արդեն չի կարող պատահականություն լինել, խուզարկել են ու չե՞ն տեսել, որ պատը քանդված է: Ինչու՞ ոչ մի արձագանք չի լինում, ոչինչ չեմ հասկանում,-ասացի հանգիստ կանգնած Սողոմոնին:
Նա էլ, թե՝ հնարավոր է, ամեն բան էլ կպատահի… Բայց, անկեղծ ասած, արդեն հոգնել էի վերլուծել, ուզում էի րոպե առաջ դուրս գալ գերեզմանոց-բանտից:
Սողոմոնն առանց խոսքի անցավ պատը քանդելու գործին, ես էլ միացա նրան, որ հասցնենք մինչև մութն ընկնելն ավարտել: Երբ հասանք պատի արտաքին շերտին, տեսանք, որ այն բետոնից է, հետևաբար քանդել անհնար կլինի: Մի պահ հուսահատվեցինք:
Սողոմոնն առաջարկեց նախնական պլանի համաձայն, օգտագործել դռան վերևի քանդած անցքը և դուրս գալով միջանցք` իջնել առաջին հարկ ու այնտեղից անցնել արգելագոտի: Այդ տարբերակը կտրականապես մերժեցի, քանի որ շարունակում էի համոզված մնալ, որ այդ ելքի մասին աշխատողները շատ լավ գիտեին և սպասում էին մեր փախուստին հենց այդ մասից:
Ուշադիր զննեցինք պատուհանի ճաղավանդակների ամրացման տեղերը, տեսանք, որ արտաքին ճաղավանդակի վերին անկյունը թուլացած է`ամրանը բետոնի մեջ շարժվում է: Սողոմոնն արագ ճարը գտավ. բաժակով ձեթ բերեց, լցրեց այդ հատվածի մեջ: Մի քանի րոպե շարժելուց հետո, ամրանն ամբողջովին դուրս եկավ բետոնի միջից:
Նշանակում էր՝ կարող ենք քանդած պատի անցքով մտնել երկու ճաղերի արանքն ու արտաքին ճաղավանդակի պատից հեռացած անկյունի կողմով բարձրանալ տանիք կամ միանգամից իջնել արգելագոտի: Կարծես՝ խցից ելքը պատրաստ էր, բայց այդ հատվածի ժամապահը դեռ 5 րոպե առաջ պետք է դուրս եկած լիներ իր պահակակետ: Նա երբեք չէր ուշանում, իսկ այդ օրը…
Մտածելու ժամանակ չկար. Սողոմոնը մի կերպ անցքի միջով դուրս եկավ, բարձրացավ տանիք, ես էլ՝ նրա հետևից: Երբ անցնում էինք տանիքներից մեկի վրա տեղադրված հոսանքի լարերի արանքով, հանկարծ մեր տեղադրած մեկուսիչը պոկվեց: Աչքս էլ չհասցրեցի թարթել, երբ տեսա, որ բարձր լարման հոսանքալարը կպավ ուղիղ Սողոմոնի պարանոցին…Քարացած նայում էինք իրար աչքերի մեջ. ոչինչ տեղի չունեցավ, ավելին` նույնիսկ ազդանշանային համակարգը չաշխատեց:
Բուն փախուստը տևեց 5-7րոպե, և այս ընթացքում Սողոմոնը, անկախ ամեն ինչից, ծայրահեղ հանգիստ էր, ասես, համոզված էր, որ ոչ մի խոչընդոտ չի կարող կանխել մեր փախուստը բանտից: Մինչ օրս էլ չգիտեմ`որևիցե կապ ունե՞ր Գորիսի բանտում Սողոմոնին այցելած բարձրաստիճան աշխատակիցը, թե՞ ոչ: Իսկ ինքը`Սողոմոնը, որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից հետախույզ, շարունակում է բազմիմաստ լռել…
Րոպեներ անց ազատության մեջ էինք: Մենք ազատ մարդիկ էինք, հավատս էլ չէր գալիս՝ անճաղ երկինք, ազատության օդ, ոտքս կպնում է մայր հողին: Ուզում եմ Ձեզ փոխանցեմ այն զգացողությունը, որ ապրեցի ազատության առաջին պահերին, բայց չեմ գտնում որևէ բառ, որ կնկարագրեր իմ հրճվանքը: Քիչ առաջ մռայլ վանդակում էինք (8 տարի շարունակ՝ 1996 թ-ից), ուր դուռը փակում են մարդկանց վրա, իսկ հիմա՝ ոտքիս տակ զգում եմ հողը: Ուզում էի հանել սպորտային կոշիկներս, ոտաբոբիկ կանգնել հողի վրա, բայց ռոմանտիզմի ու ապրումները գիտակցելու ժամանակ չկար, պիտի վազեինք:
10 տարի առաջ էր՝ 2004 թ-ի դեկտեմբերի 11-ն էր: Դեռ չգիտեի, որ երազս 11 օր է տևելու:
Կպատմեմ նաև ֆիզիկական ազատության 11 օրերի, նաև այն մասին, թե ինչպես ավարտվեց չքնաղ երազս, որը ես կվերնագրեի՝ 11 օր գերեզմանոցից դուրս:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել