HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գուցե ավելի հավակնոտ է իմ «հետոն»

Հարցազրույց բանաստեղծ Մարիամ Կարապետյանի հետ

-Մայիսի 16-ին քո առաջին գրքի՝ «Պաստառներ խաղաղ օրերի համար»-ի շնորհանդեսն է: Առաջին հայացքից թվում է, թե պաստառների մեջ որևէ առանձնահատուկ բան չկա, դրանք պարունակում են պահանջներ կամ ուղերձներ: Քո ստեղծագործական տիրույթում ի՞նչ է պաստառը, ի՞նչ ուղերձ ունի այն:

-Ընդհանրական տարածություն է, որ լցվում է մասնավոր բովանդակություններով: Դա լայն կտավի հնարավորությունն է: Ամեն ինչ մեկ տեղում տեսնելու ծավալային ձգտում:

-Ծավալային ձգտումը խտություն է դառնում պաստառի տեսքո՞վ:

-Ավելի շուտ նախշերն են, որ խտանում-լցնում են այդ տարածությունը: Նախշը կարևոր մետաֆոր է այստեղ: Գրքիս շապիկի գրությունն այդ հուշումն է պարունակում:

-Գրքիդ շապիկի վրա ծխնելույզով տների մոտով բացված արահետ կա: Որտե՞ղ է տանում այն:

-Դա Վան Գոգի նկարն է, որ կոչվում է «Սենտ Մարիի փողոցը»: Համահունչ է գրքիս կառուցվածքի հետ, որ բաղկացած է երեք շարքից՝ «Ճանապարհը», «Քաղաքը», «Տունը»: Եվ նորից շապիկի հուշումը՝ «Ամեն ինչ կատարվում ու վերադառնում է սկզբից մինչև վերջ ու վերջից մինչև սկիզբ»:

«Տունը» շարքի վերջին բանաստեղծության վերջին տողն ասում է. «Եվ որտե՞ղ է տան մեջ ճանապարհը»: Ճանապարհ, որ տուն է տանում, և տուն, որից ճանապարհներ են բացվում:

«Տունը» շարքի բնաբանը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսից է. «Երանի նրան, ով այնպես է խոսում, ասես տուն վերադառնա»:

-Ասելիքդ ավելի զգայուն ենթատեքստեր ունի: Մարդը տեսնո՞ւմ է այդ ճանապարհը:

-Տունը հաճախ քաղաքին է փոխարինում, քաղաքն ավարտվում է տան ճանապարհով... Բանաստեղծություններից մեկում այսպիսի տող կա. «Քաղաքը չգտած՝ տունը»:

Բայց այդ տունը միշտ չէ, որ տեսանելի է: Ահա մի բանաստեղծություն այդ ճանապարհից. «Ճանապարհը կորցրած` քայլում եմ այնպես, կարծես մրսում եմ… Բոլոր կորած մարդիկ հավաքվում են այնտեղ` Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ, ու մտքում ձայն են տալիս իրար: Արի՛ այնտեղ ապրենք, մինչև կգտնենք մեր տունը...»:

սկ մա՞րդը:

-Մարդը միևնույն ժամանակի մեջ տանն է, քաղաքում ու տանը կամ իր որոնումների մեջ է: Մարդը չի հանգում բաղադրիչներից մեկին՝ ավելի բարդ ու տարողունակ է:

-Եվ ինչի՞ն է հանգում մարդը:

-Տրոհված ու չտրոհված ամբողջին միևնույն ժամանակի մեջ: Տրոհվածի ու չտրոհվածի համաժամանակությանը... Բայց եթե գիտակցում է այս ամենը: Եթե ունի այս ամենը մտանցելու փորձառությունը: Հակառակ դեպքում տարածությունն ավելի նեղ ու սահմանափակ է լինում: Պաստառը մտանցելու փորձառությունն է:

-Ի՞նչ է ուզում այսօրվա մարդը: Ի՞նչն է պակասում նրան:

-Հարցը շատ ծավալուն պատասխաններ է ենթադրում: Բանաձևելու բան չէ: Բանաստեղծության մասին խոսելիս Իվ Բոնֆուան բնութագրում է այն իբրև վկայություն: Փիլիսոփայությունից բանաստեղծությունը տարբերվում է նաև նրանով, որ պատասխաններ չի փնտրում, վկայում է մասնավորի, առանձինի մասին: «Ի՞նչ է ուզում» հարցին այն կարող է մասնավոր պատասխան տալ, որ համընդհանրության չի հավակնում: Անվանում է այդ պատասխանն իր ամբողջ տեքստով, ուստի չի կարելի այն այլ նախադասության վերափոխել, որը կպատմի բանաստեղծության բովանդակությունը կամ իմաստը:

Պատասխանը մեկը չէ, այլ բազմաթիվ, որ սփռված են ու ընթերցելի այսօր ստեղծվող արվեստների բոլոր մասնավորություններով: Այլ խնդիր է, որ այսօր մեզ պակասում է փիլիսոփայական միտքը:

-Իսկ եթե ավելի շոշափելի հարթություն անցնենք, օրինակ, Հայաստանի գրական տիրույթը, հնարավո՞ր է առանց փիլիսոփայական մտահայեցման խոսել ընթերցողների մասին: Հաճախ ենք լսում, որ այսօրվա հայ գրականությունը ընթերցողների թվով աչքի չի ընկնում (գուցե այդ մասին վկայում է հենց «բեստսելլերների» տպաքանակը): Ո՞րն է խնդիրը՝ ըստ քեզ:

-Այո, ընթերցողների թվով իրոք աչքի չի ընկնում: Բայց կարծում եմ՝ մի բան էլ կա: Հիմա կարդում են նրանք, ովքեր իսկապես կարդում են: Ժամանակակից գրականություն այսօր հազիվ թե գնեն միայն գրադարակներում շարելու համար: Ընթերցողական ավանդույթի, մշակույթի խնդիր էլ կա: Ժամանակակից գրականությունը կարող է, օրինակ, անհասկանալի թվալ:

-Ինչպե՞ս ես պատկերացնում քո գրքի «ճակատագիրը»:

-Լավ ու բարդ հարց է: Չեմ կարծում որ շատ ընթերցող կունենա: Բայց կլինեն, առնվազն մի քանի հոգի, որ ուշադիր կկարդան և գուցե նաև հաճույք կստանան դրանից: Բայց գուցե ավելի հավակնոտ է իմ «հետոն», երբ կամաց-կամաց «կերևակվեմ» իբրև Մարիամ Կարապետյան:

Սկզբում բնական են թերահավատությունը, ներողամիտ ժպիտները, երբ անծանոթ հեղինակի գիրք են բացում: Հիմա ինչ ասես տպագրվում է, ուստի բնական է նույնիսկ այն ափսոսանքը, որ ընթերցասեր մեկը կունենա անծանոթ գիրք բացելիս: Հետո այդ զգացողությունները կամ կփարատվեն, կամ ոչ: Դա արդեն գրքիս ճանապարհն է:

Հ.Գ. Մարիամ Կարապետյանի գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու «Հայ գիրք» գրախանութում: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Լուսանկարները՝ Մ. Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter