HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանը աշխատողներին չխեղճանալու կոչ է անում

«Կենսաթոշակային գանձումները ավելի լայն թափով են իրականացվում ու պարտադրվում են բուհերին, դպրոցներին, երաժշտական դպրոցներին»,- այս մասին ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ մանուկյանը: 

Նա նշեց, որ քաղաքացիներից, որքան հնարվոր է արագ, որքան հնարավոր է խիստ հավաքում են գումարները: «Հավաքում են, փոխանցում են, որ հետո գումարները գան: Մենք խոսում ենք ամեն ինչից, բացի նրանից, ինչ իրականությունն է: Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ասել է՝ պետք է պարտադիրը պահպանվի, պիտի ցույց տալ, որ երկու հարյուր հազար մարդ մտել է համակարգ, մասնակից է, որ դրսից նոր աջակցություն գա, ասեն, որ համակարգը կայացած է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ են գործատուները քաղաքացիների փոխարեն մուծում գումարները: Եթե քաղաքացին դիմում է գրում, չի ուզում մասնակցել, ապա ադմինիստրացիան իր աշխատողի փոխարեն մուծում է անում, որ զեկուցի, որ համակարգի մեջ են մտել, կայացած է»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ համակարգը խուճուճացրել են, երբ օրենքով առաջարկել են դիմում գրել համակարգին չմասնակցելու համար: Մանուկլյանը նշեց նաև, որ սա ինքնին հակասահմանադրական է: «Ի՞նչ է նշանակում դիմում գրել, որ չմասնակցես համակարգին: Իրավունքը տրված է ի վերուստ, չմասնակցելու համար որևէ մեկը դիմում չի գրում: Հիմա ի՞նչ՝  ես դիմում պետք է գրեմ, որ ՀՀԿ չե՞մ մտնում, որ տիեզերագնացների ակումբ չե՞մ մտնում, որ գարեջուր չե՞մ սիրում... Դիմում չեն գրում սրա համար»,- նշեց Մանուկյանը: 

Վերջում նա նաև հայտարարեց, որ իշխանությունները օգտվում են պասիվ զանգվածից, որոնք դիմում չեն գրելու կուտակային համակարգի մասնակցությունից հրաժարվելու համար. «Մարդուն ասում են, որ ավելի լավ է 5000 դրամը տաս, բայց աշխատավարձդ ստանաս, չզրկվես, որովհետև, եթե ըմբոստանում ես՝ կարող ա աշխատավարձ չստանաս: Սա բռնի, վայրագ մեթոդ է, քաղաքացուն խեղճացնելու մեթոդ է: Պարտադիրը կիրառվում է ավելի լայն թափով: Ես դիմում եմ մարդկանց՝ մի խեղճացեք, դիմումներ գրեք խմբակցություններին, մենք պատասխատու ենք, մի մուծեք, մի խեղճացեք, եթե պարտադրում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter