HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյանը՝ Արամ Մանուկյանին. «Ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել»

«Կրթության նախարարը իրավունք չունի ՀՀԿ-ական լինելու»,- ԱԺ-ում «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հեգնելով, թե ՀՀԿ-ականներին բոլորը սիրում են:

«Ձեր գործը (դիմում է Արմեն Աշոտյանին) կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի»,- շեշտեց նա:

Նա նշեց, որ ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովում օրենքը լրջորեն քննարկվել է: «Դիրքորոշումները, որոնք մեր հանձնաժողովի վերջին նիստում եղել են, դուք դրանց տեղյա՞կ եք, հասե՞լ է ձեզ: Այս տեքստը, որը հիմա ներկայացրել եք, նո՞ւյնն է, թե՞ փոփոխություններ արել եք»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան` Ա. Աշոտյանը նշեց, թե ինքը տեղյակ է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների մասին, իրենք պատրաստ են միասին աշխատել առավել ընդունելի ձևակերպումների շուրջ: «Մենք սահմանադրականության հետ կապված խնդիր չենք տեսնում, իսկ եթե դուք տեսնում եք, կարող եք համոզիչ հիմնավորել, մեծ սիրով պատրաստ ենք լսել»,- ասաց ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Ա. Մանուկյանի հարցի նախաբանին, Ա. Աշոտյանն արձագանքեց այսպես. «Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, ֆեյսբուքում կգրեմ: Հարգելի պարոն Մանուկյան, երբ ես գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, չկա գերակայություն, որ պետք է առաջնորդվեմ ՀՀԿ պոստուլատներով ու գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար: Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դուք եք ինձ դրդում` հանդես գալու քաղաքական տարբեր մեկնաբանություններով»:

Նա խնդրեց ԿԳ նախարարության ներկայացրած փաստաթղթերը դիտարկել որպես գիտական փաստաթղթեր՝ միաժամանակ նշելով. «Այո, դրանք բխում են մեր կուսակցության հաղթանակի բերկրանքից, որոնց ժամանակ մենք հաղթեցինք ու ծրագրային դրույթները հիմա կատարում ենք: Այսքանն է իմ կապը որպես նախարար մինչև ժամը 6-ը կուսակցության հետ: Թե դրանից հետո ես ի՞նչ կանեմ, շաբաթ-կիրակի որպես կուսակցական, որպես քաղաքացի ես ի՞նչ կանեմ, դա իմ անձնական գործն է, մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը»:

Դիմելով ՀԱԿ-ին` Ա. Աշոտյանն ասաց, որ եթե հարցը դիտարկի Կոնգրեսի տեսանկյունից, ապա պետք է ասի, որ ինչ առաջարկում է ՀԱԿ-ը, լավը չէ, անգամ եթե լավն է: «Լավ բան եք ասել, ինչո՞ւ չընդունենք, որտե՞ղ է երևում իմ ՀՀԿ-ական կեցվածքն այդտեղ, ոչ մի տեղ»,- ասաց նախարարը:

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե Աշոտյանն իրեն բացարձակ չի կարող խանգարել, կարող է խանգարել կրթության համակարգին: «Կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած` էդքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, ինչքան դուք: Կան նախարարներ, որոնք վերկուսակցական պիտի լինեն: Պատկերացնում եք՝ Պաշտպանության նախարարն իր ոլորտում ՀՀԿ-ական խաղա կամ առողջապահության նախարարը ՀՀԿ-ական խաղա, ՀԱԿ խաղա, դաշնակցական խաղա...  500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել ու դուք կուլ եք տալիս այն կուտը, որը ձեզ տալիս են ու ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս»,- բարկացավ ՀԱԿ պատգամավորը:

Ա. Աշոտյանն էլ խոստովանեց. «Լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ հենց հիմա, կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել»: 

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Ա. Աշոտյանն էլ խոստովանեց. «Լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ հենց հիմա, կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել»: Դե հաշվեք ով ինչքա՞ն է կուտ ուտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter