HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օվկիանոսից օվկիանոս Ամերիկա (ֆոտոպատմություն)

Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն աշխարհի հզորագույն պետությունն է, այլեւ մի հսկա տարածք է, որտեղ ցանկացած ոք կարող է գտնել իրեն հետաքրքրող բազմաթիվ երեւույթներ ու տեսարաններ՝ սկսած փողոցային անցուդարձից, ամերիկյան կենցաղից մինչեւ բազմաժանր մշակույթ, սովորույթներ, տեսարժան բնություն:  

Եթե Սպիտակ տան տանիքին ծածանվում է ԱՄՆ դրոշը, նշանակում է՝ երկրի նախագահը ներսում է: Այս շինությունը նրա համար ծառայում է թե որպես աշխատատեղ, թե որպես տուն: 

Վաշինգտոնի Կապիտոլիումն է, որը մայրաքաղաքի ամենաբարձր շենքն է: Այստեղ են գումարվում Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նիստերը: Սա շենքի հետնամասն է եւ նայում է Սպիտակ տանը, ինչը նշանակում է, որ խորհրդարանը թիկունք է դարձրել նախագահին: Իմաստը հետեւյալն է. նախագահը, ամեն օր իր պատուհանից տեսնելով պառլամենտի թիկունքը, պետք է հիշի, թե ով է երկրի իրական տերը (ընտրովի խորհրդարանը ժողովրդի եւ նրա քվեի մարմնացումն է): Այս շենքն ԱՄՆ ֆեդերալիզմի խորհրդանիշն է: Բրիտանական միապետությունից անկախացած ամերիկացիները երբեւէ չեն սիրել կենտրոնական իշխանություններ, առավել եւս՝ միահեծան ղեկավարություն: Հենց այստեղ են տեղի ունենում ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունները:   

Դեպի Վաշինգտոնի հուշակոթող բացվող տեսարանը Լինկոլնի հուշահամալիրից է: Սրանք մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից են:

Հռոմեական Կապիտոլիումի հայտնի գայլը, որը կերակրում է Հռոմի հիմնադիր-եղբայրներ Հռոմուլոսին եւ Հռեմոսին: Հռոմում պահվող բնօրինակի կրկնօրինակները կարելի է գտնել շատ երկրներում՝ ԱՄՆ, Իսպանիա, Բրազիլիա, Շվեդիա, Ռումինիա եւ այլն: Այս մեկը պահվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում: 

«Մտածող նապաստակը»՝ Արվեստի ազգային
պատկերասրահի քանդակների այգում
1865 թ. ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ֆորդի այս 
թատրոնում դերասան Ջոն Բուտը կրակեց նախագահ
Աբրահամ Լինկոլնի վրա, որը մահացավ հաջորդ օրը: 

Նյու Յորքի Ռոքֆելերյան ֆինանսական կենտրոնի մի հատված, որտեղ կարելի է գտնել բոլոր պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանի եռագույնը:

Ռոքֆելերյան կենտրոնը՝ երեկոյան զարդարանքով: Նյու Յորքի 6-րդ (Ամերիկայի) պողոտան:
Նյու Յորքն աճում է ուղղահայաց: Երկնաքերներն ամուր հիմքի վրա են: Քաղաքը 
սեյսմիկ ակտիվ գոտում չէ, իսկ հիմքում ժայռեր են:
Նկարում երեւում է Կենտրոնական զբոսայգու 
տարածքում երկրի մակերես դուրս եկած ժայռաբեկոր: 

Նյու Յորքի կենտրոնական զբոսայգին քարե պարիսպով շրջապատված օազիսի է նման: 4 կմ երկարությամբ եւ 800 մ լայնությամբ այս զմրուխտե գոտին հատկապես հանգստյան օրերին խիստ մարդաշատ է:

Կենտրոնական զբոսայգում կարելի է տեսնել ցանկացած տարիքի վազորդների: Վազքն այստեղ թերեւս ամենամասսայական սպորտաձեւն է: Սակայն մարդիկ վազում են՝ ոչ միայն մարզվելու, այլ պարզապես առողջ լինելու համար: 

Զբոսայգին նաեւ պոտենցիալ գնորդների հանդիպելու, այսինքն՝ գումար աշխատելու հարմար վայր է:

Ֆայտոնչին նաեւ զբոսավար (գիդ) է, նա տուրիստներին պատմում է այգու եւ քաղաքի մասին:

Փողոցային այս արտիստները նման են մեր յալանչիներին ու փահլեւաններին: Ելույթների ընթացքում նրանք հանդիսատեսից գումար են ստանում եւ հայտարարում այդ մասին՝ ի լուր բոլորի: Դիտորդները եւս ներգրավվում են այս շոուին՝ մասնակցելով տարբեր համարների:

Արձան ձեւանալը նույնպես եկամտաբեր է, սակայն
անհրաժեշտ է չխզել կապը շնչավոր աշխարհի հետ: 
Կարեւորը փողն է, իսկ թե ով է տվողը, այնքան էլ 
էական չէ: 

Սկյուռն ամերիկյան անտառների ու զբոսայգիների մշտական բնակիչներից է: Նրան կարելի է տեսնել գրեթե ամենուր:

Նյու Յորք նահանգի խորհրդարանի շենքը՝ Կապիտոլիումը (գտնվում է նահանգի մայրաքաղաք Օլբանիում), այն քչերից է, որ չունի գմբեթ, այնինչ շատ նահանգային խորհրդարաններ կառուցված են Վաշինգտոնի Կապիտոլիումի ոճով: 

Օլբանիի Կապիտոլիումը աշխատավայր է թե նահանգապետի, թե խորհրդարանի երկու պալատների պատգամավորների համար: Շենքը 19-րդ դարի կառույց է, համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն ազատ է ցանկացած մարդու մուտքի համար: Մետաղորսիչ սարքի միջով անցնելուց հետո (զենքի կամ արգելված առարկաների մուտքը արգելելու համար) կարող ես շրջել շենքում առանց որեւէ արգելքի: Ձեզնից անցաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջի, ինչպես ընդունված է ՀՀ Ազգային ժողովում: Ամերիկացիներն առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ. ժողովուրդն է ընտրել թե նահանգապետին, թե կոնգրեսականներին, ուրեմն վերջիններս պարտավոր են թափանցիկ լինել իրենց իշխանությամբ լիազորածների հանդեպ: 

Ամերիկացիներն աչքի են ընկնում բնության հանդեպ հատուկ վերաբերմունքով: Կանաչ, ընդարձակ տարածքներն այստեղ սովորական երեւույթ են, որտեղ կարելի է գտնել բուսական ու կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների:

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սիեթլ քաղաքը (Վաշինգտոն նահանգ) «Microsoft», «Boeing» ընկերությունների, ինչպես նաեւ «Starbucks» սուրճի ծննդավայրն է: Այստեղ ապրել ու հիմա թաղված է հայտնի դերասան, արեւելյան մարտարվեստների աշխարհահռչակ վարպետ Բրյուս Լին:

Սիեթլյան համայնապատկեր:

Ծովամթերքի սիրահարների համար Սիեթլի նման քաղաքները իսկական դրախտ են: Այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի ծովային ուտելիք՝ ձկնեղեն, կակղամորթներ, անողնաշարավորներ եւ այլն:

Ռեստորաններում կարող եք պատվիրել տարբեր տիպի ծովամթերք, որը մատուցվում է հատուկ սոուսների հետ:

Ծիրանի կես կգ-ն Սիեթլի շուկայում արժե մոտ 6
դոլար: Այն բերվում է արեւոտ Կալիֆոռնիայից, խակ
վիճակում, որը հետո կարմրեցվում է: Բնականաբար,
չի կարող համեմատվել հայաստանյան ծիրանի հետ: 
Սիեթլի խորհրդանիշը «Space Needle» («Տիեզերական
ասեղ») աշտարակն է, որի բարձրությունը 184 մ է:
Կառուցվել է 1961-62 թթ.: 
Ամերիկացի ապակեգործ Դեյլ Չիհուլիի հայտնի շատ 
գործեր 2012-ից ցուցադրվում են Սիեթլի «Չիհուլիի
ապակե այգի» թանգարանում: 
1976-ին ավտովթարի արդյունքում Չիհուլին կորցրել է
ձախ աչքի տեսողությունը, սակայն շարունակել է
աշխատել, բայց 1979-ին սերֆինգի ժամանակ
վնասվածք ստանալով, զրկվել է սիրելի գործով
զբաղվելու հնարավորությունից: Նրա ղեկավարմամբ
այլ նկարիչներ են այսօր պատրաստում ապակե իրեր: 

«Չիհուլիի ապակե այգին» բնության եւ մարդու ստեղծագործությունների յուրօրինակ համադրություն է: 

Սա ոչ թե Վաշինգտոնի, այլ Վիսկոնսին նահանգի Կապիտոլիումն է, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Մեդիսոնում: 

Ֆլորիդայի Պենսակոլա քաղաքի Սեւիլյան թաղամասի բար-խաղասրահներն այցելուների պակաս չեն ունենում: 

Պենսակոլան գտնվում է Ֆլորիդա նահանգի արեւմտյան ծայրին՝ Մեքսիկական ծոցի ափին: Եղանակն այստեղ տիպիկ ծովային է՝ խոնավ եւ տոթ, հորդառատ անձրեւներն էլ սովորական երեւույթ են: Ջրհեղեղները նույնպես պարբերական են: Փողոցներում կարելի է տեսնել դեռեւս ապրիլյան ջրհեղեղից պաշտպանվելու համար բերված ավազե պարկեր:

Տառեղը ծովածոցի հիմնական բնակիչներից է:

Երկու ձկնորս:

Մեքսիկական ծոցի տաք ջրերը հրաշալի վայր են սերֆինգի համար: 

Պենսակոլայի Պլազա դե Լունա ափամերձ հրապարակում կանգնեցված է իսպանացի հետազոտող Տրիստան դե Լունայի արձանը, որն էլ 1559-ին այստեղ բնակավայր է հիմնադրել: Հուշարձանի պատվանդանին 5 երկրների դրոշներ են՝ Իսպանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պենսակոլան այդպես էլ հայտնի է՝ «հինգ դրոշների քաղաք»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter