
«Մարան». գինեգործների շարունակվող տոհմածառը
1991 թ. հիմնված «Մարան» ընկերությունը Դեկանտեր 2014 համաշխարհային գինեգործական մրցույթում ստացել է բրոնզե մեդալ: Սա առաջին հայկական ընկերությունն է, որն այդ մրցույթում արժանացել է մրցանակի:
Դոգին, գինու տակառն ու գերմանացի ռազմագերիների կառուցած շենքը
Երևանից Փարաքար գյուղ տանող ճանապարհի վերջում խնձորավաճառ կինը մեզ շուտասելուկի պես բացատրում է «Մարան» գինու գործարանի վայրը: Արևից սևացած դեմքին բարկության մի թույլ նյարդ է դողում:
Տաքսին կանգնում է սովետական ժամանակներից մնացած շենքի դիմաց: Պատուհանին փակցված թուղթը հուշում է, որ տարածքը նկարահանվում է: Պահակակետից երկու տղամարդիկ մեզ ընդառաջ են գալիս: Կարճ հարցուփորձից հետո ներս են թողնում: Բայց դա առաջին պահակակետն էր:
Գործարանի երկրորդ պահակակետի՝ Դոգի անունով շան կողքով անցնելը, պարզվում է, մի քիչ էլ քաջություն է պահանջում: Դոգիի «տնակը» տակառ է, որտեղից նա շղթայակապ փորձում է հասնել դեպի եկող-գնացողները:
Տարածքում շատ են ոչ պտղատու ծառերը, որոնք մի տեսակ գրավչություն են հաղորդում այդտեղ գտնվող մի քանի շենքերի: Դրանց ամրության մասին խոսում ենք մեզ ուղեկցող գործարանի երիտասարդ աշխատակցի հետ: Ասում է՝ շենքերը 1950-ական թթ. կառուցել են գերմանացի ռազմագերիները, և ժամանակին այդտեղ եղել է գինու մեծ գործարան: Անկախությունից հետո տարածքը գնել է Սուքիասյանների ընտանիքը (գործարար Խաչատուր Սուքիասյանի մասին է խոսքը): 1998 թ. տարածքը վարձակելել է «Մարան» ընկերությունը՝ «տանելի» վարձով: «Մարանի» հիմնադիր Ավագ Հարությունյանը, վարձակալության գինը կոմերցիոն գաղտնիք համարելով, այդպես է ձևակերպում:
5 հոգով կարելի է նաև 6 երգ երգել
Շաբաթներ առաջ այս ընկերության «Բագրատունի» կարմիր անապակ գինին բրոնզե մեդալ է ստացել «Դեկանտեր» համաշխարհային գինու մրցույթում: Այն անցկացվում է Լոնդոնում: «Դեկանտերը» նաև գինեգործության մասին ամսագիր ունի, որտեղ տարեկան ներկայացվում են 4000-ից ավելի գինու անուններ: Մրցույթին մասնակցող մեկ գինու նմուշի համար պետք է վճարել 800 դոլար: Մինչ այս «Դեկանտերում» Հայաստանը չուներ մրցանակ:
«Բագրատունին» ոսկե մեդալի էր արժանացել 2013թ. Մոսկվայում տեղի ունեցած միջազգային գինու մրցույթին:
Մեդալակիր գինին արտադրվում է փոքր սենյակում, բայց նոր տեխնոլոգիաներով: Գործարանն ունի 5 աշխատակից, իհարկե, բացի Հարությունյանների ընտանիքից: Այս մասին իմանալով՝ փորձում ենք թաքցնել մեր զարմանքը, որը «որսում» է Ա. Հարությունյանն ու ժպտում:
Գինեգործ Ավագի թոռ Ավագը
Ավագ Հարությունյանը գործարանի տարածքում գտնվող փայտյա տաղավարի սեղանին է դնում «Մարան Վայների»-ի մասին գրքույկը: Գինեգործական իրենց տոհմածառից է սկսում՝ խոյեցի Մարան տատիկից, ով 1830-ականներին ընտանիքի հետ Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան: Նրանք բնակություն են հաստատել Վայոց ձորում: Այստեղ էլ 1860-ականներին Արտաբույնքում Մարանի որդին հիմնել է խաղողի այգիներ՝ մոր պատվին այն անվանելով «Մարանի»:
Դրանից 3 տարի անց կիսաարտադրական հնձանն են հիմնել: Գինեգործությունն էլ իր շառավիղներով հասնում է Ավագ Հարությունյանին, ում պապը՝ Ավագը, և հայրը՝ Ֆրունզիկը, ևս գինեգործներից էին, իսկ նրանից էլ՝ երկու որդիներին՝ Ֆրունզիկին ու Տիգրանին: Գինու «ծննդին» մասնակցում է նաև Ավագ Հարությունյանի կինը` Արմինեն: Ընկերության 20 հա խաղողի այգիները գտնվում են Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում:
Անկախ Հայաստանի առաջին գինի արտադրող ընկերությունը
«Մարանի» պաշտոնական հիմնումը համարվում է 1992 թ. (հիմնադիրներ են համարվում Ավագ և Արթուր Հարությունյանները): Մինչ օրս ընկերությունը չունի գործարանի իր սեփական տարածքը: Չնայած դրան՝ 1991 թ. Եղեգնաձորի իրենց տանը Հարությունյաններն արդեն սկսել են զբաղվել գինու արտադրությամբ: Արդյունքում ծնվել է առաջին գինին՝ «Նորավանք» անունով, որի նմուշները պահպանված են ընկերության մառանում:
«1991 թ. ես Ելփին գյուղում էի: Նայում էի այգիները, տեսնում էի համարյա իդեալական այգիներ՝ (Լեյլանի այգիներ են կոչվում) հողը քարքարոտ, և ասում եմ՝ ժողովուրդ, ինձ պետք է, որ տաք 23-տոկոսանոց շաքարայնությամբ խաղող, իրենք ասում են, թե գիտեք, մենք 50 տարի է՝ մշակում ենք այդ այգին, և այդ այգին 18-ից ավել շաքարայնությամբ խաղող չի տվել»,- պատմում է «Մարան» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ա. Հարությունյանը:
Այնուհետ ելփինցիներին համոզում է, որ խաղող աճեցնեն իր ասած պայմաններում՝ խոստանալով սահմանված գնից ավելի բարձր վճարել: Արդյունքում ավելի բարձր շաքարայնությամբ խաղող են ստանում: Հաջողված փորձը կիրառում են «Բագրատունու» համար: Խաղողի բերաքահավաքն սկսում են նոյեմբերին և ստանում են 25-28 տոկոս շաքարայնությամբ խաղող:
Սակայն, ըստ Հարությունյանի, այդպիսի բացահայտումները բիզնեսի տեսակետից ձեռնտու չեն, որովհետև դրանք երկար ժամանակ են պահանջում և մի քիչ էլ ռիսկային են: «Դա մի ճանապարհ էր, որ ցույց տվեց, որ այստեղ կա լավ խաղող ստանալու պոտենցիալ, իսկ պատկերացրեք, որ արենու 500 սորտ ունենք»,- ասում է գինեգործը:
Հայաստանը պետք է արտադրի թանկ գինիներ
Աշխարհում սպառվող գինիների 80 %-ը մինչև 2,5 եվրո է, իմիջային գինիները մինչև 10-13 եվրո են, 5-10 տոկոսն էլ թանկ գինիներն են, որոնցից առավել շատ սպառվում են մինչեւ 50 եվրո արժեցողները: Միջազգային շուկայի համար Հայաստանը պետք է արտադրի թանկ գինիներ (10-50 եվրո սեգմենտում): Այս համոզմունքն ունի Ա. Հարությունյանը, քանի որ եթե նույնիսկ Հայաստանն ամբողջությամբ ծածկվի խաղողի այգիներով, միևնույնն է՝ չի կարող ապահովել Եվրոպայի գինու շուկայի 0,1 %-ը: Բացի դրանից՝ մատչելի գնային հատվածում որևէ մեկի մտքով չի անցնում հետաքրքրվել ծագման երկրով:
Ոչ էժան հատվածում ներկայանալու համար որպես չափանիշ ընդունվում է գինու ծագման երկիրը, հողը:
«Գինու մեջ հայելու պես արտացոլվում է էթնոսը, պատմությունը, ուրախություններն ու ողբերգությունները, կլիման և այլն: Պատկերացրեք, ձեր ընտանիքի նկարագրությունը: Չեն ասում, թե այս մարդը կրում է այսինչ ֆիրմայի զարդ կամ հագուստ, այլ ասում են՝ գիտեք նա ում թոռն է: Բազմաշերտ ֆակտորներն են. ամենավերևում անձի, ծնողների արժանիքներն են, իսկ՝ հենքում ցեղի, ձեր շրջանի, ամենաներքևում էլ Հայաստանի արժանիքներն են»,- ասում է Ա. Հարությունյանը:
«Սա ֆրանսուհին է, բայց Հայաստանում»
Հայաստանյան մեծ ընկերությունները հիմնականում օգտագործում են եվրոպական տեսակի խաղող, որոնք լավ որակի են և ճանաչված են աշխարհում: Այդպիսով, միջազգային շուկա դուրս գալը հեշտ է, բայց այլ խնդիր է՝ Հայաստանն ընկալվո՞ւմ է այդտեղ գինու համային բացահայտումներով:
Վերջին 300-400 տարիներին Եվրոպան ինտեսիվ զարգացրել է իր խաղողի սորտերը, որոնք կազմում են գինու համաշխարհային շուկայի հիմնական մասը: Համաշխարհային ճաշակն էլ ձևավորվել է հենց այդ տեսակներով: Մյուս կողմից՝ կա մի երկիր, որը 7000 տարվա գինեգործական պատմությունի ունի, որտեղ, սակայն, խաղողի տեսակները դեռևս չուսումնասիրված և չճանաչված են:
«Ստացվում է այսպես. Հայաստան են բերում ֆրանսուհուն, որը սովորել է Սորբոնի համալսարանում, հագնվում է շքեղ, լավ դիմահարդարմամբ, գեղեցիկ հագնված, և ասում են՝ ահավասիկ սա հայ աղջիկն է: Ես էլ ասում եմ՝ չէ, սա ֆրանսուհին է, բայց Հայաստանում է: Փոխարենը մեր հայ աղջկան, որը փող չունի մազերը հարդարի, շոր գնի, կրթություն ստանա, ասում են, չէ, էդ ֆրանսուհուց վատն է: Ես էլ ասում եմ, որ էդքան փող ծախսեցիք ֆրանսուհու վրա, բերեցիք Հայաստան, այդքան գումար ծախսեք հայ աղջկա վրա, տեսեք՝ ինքը չի դառնո՞ւմ այդ գեղեցկուհին»,- ասում է նա:
Փոքր ընկերությունն ու ոչ էժան գինիները
«Մարան» ընկերությունը 20 տեսակի գինի ունի: Արտադրում է նաև մրգային օղիներ: Տարեկան արտահանում են 40.000 շիշ գինի: Հիմնականում ներկայանում է 10-ից բարձր եվրո գնով: Արտահանում են Ֆրանսիա, Բելգիա, Չինաստան, Լեհաստան, Ռուսաստան: Եթե նախկինում թանկ գինիները Ֆրանսիա էին արտահանում, հիմա այդ գինիների մեծ պահանջարկը ներկայացնում են Ռուսաստանն ու Չինաստանը: Պիտակների դիզայնով զբաղվում է «The Sign» ընկերությունը, շշերը գնում են Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերությունից, իսկ խցանները ներկրում են Իտալիայից: Շուտով ընկերությունը ներկայացնելու է նոր գինի, որի մեկ շիշն արժենալու է 200 դոլար:
Փոքրին չեն ուզում օգնել
«Պետությունը պետք է կանգնի արտադրողի կողքին, էն մեծի կողքին պետք չէ, որ կանգնի, որովհետև այդ մեծն արդեն բռնել է բիզնեսի «պոչը», խորհրդատուներ ունի և այլն»,- ասում է «Մարանի» ղեկավարը:
Նա նշում է, որ կոմերցիոն առումով ձեռնտու է եվրոպականացված խաղողի տեսակների օգտագործումը, բայց կոնցեպտուալ առումով՝ ոչ: Հայաստանում փոքր ու մեծ ընկերությունները գտնվում են նույն հարկային մակարդակում՝ երկուսն էլ նույնչափ հարկեր են վճարում, բայց ի տարբերություն փոքրի, մեծն օգտվում է հարկային արտոնություններից: «Ես ասում եմ՝ պետություն, դու կանգնիր այն մարդու կողքին, որը փորձում է բացահայտել մշակութային շերտերը»,- ավելացնում է Ա. Հարությունյանը:
«Մարանի» մառանում
«Մարանի» մառանի ծանր դուռը կիսաբաց է: Ներսում 15 աստիճան ջերմություն է: Օդը սառն է: Այստեղ մեզ ուղեկցում է Ավագ Հարությունյանի որդին՝ գինեգործ Ֆրունզը: Նա մասնագիտությամբ գինեգործ է, ասպիրանտուրայում է սովորում: Մառանի դեղին լուսավորությունը խորհրդավոր է դարձնում տարածքը:
Երկու կողմերում աստիճաններ են, որոնց միջև ընկած է տակառները մառան հասցնելու ճանապարհը: Աստիճանների վերևի հատվածում Հայաստանի գինեգործության մասին լուսանկարների շարքն է: Հերթով նայելը դժվար է, արագ իջնում ենք ներքև: Ձախ ուղղությամբ՝ նորից դուռ, որտեղ էլ գտնվում է մառանը: Փայտյա տակառների վրա թվագրում են արել, բայց դասավորությունն ըստ դրա չէ: Մառանի մի հատվածում իրար կպած սեղաններն են, դրանց մոտ ընկերության գինու ցուցադրափեղկն է: Շշերի վրա, փեղկերի անկյուններով հելյունագործության նմանվող սարդոստայններ են:
Ֆրունզը շշից զգուշությամբ մաքրում է փոշին, կարդում ենք ընկերության հին գինիների անունները: Շշերից մի քանիսի վրա երկու այծիկներ են՝ դեմ-դիմաց, որոնք հետագայում ձևափոխվել են: Ֆրունզի խոսքով՝ գինու անուններն ավելի հեշտությամբ են ընտրում, քան պիտակների դիզայնը: Թե՛ անունները, թե՛ պիտակները կոնցեպտուալ հիմք պետք է ունենան, ինչպես գինու արտադրությունը:
Ցուցափեղկի գինիներից չի առանձնանցում ոչ մեկը: Ասում է՝ դա նույնն է, երբ ծնողին հարցնում են, թե որ երեխային է ավելի շատ սիրում: «Բոլորին»,- մեղմ ժպտում է Ֆրունզը, հետո դուրս գալիս մառանից՝ անջատելով տակառների «տան» լույսերը:
Հ.Գ. Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի դարձավ, որ «Դեկանտեր 2014»-ում մրցանակներ են ստացել նաև հայկական «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» և «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունները:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել