Ազգային ժողովի այգեգործ. «Բնության մեջ բարիանում եմ, չարը չկա»
Աշոտ Հակոբյանը Ազգային ժողովի 12 այգեգործներից մեկն է: Արդեն 14 տարի է՝ զբաղվում է այգեգործությամբ, իսկ 1,5 տարի աշխատում է նաև որպես ԱԺ գյուղատնտես:
Մինչ Ազգային ժողովում աշխատանքի ընդունվելն աշխատում էր տրիկոտաժի ֆաբրիկայում որպես մեխանիկ, հետո ԱԺ-ի գյուղատնտես իր մորաքրոջից իմացել է, որ ԱԺ-ում այգեգործի աշխատատեղ կա, դիմել է: Բժշկական սարքավորումների էլեկտրամեխնիկի կրթություն ունի, բայց դրանով քիչ է զբաղվել: «Բնությունն իմ կյանքում ուրիշ երևույթ է: Բնության մեջ բարիանում եմ, չարը չկա: Գիտես, որ սկսում եմ աշխատել այգում, մեկ էլ ինձ բռնացնում եմ, որ խոսում եմ ծառերի, թփերի, բնության հետ»,- ԱԺ նստարանին նստած՝ նա անընդհատ նայում է հեռու կետերին: Խոսում է հանգիստ: Ամեն հարցին անշտապ է պատասխանում:
Այգու նստարանին նստած՝ անընդհատ նայում է վարդի թփերին: Գիշերվա անձրևից հետո դրանք կորցրել են իրենց հոտը: Ասում է՝ երևի տարիքն է պատճառը, որ սկսել է սիրել բնությունը: Խորհրդարանի տարածքը, նրա հաշվարկով, 7 հա է՝ ներառյալ ԱԺ շենքերը: Այգում կան բարդիներ, կեչիներ, ծիրանենի, թթենի, սոճի, փշատերև ծառեր, ծաղիկներից տարածված են վարդերը: Ծառերի մեջ քմահաճներ չկան, բայց ծաղիկների մեջ շատ են: Օրինակ, ասում է, պետք է իմանաս ջրելու ճիշտ չափը՝ ծաղիկ կա, որ մի քիչ ավել ջրես, կփտի: «Հոգ տանել է պետք ծառերին, ամեն մի թփի»,- նկատում է նա:
Հիմա պատգամավորներն ավելի շատ են զբոսնում այգում, քան նախկինում: Մեկ-մեկ գնահատում են այգու գեղեցկությունը, գազոնի հարթությունը, բայց այգեգործ Աշոտը չի ցանկանում առանձնացնել նրանց անունները: «Մի ժամանակ Ազգային ժողովում մի աշխատող կար՝ Ջեյմս Արամիչը (ազգանունը չեմ հիշում), ընդմիջումներին ման էր գալիս այգում, դաշտային ծաղիկներ էին լինում, ամեն անգամ դրանցից մի փունջ էր հավաքում ու նվիրում առաջին մարդուն, որ էդտեղով անցնում էր»,- հիշում է այգեգործը:
Հիմա մարդիկ ավելի շատ են չարացել: Դա էլ դժվարությունների հետևանք է: Սրանում համոզված է 55-ամյա Ա. Հակոբյանը, հետո, տեսնելով ԱԺ շենքի հետնաբակում երկու անցորդներին, ներողություն է խնդրում, ընդհատում է մեր զրույցը, որովհետև ուզում է բարևել: Հենց զրույցն ուզում ենք վերսկսել, կրկին նրա ծանոթներից մեկն է անցնում ծառուղով: Ջերմ բարևից հետո ծանոթն ասում է, թե Աշոտի «երկրորդ փեշակը անեկդոտներ պատմելն է»: «Էնպիսի հումորով մարդ ա»,- ավելացնում է այգեգործի ծանոթը:
Մեր զրույցի երկրորդն հատվածն անսպասելի զարգացում ունեցավ: Մինչ ձայնագրիչս կմիացնեի, սկսեցինք խոսել Հայաստանի սոցիալական վիճակի մասին, հետո անցանք պատերազմի թեմային: Ա. Հակոբյանն ասում է, որ պատերազմի առաջին օրվանից էլ եղել է ռազմի դաշտում՝ սկզբից «Մուշ» ջոկատում էր, հետո՝ տարբեր ջոկատներում, որոնք չցանկացավ թվարկել: «Եղել եմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանագծերում. Շահումյանում՝ Էրքեջում, Բուզլուխում, որը չկարողացանք պահել, ցավոք սրտի: Վերջին կռիվներից՝ Մարտակերտում: Ջոկատը կապ չունի. ամեն տեղ էլ ընկերներ ունեմ»,- այս խոսքերից հետո նա լռում է, քիչ անց խոր հոգոց է հանում:
Պատերազմին կորցրեց ընկերներին, շատ բան: «Ախր, չեք տեսել, ոնց ասեմ... Սարսափելի էր: Չեմ իմանում ինչ ասեմ»,-շարունակում է Ա. Հակոբյանը:
Պատերազմը հիմա էլ շարունակվում է, սակայն մեծամասշտաբ գործողությունների չի հասել: Այս մասին ասում է ազատամարտիկ Հակոբյանը, հետո ավելացնում, որ եթե հանկարծ պատերազմը վերսկսի, ինքը նորից լինելու է այնտեղ, որտեղ պետք է: «Սա անձնական խնդիր չի, որ աչքերդ փակես, ասես, չէ, չեմ գնում: Էդ մեր երկրի խնդիրն ա»,- նշում է նա:
Ծառուղով սկսում ենք քայլել: Ճանապարհին ընկած փայտե կտորտանքներն է վերցնում, դնում մի կողմ: Ասում է՝ պատերազմը վայրենի է դարձնում մարդուն, և ինքը միայն բնության մեջ գտավ իրեն: Կյանքի ամենամեծ կորստի ու ձեռքբերման մասին եմ հարցնում: Մեջբերում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ պատերազմին տվեց ինչ կարողացավ, իսկ ձեռքբերեց արժանապատվություն:
Այգեգործի աչքերում թույլ գծագրվում են կարմիր բծերը, կոպերը նկատելիորեն թրթռում են, խոսքերը, կարծես, քարկապ ընկնում: Իր երկրորդ «փեշակի»՝ անեկդոտ պատմելու մասին էլ ասում է՝ թողնենք մի ուրիշ անգամվա: Պատերազմի մասին մեր զրույցը կարծես ցրել էր նրա մտքերը այգու տարբեր կետերում: «Մի քիչ դժվար է խոսելը էդքանից հետո»,- ճանապարհին հաջողություն ասելուց հետո ավելացնում է նա ու մեղմ ժպտում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել