
Լրացուցիչ դատական փորձաքննություն` Սարգիս Հակոբյանի գործով (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանի դատական գործի հերթական լսումը: Դատախազ Լազարյանը հանդես եկավ միջնորդությամբ, որ գործին կցվի և որպես ապացույց համարվի Սարգիս Հակոբյանի և Հասմիկ Խաչատրյանի դստեր` Վարսիկ Հակոբյանի ցուցմունքն այն մասին, որ մայրն իրեն որևէ անգամ չի հարվածել:
Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ, որ Հասմիկ Խաչատրյանը ուղարկվի լրացուցիչ դատական փարձաքննության` պարզելու՝ արդյոք Հասմիկ Խաչատրյանի ձախ դաստակին գտնվող սպին ծխախոտի այրվածքի հետք է, թե «պզուկի» կամ ֆուրունկուլի արդյունք: Դատարանը բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը և ուղարկեց Հասմիկ Խաչատրյանին լրացուցիչ դատական փորձաքննության:
Հ. Գ. Մինչ դատական լսումը Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը իր մոտ հրավիրեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանին, կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանին, Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանին եւ «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին՝ հայտնելու, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ Գավառի ոստիկանությունը պատրաստվում է ապահովել դատական լսմանը ներկայացող իրավապաշտպանների եւ լրագրողների անվտանգությունը՝ դատական լսումների ընթացքում եւ դրանից առաջ:
Մեկնաբանել