HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակել էր Վարդան Պետրոսյանի կալանքը փոխելու մասին փաստաբան Մարի Լոռ Դոզեի միջնորդության որոշման եզրափակիչ մասը: Փաստաբաններ Դոզեն ու Բաղդասարյանը ուսումնասիրել էին դատարանի որոշումը, որով Վաղինակ Մկրտչյանը մերժել էր փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել:

«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպան Դոզեն` տեղեկացնելով, որ որոշման մեջ նշված է Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու 2 հիմք` հնարավոր փախուստը Հայաստանից և վկաների վրա ճնշում գործադրելը:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք դատարանի որոշմամբ հստակեցված ու հիմնավորված է Վարդան Պետրոսյանի փախուստի մասին վկայությունը կամ վկաների վրա ճնշումներ գործադրելը, փաստաբան Դոզեն պատասխանեց. «Ոչ, նման ապացույցներ դատարանը չի ներկայացրել, թե ինչ փախուստի վտանգի մասին է խոսքը կամ ինչ հիմքեր կան կասկածելու, որ վկաների վրա ճնշում կարող է գործադրվել: Այսինքն` որոշումը բավարար պատճառաբանված չէ: Ի՞նչ փախուստի մասին կարող է խոսք լինել, երբ Վարդան Պետրոսյանի երկու անձնագրերն էլ նա իր կամքով հանձնել է նախաքննությանը»:

«Այսպիսի որոշման համար Հայաստանը կդատապարտվի ՄԻ Եվրոպական դատարանի կողմից. լինի 5-6 տարի հետո, բայց Հայաստանն անպայման կունենա «Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» հաղթած գործ: Այսքան վստահ եմ ասում, քանի որ անցյալ տարի նման մի որոշման պատճառով Ֆրանսիան դատապարտվեց: Դարձյալ դատարանը բավարար չէր պատճառաբանել, թե ինչու անձը պիտի մնա կալանքի մեջ: Բայց համեմատած ֆրանսիական որոշման հետ` երեկվա որոշումը գլուխգործոց է»,- ասաց փաստաբան Դոզեն:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ դեռ դեպքից 4 օր անց՝ հոկտեմբերի 24-ին, ոստիկանությունը գրություն էր ուղարկել՝ ցուցում տալով փակել Վարդան Պետրոսյանի առաջ բոլոր ճանապարհները: Բաղդասարյանը նաև նշեց, որ ավտովթարին ականատես եղած մարդիկ չկան՝ բացի տուժողներից և Վարդան Պետրոսյանից: «Աբսուրդ է կարծել, թե վկաների վրա Վարդան Պետրոսյանը կարող է ճնշում գործադրել»,- ասաց փաստաբանը:

Մարի Լոռ Դոզեն մեկ անգամ ևս պնդեց, որ Վարդան Պետրոսյանի նախնական կալանքն անօրինական է, և ինչ-որ «անհասկանալի հալածանք կա նրա նկատամամբ… Արդարադատությունը պարկեշտության կարիք ունի… Ես չգիտեմ, թե այսօր ինչ են քննում դատարանում, բայց հաստատ ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում»,-ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանի կալանավորման գործով նյութերն արդեն պատրաստ են, շուտով դրանք կուղարկվեն ՄԻ Եվրոպական դատարան:

Մարի Լոռ Դոզեն նշեց, որ իր պաշտպանյալին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. «Տեսա, որ պահման պայմանները ցավալի են, ողբալի ոչ միայն Պետրոսյանի, այլև բոլորի համար»: 

Մեկնաբանություններ (3)

Հ.Շ.
«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»: ----- Մեթր Մարի Տոզէյի օրերէ ի վեր Հայաստանում սարքած թատրոնն ալ կարող էր ծիծաղ առաջացնել, եթէ խնդրիրը չվերաբերեր մահացած պատանիների: ----- Իսկ Ֆրանսայում Օրէնքի Գերակայութեան վիճակը շատ աւելի վիճելի է քան այդ փառապանծ եւ իտէալական պատկերը զորս Տոզէ շողշողացնում է դուրսի աշխարհով հիացած եւ հմայուած Հայաստանի բնակչութեան մի մասի երազկոտ աչքերի առաջ: ---- Հ.Շ.
Հ.Շ.
Բառացիօրէն առաջին օրից սկսեալ, Վարդանի Պաշտպան Կողմը ինք է որ, ցարդ, ուշացնում է դատի ըստ էութեան քննարկումը եւ հետեւաբար աւարտումը: --- Այս ֆրանսացի փաստաբանուհիի զաւեշտային միջադէպը նորագոյն առիթը եղաւ դարձեալ ապարդիւն կերպով դանդաղացնելու դատի ըստ խորքի առաջացումը: --- Պարզ էր թէ կալանքի վերաբերեալ որոշումը, այս անգամ եւս, մնալու էր անփոփոխ: Օտար ու արտաքին ճնշումը ոչ թէ բան չէր փոխելու այդ ուղղութեամբ, այլ անոր հակառակ ազդեցութիւնը աւելի հաւանական էր... --- Նպատակը ի՞նչ էր, ուրեմն: Արդեօք, հիմնականօրէն, ա՞յս՝ «այսպիսի որոշման համար Հայաստանը կդատապարտվի ՄԻ Եվրոպական դատարանի կողմից. լինի 5-6 տարի հետո, բայց Հայաստանն անպայման կունենա «Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» հաղթած գործ:»....--- Դատը ընդմիջող ու երկարաձգող այս կրկնական եւ ապարդիւն դիմումի ճամբով, Եւրոդատարանի միջոցառո՞ւմը պատրաստուեցաւ ուրեմն: Որ տեղի է ունենալու... «5-6 տարի հետո»... ---Իսկ մինչ այդ, բանտում նստած վերջնական վճիռ - եւ հետեւաբար խնդրի օրինական յանգում - սպասողը՝ Վարդանն է... --- Հ.Շ.
Հ.Շ.
Նկատի ունենալով մահացած պատանիների ընտանիքի կեցուածքը, հոգեվիճակն ու վերաբերմունքը, եւ նաեւ՝ հանրային որոշ - նոյն տիպի - տրամադրութիւններ, արդեօք կարելի չէ՞ մտածել թէ Վարդան Պետրոսեան բանտում պահելու որոշումը կը միտի նաեւ ապահովելու անոր մարմնային անվտանգութիւնը... Մինչեւ որ վերջնական եւ ըստ էութեան վճիռը արձակուի, որմէ ետք, ամէն պարագայի, բանտից դուրս գալով ան անմիջապէս եւ օրինապէս կարող է մեկնիլ ուրիշ երկիր: Ու մնալ այդտեղ, մինչեւ որ Հայաստանում, գոնէ այս խնդրում, կիրքերը հանդարտին... Քանզի ժամանակը կը բուժի ամէն բան... Ի դէպ, այս վերլուծման լոյսին տակ՝ իր դաստեարակչական բարձրաթիռ ելոյթների ընթացքում, Յարգելի Մեթր Մարի Լոռ Դոզեն կը թուի մոռցած ըլլալ ֆրանսական օրէնքի մի այլ տուեալ, ըստ որու, «ժամանակաւոր կալանք»ը կարող է որ հիմնուի «հանրային կարգի» խախտման վտանգի կամ մտահոգութեան վերաբերերող նկատողութիւնների վրայ: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter