
Արցախի Տող գյուղի գինին` հայկական և ռուսական շուկաներում
Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում արտադրվող «Կատարո» գինու արտադրամասի յուրաքանչյուր այցելուի համար էքսկուրսիան սկսվում է մեկ բաժակ կարմիր չոր գինուց: Գլխավոր տեխնոլոգ Գրիգորի Ավետիսյանը, լցնելով բաժակները, ասում է, որ լավ գինին բացելուց մի քանի օր հետո ավելի հագեցած համ պիտի ունենա, ոչ թե փչանա:
Բաժակները լցնելուց հետո Գրիգորին թեթև շարժումով թափահարում է ափի մեջ պահած բաժակը, ապա հոտ քաշում ու հետո միայն համտեսում:
«Լավ է,- գոհունակությամբ ասում է նա,- գինու որակը ստուգելու համար բացում ենք ու մի քանի օր պահում: Օդի հետ շփվելիս այն լրիվ այլ համ է ունենում»:
Գինու արտադրությունն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է: Էռնեստ Ավետիսյանը երեք որդիների հետ ամեն ինչ սկսել է 6 հա խաղողի այգուց: Նրանք խնդողնի տեսակի խաղող էին աճեցնում, իսկ մթերքը հանձնում վերամշակման կետ:
«Տարեցտարի խաղողի ընդունման գինն ընկնում էր, մենք էլ որոշեցինք ինքներս վերամշակել: Տեսանք՝ խնդողնուց լավ գինի է ստացվում: Ոգևորված՝ սկսեցինք արդեն արտադրամաս ստեղծել»,- պատմում է Է. Ավետիսյանը:
Ավետիսյանները հիմնեցին «Անուշ 1» ընկերությունը եւ 2010 թ. սկսեցին գինու արտադրությունը: Հադրութի շրջանում գտնվող Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով էլ կոչել են իրենց արտադրած գինին՝ «Կատարո»: Առաջին տարում արտադրել են 5000 շիշ, որը սպառվում էր միայն Հայաստանում:
Այսօր «Կատարո» գինին սպառվում է Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում՝ մոտ 3000-3500 դրամով: Հազիվ հասցնում են հայկական ու ռուսական շուկայի պահանջարկն ապահովել:
Ավետիսյանները ծրագրում են գինի արտահանել նաև եվրոպական երկրներ: Սպառման աշխարհագրությանը զուգահեռ ընդլայնելու են նաև արտադրության ծավալները: Գ. Ավետիսյանի հավաստմամբ՝ այս տարի պլանավորում են արտադրել 50 հազար շիշ գինի: «Պահանջարկ կա, մնում է ներդնենք նոր սարքավորումներ և արտադրությունը կրկնապատկենք՝ հասցնելով տարեկան 100 հազար շշի»,- ասում է Գ. Ավետսիյանը:
Գինու արտադրության ամեն մի փուլն Ավետիսյաններից մեկն է կարգավարում: Բայց սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատողներ են վարձում:
«Կատարո»-ի պատրաստման գրեթե ողջ գործընթացը ձեռքով է արվում, այդ թվում՝ շշալցումը: Մեր այցելության ժամանակ Ավետիսյաններն արդեն 2013 թ. գինու շշալցմանն էին նախապատրաստվում:
Այս տարի Ավետիսյանները խաղողի նոր տեսակների առաջին բերքը կստանան, որով առաջիկայում պետք է տարբեր տեսակի եվրոպական գինիների արտադրություն սկսեն:
Գ. Ավետիսյանը համոզված է, որ եվրոպական գինիների հետ մրցակցել հնարավոր է, պարզապես պետք է խաղողագործությունն Արցախում լուրջ հիմքերի վրա դնել:
Իսկ մինչ այդ որակով գինու լավագույն խաղողի տեսակն Արցախի համար մնում է խնդողնին: Դրա վառ ապացույցն այն է, որ 2012 թ. Արենի գինու փառատոնում 2000-5000 դրամանոց գինիների անվանակարգում «Կատարո»-ն առաջին տեղն է գրավել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել