
Տրայան Հրիստեա. «Մենք չենք վախենում նվաճվելուց»
Եվրոպական Միության 28 անդամ երկրներից 10-ը կառույցին են միացել 2004 թ.-ին: Եվս 4 երկիր` Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան և Թուրքիան, անդամակցության թեկնածուներ են: 2014 թ.-ին լրանում է ոչ միայն ԵՄ-ի ընդլայնման տասը տարին, այլև այն ընտրական տարի է. մայիսի 22-25-ը ԵՄ-ի անդամ երկրները մասնակցում են Եվրախորհրդարանի ընտրություններին: Այսօր ԵՄ-ի ներսում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Մի կողմից՝ շարունակվում է նրա ինտեգրման քաղաքականությունը, որի դեպքում պարտադիր չէ լինել ԵՄ-ի անդամ, մյուս կողմից` առաջ է գալիս այն հարցը, թե որքան կարող է ընդլայնվել ԵՄ-ն: Մի շարք երկրներ «բախում են» ԵՄ-ի դուռը, բայց և մի խումբ երկրներ, որոնք կազմում են Եվրոպայի մաս և դասվում են զարգացած երկրների շարքին, ԵՄ-ի մաս չեն կազմում: Օրինակ` Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան և այլ երկրներ ևս, ԵՄ-ի անդամ չլինելով, ակտիվորեն համագործակցում են ԵՄ-ի հետ: Իսկ ԵՄ-ի անդամ Մեծ Բրիտանիան այսօր հավակնում է դառնալ առաջին երկիրը, որը հնարավոր է դուրս գա եվրոպական մեծ ընտանիքի կազմից:
«Հետքի» այն հարցին, թե որն է ԵՄ-ի պատկերացրած Եվրոպան, որովհետև աստիճանաբար այն շարժվում է դեպի արևելք, Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան պատասխանում է, որ եթե մարդիկ Եվրոպայում վախենային, թե այլ երկրի բնակիչներ կարող են զավթել Եվրոպան, ապա ԵՄ-ն գոյություն չէր ունենա:
«Ազատ տեղաշարժի իրավունքը մարդու հիմնարար ազատությունն է: Մենք չենք վախենում նվաճվելուց,- ասում է Տ. Հրիստեան - Մարդիկ ցանկանում են Եվրոպա կառուցել իրենց երկրի ներսում»:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն պատմական մեծագույն հայտարարություն է համարում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը` պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը կարողանա ասոցացվել ԵՄ-ին: Իր հերթին Տ. Հրիստեան հավելում է, որ ԵՄ-ի կողմից չի նվազելու այն ծրագրերի իրականացումը, որոնք պետք է օժանդակեն Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Վերանայվում են մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ հարցերը քննարկվում են հայ գործընկերների հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության մակարդակով:
Մայիսի 21-ին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ում ԵՄ-ի անդամ երկրների դեսպաններն ամփոփում էին ԵՄ-ի ընդլայնման տասնամյակը: Ա. Ռենոն համոզված է, որ չնայած առկա դժվարություններին, ԵՄ-ն ունակ է հանդես գալ ինտեգրված և ամբողջական:
«Հարկ է, որ ԵՄ-ն գիտակցի և հետ նայի, թե առաջ ինչպես էր աշխատում և հիմա ինչպես է, որովհետև այսօրվա ռազմավարությունը երեկվա ռազմավարությունը չէ»,- ասում է Ֆրանսիայի դեսպանը:
Քանի որ տարբեր են ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրների առանձնահատկությունները, Ա. Ռենոն կարծում է, որ յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է պետք: Նաև հարկ է այդ երկրներին, ինչպես նաև Հայաստանին ներկայացնել ԵՄ-ի խնդիրները:
Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշում է, որ իրենց մոտ կան մի խումբ մարդիկ, որոնք մինչև հիմա դեմ են, որ Լիտվան ԵՄ-ի անդամ է: Նրանք կարծում են, որ այդպիսով նվազում է իրենց երկրի ինքիշխանությունը: Սակայն, ըստ դեսպանի, այս տարիների ընթացքում Լիտվան մեծ ձեռքբերումներ է արձանագրել:
«Լիտվան ապացուցել է, որ կարևոր է ոչ թե երկրի չափսը, այլև կանոնակարգված աշխատանքը»,- ասում է Է. Պետրիկասը:
Ինքնիշխանության նվազման վախը առկա էր նաև Լեհաստանում, երբ այն ևս 2004 թ.-ին միացավ եվրոպական ընտանիքին: Առավել ևս, որ մինչև 1989 թ.-ը երկիրը եղել է ԽՍՀՄ ազդեցության տակ:
«Մենք գիտեինք ինչպես ձկից ստանալ ձկնապուր, բայց ինչպես ձկնապուրից ստանալ ակվարիում, մենք չգիտեինք»,- ասում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը արձանագրում է, որ վերջին տասը տարիների ընթացքում Լեհաստանին հաջողվել է դառնալ լուրջ խաղացող ԵՄ-ում: Այն հայտնի է որպես պատասխանատու և կանխատեսելի երկիր, որը կարողանում է, հաշվի առնելով իր շահերը, գործել նաև ընդհանուր շահերից ելնելով:
«Համոզված եմ, որ խոր անկախություն ձեռք են բերում վերակառուցման միջոցով: Ազատությունը էժան գնով չի ձեռք բերվում, և պետք է կարողանալ պաշտպանել այն»,- հայտարարում է Զ. Ռաչինսկին:
Մեկնաբանել