
Հանքային ջրեր. չիրացված հարստություն
Աշխարհում տարեկան սպառվում է 124 մլրդ լիտր հանքային ջուր, յուրաքանչյուր շնչի հաշվով՝ 24 լիտր: Սա ամենարագ աճող շուկաներից մեկն է՝ տարեկան 7-8%:
Հայաստանն ունի հանքային ջրերի մեծ պաշարներ՝ Ջերմուկում, Բջնիում, Արզնիում, Հանքավանում, Դիլիջանում: Մոտ 7 ընկերություն զբաղվում է հանքային ջրերի արտադրությամբ, սակայն այս ճյուղը զարգացման մեծ պոտենցիալ ունի: Վերջին տարիներին կան դրական տեղաշարժեր: 2013 թ. գրանցվել է հանքային ջրերի արտադրության ռեկորդային բարձր մակարդակ՝ 43.2 մլն լիտր, որից 11.8 մլն լիտրն արտահանվել է: Այսպիսով՝ հաջողել է վերականգնել ու գերազանցել նախաճգնաժամային ծավալները (2008 թ. արտադրվել էր 35.8 մլն լիտր, որից արտահանվել է 9.7 մլն լիտրը): Նշենք, որ 2009 թ. ճգնաժամային տարում հանքային ջրերի արտադրությունը Հայաստանում նվազել էր մոտ 30%-ով:
Վերջին տարիներին էապես ընդլայնվել է հանքային ջրերի արտահանման աշխարհագրությունը, թեև Ռուսաստանը մնում է իրացման հիմնական շուկան՝ մոտ 88% մասնաբաժնով: 2013 թ. Ռուսաստան է արտահանվել մոտ 10.5 մլն լիտր հանքային ջուր: Սա այդ երկրում սպառվող հանքային ջրի ընդամենը 0.2%-ն է, այնինչ վրացական «Բորժոմին» իրացման ծավալներով այդ շուկայում առաջին տասնյակում է:
Թեև մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում «Ջերմուկի» հետ կապված սկանդալին՝ այդ երկիրը երկրորդ տեղում է հանքային ջրերի արտահանման առումով՝ մոտ 300 հազ. լիտր (2013 թ.): Ընդ որում՝ ամերիկյան շուկայում ևս գրանցվում է արտահանման դինամիկ աճ: Զգալի քանակությամբ հանքային ջուր Հայաստանից ներկրում է նաև Ուկրաինան՝ մոտ 250 հազ. լիտր:
Բնականաբար՝ հանքային ջրերի մեծ ներկրողներ կարող են հանդիսանալ համեմատաբար ջրազուրկ երկրները: Այս առումով՝ 2013 թ. զգալի առաջընթաց կա: Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 105 հազ. լիտր, այնինչ 2012 թ. գրեթե արտահանում չենք ունեցել:
Առաջին անգամ Հայաստանին հաջողել է զգալի ծավալներով դուրս գալ Սաուդյան Արաբիայի շուկա՝ 17 հազ. լիտրի չափով: Արտավազի հանքային ջրերի աղբյուրները շահագործելուց հետո ենթադրվում է, որ դեպի Սաուդյան Արաբիա արտահանումը էապես կավելանա (այդ ջրերը շահագործողն արաբ շեյխ է):
2013 թ. «նվաճված» շուկաներից են նաև Բուլղարիան, Էստոնիան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, սակայն դադարել են արտահանումները դեպի Իրաք ու Չինաստան:
Եվրոպական երկրներից ամենաշատը հայկական հանքային ջուր սպառում են Լեհաստանում՝ 42 հազ. լիտր, Ֆրանսիայում՝ 16 հազ. լիտր, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում: Հայկական հանքային ջրերը մեծ պահանջարկ ունեն նաև հարևան Վրաստանում՝ 171 հազ. լիտր:
Միջինասիական երկրները ևս համարվում են հայկական ջրերի ավանդական խոշոր սպառողներ:
Մեկնաբանել