HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արա Հայթայան. «Մեզ մնում է միայն նրբանալ, սովորել լսել լռությունը»

«Արվեստին սպառիչ «ինչ»-ով մոտենալը արդեն իսկ դեմ է նրա անբացատրելի բնույթին»

Օրեր առաջ ավարտվեց «Հայ-ճապոնական ժամանակակից արվեստ»-ի ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին 43 արվեստագետի աշխատանքներ՝ Հայաստանից եւ Ճապոնիայից։ Ցուցահանդեսի, ժամանակակից արվեստի եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ցուցահանդեսի համադրող, նկարիչ Արա Հայթայանի հետ։

-Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի համադրությունը միեւնույն տարածության մեջ շատ հարցադրումներ է առաջացնում։ Ի՞նչ ընդհանրություններ կան հայ եւ ճապոնացի ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներում։

-Մեզանից անկախ` ժամանակակից արվեստի ստեղծած համատեքստերն ի վիճակի են տարբեր մշակութային տարածքներում ստեղծված ասելիքները զետեղել ընդհանուր քննարկման հարթակի վրա։ Արդի արվեստի առասպելները զուգահեռվելու հատկություն ունեն։ Համադրողի ցանկությունից եւ ձգտումից անկախ՝ ենթադրություններն իրենք են գոյանում․ դա ժամանակակից արվեստային սրահի, «փակ քառակուսու» զարմանալի առեղծվածն է։

Ժամանակակից արվեստ» եզրույթն իր բովանդակությամբ ինչպե՞ս է ընկալվում մեր ստեղծագործական միջավայրում եւ ինչո՞վ է տարբերվում ճապոնականից։

-Ընկալման առումով հայ եւ ճապոնացի դիտողի կեցվածքն ու ակնկալիքները, թերեւս, բավականին տարբեր են։ Ճապոնական արվեստային միջավայրը զուգահեռ տեսակետներ միաժամանակ պահպանելու հսկայական փորձ է կուտակել․թե՛ սեփական, թե՛ համաշխարհային արվեստի բազմաձեւությունն ընկալում է որպես փաստ եւ հանդուրժելի իրականություն, որը պետք չէ զսպել, դրան ընդդիմանալ, արմատապես բացասել։ Յուրաքանչյուր տեսակետ փորձում է կենտրոնանալ սեփական գոյաբանական կառուցվածքը ձեւավորելու վրա, ուժը ներդնում է իր գեղագիտության ABC-ն ձեւակերպելու եւ զարգացնելու վրա։

Հայ դիտողը յուրաքանչյուր նոր հանդիպում արվեստային միջամտության հետ ընկալում է սեփական, արդեն ձեւավորված տեսակետների, կյանքի եւ մահվան մի նոր փորձություն, ես-ի ամրապնդման կամ կորստի մի նոր արկած։ Հասկանալու ագահ ցանկությունը նրան թույլ չի տալիս ապրել գործը, մանեւրել գործի շուրջ, չշտապել կարծիք արտահայտելիս։

Յուրաքանչյուր նոր մոտեցում ընկալում է որպես «դամոկլյան սուր»՝ կախված նախորդների տեսակետների գլխին։ Ինքը մեր միջավայրի արդյունքն է, ուր մի ամբողջ սերնդի բազմակարծություն գլխատվել է «միակ»` ուժային, պաշտոնական տեսակետի գոյության համար։

Անսովորությունը, երբ արվեստի դաշտն առաջարկում է զուգահեռաբար կյանքի իրավունք ունեցող տեսակետներ, թույլ չի տալիս ձեւավորել հանդուրժողականության մշակույթ, իսկ վերջինիս բացակայությունը միշտ առաջացնելու է հետեւյալ կատեգորիկ եւ խանդոտ հարցը՝ «Բացատրե՛ք ինձ, թե սա ինչ է»։

Արվեստին սպառիչ «ինչ»-ով մոտենալը արդեն իսկ դեմ է նրա անբացատրելի բնույթին։ Կարող եք ինձ մեղադրել այն բանում, որ ես առաջ եմ տանում «արժեքի բացակայության» վարկածը․ հնարավո՛ր է, բայց մյուս կողմից պարզորոշ տեսնում եմ, որ չի կարող արժեհամակարգ գոյանալ մի հասարակությունում, ուր արվեստը, մի կողմից լինելով արհամարհված պարապմունք, մյուս կողմից ակնկալվում է  կիրառվել կամ մեկնաբանվել այդքան հեշտ, պարզունակ, օրվա կիրառելիության սահմաններում։

-Ցուցահանդեսում մի բան նկատեցի ի տարբերություն մեր արվեստագետների` ճապոնացիների համար նյութի օգտագործումը, փոխակերպումը եւ վերջինիս ընկալումը մի այլ, կոնցեպտուալ նշանակություն ունի։  Շատ արվեստագետներ հանդես են գալիս «ժամանակակից արվեստ»-ի շղարշի ներքո ո՞րն է մեր ժամանակակիցների առանձնահատկությունը ստեղծածի մեջ։

-Նյութի հանդեպ բարբարոսական վերաբերմունքն ու անարգանքը նստած էր եւ է մեր արվեստային կրթական համակարգում։ Կտավին ու յուղաներկին անբացատրելի առաջնայնություն եւ արժեք տալը, թուղթը որպես վարժանքի հապճեպ փորձադաշտ դիտարկելը, ջրաներկն ու տուշը որպես նախապատրաստական նյութ դիտարկելը, աղբի պես քարի քանդակների հապճեպ արտադրությունը․․․ Այս ամենը հանգեցրել են նրան, որ առանց նյութի հետ նույնանալու, նրա բովանդակային հնչեղությունն ուսումնասիրելու, անցած նախապատմությունը ճանաչելու` սերունդներ են արարել, ինքնաբերաբար, առանց անհրաժեշտության, առանց համոզմունքների։

Արվեստւմ լինելը օգտագործվել է գործունյա միջակության կողմից սույն ոլորտի ֆինանսներն ու անցուդարձը վերահսկելի դարձնելու, տվյալ ժամանակի պաշտոնական քաղաքականությանը իրենց հավանությանն ու ծառայելու հաջորդությունը ցույց տալու համար։

Ես չեմ պնդի, որ այն, ինչ ներկայացված էր ճապոնացիների կողմից անառարկելի էր եւ հավասար ուժի, բայց երբ ձեր կողմից հնչեցվում են հարցադրումներ նյութի հանդեպ վերաբերմունքի տարբերության մասին, ստիպված եմ խնդիրը լայնացնել մինչեւ Հայաստանում արվեստի իրական բնույթին անհարիր` մշակութային եւ բարոյական մթնոլորտի մասին։

Թերեւս, ճապոնական արվեստի թվացյալ անհավակնոտությունն անհրաժեշտ ազդակ կհանդիսանա ինքներս մեզ ուշադիր վերանայելու համար․ չէ՞ որ միշտ էլ հնարավոր է, որ արվեստային ականջը խլանա այնքան, որ այլեւս լսելի չլինեն նուրբ ակնարկները, ինչի վրա էլ հենց հենվում է արվեստը։

-1970-ականներից հետո ճապոնական արվեստը, մասնավորապես` նկարչությունը հետաքրքիր վերելքի մեջ է։ Երիտասարդ սերունդը կարծես թե հաղթահարում է «հետպատերազմյան» մշակույթի սինդրոմը եւ ինտեգրվում «ժամանակակից արվեստին»։ Նման արմատական փոփոխություններ մեզ մոտ տեղի ունենու՞մ են։

-Ձեր հարցադրման մեջ «ժամանակակից» տերմինին կարծես թե տրվում է դրական եւ ըղձալի շեշտադրում, որին պետք է հասնել, ինտեգրվել, յուրացնել։ Անշուշտ, լեզուների յուրացման խնդիրը միշտ մնում է այժմեական, եւ ճապոնական թե՛ մինչպատերազմյան, թե՛ հետպատերազմյան, թե՛ այսօրվա սերունդը այս խնդրի առջեւ է կանգնած, բայց արվեստագետի իրագործումը երբեմն չի ենթարկվում ընդհանուր սերնդային վերելքներին։

Ճապոնացիներն ունեն եւ՛ հետպատերազմյան բավականին լուրջ արվեստ, եւ՛ այսօրվա, թեեւ վարպետորեն արված, բայց ասելիքի առումով խակ արվեստ։ Պարզապես 80 միլիոնանոց երկրի ստեղծագործական արգանդը բավականին խորունկ ու անսպասելի է։

-Ճապոնացի արվեստագետները ճանապարհ անցան Հայաստանի միջով՝ Երեւանից ուղեւորվելով Գյումրի (ցուցադրությունները տեղի են ունեցել Երեւանում եւ Գյումրիում)։ Ճանապարհները, սովորաբար, մեկնաբանությունների եւ ավելի ազատ զրույցների հնարավորություն են տալիս։ Ինչպե՞ս են ընկալում ճապոնացի արվեստագետները մեր տարածքը։

-Կարծում ես՝ դյուրի՞ն է մեկ շաբաթում կարծիք իմանալը․․․Անշուշտ, տպավորված էին բնությամբ, մարդով, ամենուրեք անկեղծ հյուրընկալությամբ, բայց երբեք բառեր չակնկալենք։

Ի տարբերություն մեզ, ճապոնացին սիրում է գործողությամբ խոսել։ Մեզ մնում է միայն նրբանալ, սովորել լսել լռությունը` դա նկատելու համար։

 

Լուսանկարները` Արա Հայթայանի անձնական արխիվից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter