HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ոսկեւանի համայնքապետը աճուրդ էր հայտարարել ու չէր ներկայացել

Տավուշի մարզով անցնող միջպետական ճանապարհից դեպի Ոսկեւան տանող ճանապարհը զարմանալիորեն բարեկարգ է, մի բան, որ բնորոշ չէ սահմանամերձ գյուղերին: Ոսկեւանը Հայաստանի պետական սահմանից հեռու է 1,5 կմ, իսկ մայրաքաղաքից` 180 կմ: Այս տարվա մայիսի սկզբին այստեղ շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզը, այժմ ընթացքի մեջ են գյուղի գազիֆիկացման եւ փողոցների արտաքին լուսավորության աշխատանքները:

Ոսկեւանցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է: Սակայն վերջին շրջանում հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ նվազել է: Նախ` լուծված չէ ոռոգման ջրի հարցը, երկրորդ` չկա իրացման շուկա: Ոսկեւանի համայնքապետի տեղակալ Հրաչյա Անտոնյանը նշում է, որ նախատեսվում է առաջիկայում գյուղին կից` միջպետական մայրուղու վրա շուկա բացել, որպեսզի գյուղացիները կարողանան իրացնել ստացված բերքը: Այստեղ հիմնականում ցորեն են ցանում, իսկ գյուղմթերքներ աճեցնում են տնամերձ հողատարածքներում:

Ի տարբերություն գյուղատնտեսական նշանակության հողերի, Հ. Անտոնյանի ասելով` ոսկեւանցիների շրջանում մեծ է հասարակական կառուցապատման հողերի պահանջարկը: Նախորդ տարում համայնքապետարանը հասարակական կառուցապատման 1 հողատարածք է օտարել` 81քմ մակերեսով: Չնայած աճուրդն իրականացվել է երեք մասնակցով, այնուամենայնիվ, հողի արժեքն առանձնապես չի մեծացել` մեկնարկային գնին ընդամենը 22,494 դրամ է ավելացել:

Ոսկեւան համայնքի ավագանին 2014թ. ապրիլի 15-ի նիստում որոշում էր ընդունել համայնքային սեփականության հասարակական կառուցապատման երկու լոտ հողատարածք վաճառելու մասին` 1 քմ-ի արժեքը սահմանելով 2000 դրամ: Նշված երկու լոտ հողերի աճուրդ-վաճառքը պետք է կայանար մայիսի 20-ին: Սակայն աճուրդը տեղի չունեցավ, որովհետեւ աճուրդավարը` համայնքապետ Սերյոժա Ալեքսանյանը, տեղում չէր: Համայնքապետարանում բացատրում են, որ համայնքապետը ստիպված էր այդ օրը բացակայել, որովհետեւ նրան շտապ գործով կանչել էին մայրաքաղաք:

Երկու լոտ հողատարածքներից յուրաքանչյուրի համար երկու հայտ էր ներկայացվել, սակայն նշանակված ժամին չէին ներկայացել նաեւ աճուրդի մասնակիցները: Հ. Անտոնյանը նշում է, որ իրենք մեկ շաբաթվա ընթացքում կրկին հայտարարություն են տալու այդ հողատարածքների աճուրդ-վաճառքի մասին: Այդ պահին աճուրդը չկայացած համարելու մասին արձանագրություն չկազմվեց: Համայնքապետի տեղակալ Հ. Անտոնյանը հավաստիացնում է, որ համապատասխան արձանագրությունը կազմվելու է, սակայն եթե անգամ այդ պահին արձանագրություն կազմեին, այն չէր կարող օրինական լինել, քանի որ կնիքը, ինչպես նաեւ փաստաթղթերի փաթեթը գտնվում էին համայնքապետի մոտ: Նկատենք, սակայն, որ աճուրդի մասնակիցների չներկայանալը նա համայնքապետի բացակայությամբ չպայմանավորեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter