HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 տարվա վաղեմության քրեական գործը կասեցումից հանվել է

Մի քանի օր առաջ զանգահարեց ազատամարտիկ, 14 տարի առաջ բանակում որդուն կորցրած Վարդան Հակոբյանը, ում ընտանիքի ողբերգությանը «Հետքն» անդրադարձել էր մի քանի ամիս առաջ:

«ՊՆ քննչականից մեզ գրություն են ուղարկել, էդ թղթի մեջ գրել են, որ կասեցումից հանել են գործը, իմ տղայի սպանության գործով նախաքննությունը վերսկսել են: «Հետքի»  հոդվածից մի 10 օր հետո էր»,-ասաց 2000 թ-ի սեպտեմբերի 25-ին որդուն՝ զինծառայող Արման Հակոբյանին կորցրած ազատամարտիկ Վարդան Հակոբյանը՝ ցանկություն հայտնելով հանդիպել ու փոխանցել նախաքննությունը վերսկսելու մասին ՊՆ քննչականից ուղարկված գրությունը:

Քրեական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ կետի համաձայն, քննիչը պարտավոր է գործով վարույթը վերսկսելու մասին հաղորդել մեղադրյալին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Այս դրույթի համաձայն, Վարդան Հակոբյանին ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ որդու մահվան գործով նախաքննությունը վերսկսվել է:

Վարդան Հակոբյանը միայն մտահոգ էր մի հարցում. «Ինձ չեն ասում, թե ինչ են անում, ո՞ւմ են հարցաքննում, ի՞նչ նյութեր են հավաքում: Մենք էլ փաստաբանի կարիք ունենք, բայց չենք կարող վճարովի փաստաբան ունենալ, ֆինանսական վիճակս չի ների: Փաստաբան ունանայինք, հիմա էսքան չէի նեղվի, ինքն իրավաբանորեն կբացատրեր, թե ինչ է կատարվում»,-ասում է Վարդան Հակոբյանը: Նա 14 տարի ցանկանում է իմանալ ճշմարտությունը, թե ինչ հանգամանքներում է մահացել իր 19 տարեկան որդին: Իսկ նախաքննության առաջ քաշած վարկածին՝ ինքնասպանությանը, Վարդանը չի հավատում:

Ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին. Արմանը ծեծված է եղել

ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել) նախ գործ է հարուցվել Զանգեզուրի կայազորի զինդատախազության կողմից, ապա ուղիղ մեկ տարի անց, 2001-ին, նախաքննությունը կասեցվել է հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու հիմքով: 2007 թ-ին այս գործը զինդատախազությունից փոխանցվել է ՀՀ Պ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժին: 2008-ին, Վարդան Հակոբյանի բազմաթիվ բողոքներից հետո, կասեցման որոշումը վերացվել է, կատարվել է լրացուցիչ նախաքննություն: Պարզվել է, որ դեպքից 1 օր առաջ Արմանին ծեծի են ենթարկել մի քանի շարքայիններ՝ զորամասից հափշտակված զենքի գործով Արմանին կասկածելով: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Արման Հակոբյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք կարող էին առաջանել բութ գործիքների հարվածներից: Դրանք հասցվել են մահվանից 12-24 ժամվա ընթացքում:

2008 թ.-ին որոշում է կայացվել նույն զորամասի 3 շարքայինների նկատմամբ հետախուզում հայտարարելու և ՔՕ 359 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սակայն հայտնաբերվել է զինվորներից մեկը, ով նշել է, որ դեպքի հետ կապված մանրամասներ աղոտ է հիշում (անցել էր 8 տարի): Մեղադրյալ նախկին շարքայինը միջնորդել է իր դեմ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ: Գործն այս մասով կարճվել է: Իսկ մեկ տարի անց, 2009 թ-ին գործով վարույթը դարձյալ կասեցվել է նույն հիմքով, ինչ առաջին անգամ՝ հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու հիմքով:

Սակայն Վարդան Հակոբյանը նորից չի հանգստացել, շարունակել է դիմումներ, բողոքներ գրել տարբեր ատյաններ, որպեսզի նախքաննությունը վերսկսվի, քանի որ վստահ է, որ որդուն սպանել են դիտավորյալ ու թաքցրել հետքերը: Որդեկորույս հայրը այս համոզմանն է եկել գործով փաստերը համադրելով:

Ինչպե՞ս կարող է մարդ կրակել ինքն իր գլխին, հետո մաքրել մատնահետքերը

«Ամենակարևորը՝ զենքի վրա, որից կրակել են Արմանի ճակատին, մատնահետքեր չեն եղել: Ինչպե՞ս կարող է մարդ կրակել ինքն իր գլխին, հետո մաքրել մատնահետքերը»,-արդեն 14 տարի Վարդան Հակոբյանը չի կարողանում գտնել այս ու շատ հարցերի պատասխաններ:

Ժամապահ Արման Հակոբյանի հագին տարբեր զինծառայողների շորեր են եղել՝ գլխարկ, բաճկոն, սպորտային կոշիկ. մի ոտքին է միայն սպորտային կոշիկ ու գուլպա եղել, այն էլ՝ ուրիշինը, մյուս ոտքին ոչինչ չի եղել: Կոշիկի լեզվակի վրա թանաքով գրված է եղել «Արմեն ԺՕԳ», բաճկոնի վրա գրված է եղել «Պետրոսյան Է.Ռ.», գլխարկի վրա գրված է եղել «Вачо ДШБ 2000»: Նախաքննական մարմինը չի պատասխանել հարցին, թե որտեղ են եղել Արման Հակոբյանին պատկանող զինվորական շորերը, կոշիկները, գլխարկը, ինչու է նրա հագին եղել այլ անձանց պատկանող հագուստ, ո՞վ է Արմեն ԺՕԳ-ը, ո՞վ է Պետրոսյան Է.Ռ-ն, ո՞վ է Вачо ДШБ-ն:

Բացի այդ, զենքը, որից կրակ է արձակվել ամրակցված չի եղել Արման Հակոբյանին, ավելին՝ քրեական գործի որոշումներից պարզ չի դարձել, թե ում ամրակցված զենքից է կրակ արձակվել Արմանի ճակատին:

Սերժ Սարգսյանը դեռ որպես պաշտպանության նախարար է իմացել այս ողբերգության մասին

«Առաջին քննիչ Ռոբերտ Խաչատրյանն ամեն բան գրել էր, ես էլ բոլորին անուններով գիտեմ, աֆիցերներ էլ կան այս գործի մեջ: Փողերը կերան, ամեն ինչ ձևափոխեցին: Երկրի նախագահին դեռ Պաշտպանության նախարար եղած ժամանակ եմ հայտնել դեպքի մասին: «Ար» հեռուստաընկերությամբ հեռախոսազանգով իմ հարցը տվեցի, եթերից վարողը կարդաց, իսկ էն ժամանակ նախարար Սերժ Սարգսյանը վերցրեց էդ թուղթը, դրեց գրպանը, բայց էլի ոչ մի փոփոխություն չեղավ»,-ասաց Վարդան Հակոբյանը:

Նա պատմեց, որ տղայի հետ ծառայող զինվորներից մեկն իր քեռու հետ դեպքից մի քանի տարի հետո եկել է իրենց տուն ու զինվորն ասել է՝ գումար տվեք հասնեմ Ռուսաստան, որ ապահով լինեմ, ամեն ինչ կասեմ, թե ով է սպանել Արմանին:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 88 անձ, ցուցմունքներում եղել են էական հակասություններ, առերեսումներ չեն կատարվել, չեն ստուգվել դասակի, վաշտի, գումարտակի մատյանները: Հետո պարզվել է, որ հերթապահության մատյանները կեղծվել են, սակայն կեղծարարներին օրենքով սահմանված կարգով չեն պատժել:

«Սո՛ւս, շատ խորանաս, գործ կսարքենք գլխիդ»

«Ես խոսել եմ համարյա բոլոր հարցաքննվածների հետ: Վկաները մեկը մյուսի հետևից կորում էին, գնում էին երկրից: Ինձ էլ ասում են՝ սո՛ւս, շատ խորանաս գործ կսարքենք գլխիդ, վկաների առևանգման հոդված կդնենք: Բա՛, էրեխուս սպանել են, ո՞նց չբողոքեմ: Սա վանդալիզմ է, խմբով են ծեծել ու սպանել տղայիս, բայց ոչ մեկը չպատժվեց: Բանակում ծառայող էրեխեքի վրա խոպան են բացել: Ես էլ մտածում եմ, որ փողը կերել են ու բաց են թողել մեղավորներին: Անողը էլի կանի նույն բանը, որովհետև մի անգամ անպատիժ է մնացել: Հիմա մեկին թարս նայեմ, կտանեն 5 տարի կփակեն: Բա՛, զինվո՛ր է սպանվել. չբացահայտվի՞ ճշմարտությունը: Բայց էն, որ հիմա 14 տարի անց նորից գործը կասեցումից հանեցին, մի քիչ հույս է տալիս, որ ճիշտը կիմանամ, թե ով ու ինչու սպանեց տղայիս»,-ասաց Վարդան Հակոբյանը:  

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Հարգելի Վարդան Հակոբյան, քրեական գործը կասեցումից հանվել է այն պատճառով, որ Սերժի նմանները մեծ հույս ունեն մարտի մեկի սպանությունները չբացահայտելու փորձված փորձով կրկին նման գործերը կասեցնեն: Լավ կլինի մենք բոլորս ևս տասնյակ տարիներ չսպասենք, այլ միավորվելով և մեր որդիների սպանության գործերում առկա պաշտոնոկան կեղծիքներն ու կոծկումները իրականացրած համակարգին իր սերժ Սարգսյանով դատի տանք: Ճիշտ եք ասում` ,,Փողերը կերան, ամեն ինչ ձևափոխեցին,,: Անձամբ ես համոզված եմ, բարձրաստիճան սպաների մի խումբ, մեր թշնամու պատվերով իրագործած սպանություններով նույնպես փող են կուտակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter